Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար. Աշոտյան

Ապրիլ 15,2024 16:19

Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա»

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն:

Այո՛, Նիկոլն Արցախի ֆիզիկական հայաթափումից հետո անցել է «Операция ЬI и другие приключения Воваича» տրագեդիայի նոր արարին՝ հայաթափել Հայաստանը: Այս փուլում Հայաստանի հայաթափումը նա իրականացնում է բովանդակային առումով՝ հարձակվելով մեր հավատքի, պատմության, ինքնության, բարոյագիտության վրա:

Գալով իշխանության՝ որպես դասական պոպուլիստ, կամ իր բառապաշարով ասած՝ տիպային կիստա, նա կանխատեսելի կերպով անցնում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ ճանապարհը, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տրանսֆորմացիա է կոչում, իսկ իրականում դա նախ՝ իր անձի, հետո՝ իր շրջապատի, իսկ վերջնարդյունքում՝ ողջ հասարակության դեֆորմացիա է:

Ինչպես ամեն մի պոպուլիստ, որ դիկտատոր դառնալու ճանապարհն է բռնել, Նիկոլը փորձում է մտնել նոր դերի, նոր ամպլուայի մեջ՝ ազգի ինտելեկտուալ առաջնորդի, «խորքային մտածողի», նոր գաղափարախոսի դիմակը հագնելով: Այդպիսին էին Հիտլերը և Ստալինը, Թուրքմենբաշին և Ալիևները, աֆրիկյան բռնապետները և Սադամն ու Քադաֆին:

Սակայն, ի տարբերություն շատ ու շատ չհիշատակված բռնապետների՝ նա չունի ո՛չ էլեմենտար մտավոր կամ կամային, կամ պատմական հիմքեր «отец армянской демократии» ներկայանալու համար: Վերջիվերջո, գաղափարախոսությունները, ինչպես որ պատմությունը, սիրում են հաղթողներին, իսկ Փաշինյանը լուզեր է՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ համաշխարհային արդի պատմության տեսանկյունից:

«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար: Որպեսզի ավելի ցայտուն լինի նիկոլական այս «մեթոդաբանության» ողջ զավեշտը, բերեմ հետևյալ օրինակը: Հայտնի է, որ մարդու քրոմոսոմային բանաձևը կամ XY կամ XX է՝ կախված սեռից, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրոմոսոմների կեսը ստանում է հորից, մյուս կեսը՝ մորից: Հիմա պատկերացրե՛ք, որ հայտնի որևէ կենսաբան ասի, թե X-ը հակադրվում է Y-ին, որ X-ը Y-ից կարևոր է, որ Y-ը վտանգավոր է X-ի համար, և այլ նմանատիպ ցնդաբանություններ:

Նույնը մեր դեպքում է. լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին կազմում են մի ամբողջություն: Ինչպես մարդը չի կարող կենսունակ լինել և մարդ կոչվել միայն X կամ Y  քրոմոսոմով, այդպես էլ չի կարող պետությունը կամ հայրենիքը որոշվել և ապրել՝ միայն «իրական» կամ միայն «պատմական» դիրքավորվելով:

Փաշինյանի բացահայտ և անորակ կռուտիտների տիրույթում հայտնվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Նրա հնարամիտ երևակայությունը հերիքեց միայն երկնելու «բա եթե նրանք քաղբանտարկյալ են, ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները նստած չեն» ոճի անհեթեթություն: Այս կռուտիտի մերկացումը շատ պարզ է: Նախ՝ մարդկության պատմության մեջ և ոչ մի բռնապետ չի նստացրել իր ռեժիմի հետ բոլոր անհամաձայններին ու անհաշտներին: Ինչպես ռուսներն են ասում, всех не пересажаете.

Եվ երկրորդ, մարդկանց քաղաքական հայացքների համար նստացնելը կամ վերացնելը հետապնդում է նաև կոլեկտիվ էֆեկտ՝ վախի մթնոլորտ ստեղծելու ցանկություն: Այսպես, 10 միլիոնանոց Ադրբեջանում հաշվում են մոտ 250 քաղբանտարկյալ, նույնքան բնակչություն ունեցող Բելառուսում՝ մոտ հազար ու կես, իսկ 3 միլիոնանոց Հայաստանում՝ մի քանի տասնյակ:

Ուստի մեզ նստացնելու հետ կապված Նիկոլի հաշվարկները խառնելու համար մեկ բան կենսական է՝ չվախենալը…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

 ՀՀԿ փոխնախագահ

 «Նուբարաշեն» ՔԿՀ

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930