Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺ-ի հոդվածն ընդդիմախոսներին զուգարաններում սպանելու ու մուտքերում ծեծելու ակնկալիք ու նախազգուշացում էր. փաստաբան

Ապրիլ 17,2024 13:40

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանը տեղափոխվել է Շենգավիթի դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Ըստ նրա՝ Վարդանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի լրացմամբ բացվեց կալանքի միջնորդության դուռը, թեեւ իրենք դեռ տեղեկություն չունեն, որ հենց կալանքի միջնորդություն է ներկայացվելու, բայց որ միջնորդություն ներկայացվելու է, դա հաստատ է. «Կարող է տնային կալանքի, օրինակ` Վահան Քերոբյանի դեպքով հենց միանգամից տնային կալանք էր ներկայացվել կամ վարչական հսկողության միջնորդություն: Չենք ստացել միջնորդությունը, բայց քաղաքական բաղադրիչը հաշվի առնելով, հաշվի առնելով, որ ՔՊ-ն իր պաշտոնական էջով տարածեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որը հանձնարարություն էր իրավապահ մարմիններին, դրանով ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել այս գործընթացի համար: Մենք հասկանում ենք, որ բանտային կալանքի միջնորդության հավանականությունը շատ մեծ է»:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ հավելեց, որ ՔՊ-ական պատգամավորի ու Սամվել Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» հրապարակված հոդվածն իր վերնագրով ու մեկնաբանություններով քաղաքական ընդդիմախոսներին զուգարաններում սպանելու ու մուտքերում ծեծելու ակնկալիքներ ու նախազգուշացումներ էին, դա էլ է պետք արձանագրել:

Հիշեցնենք, որ այդ հոդվածում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը մասնավորապես ասել էր, թե խնդիրն այս պահին բացառապես իրավապահների տիրույթում է. «Հուսով եմ՝ պատշաճ գնահատական կտրվի, կոպիտ և կոշտ, որպեսզի հետագայում նման դեպքերը կանխենք, այլապես ձնագնդիի էֆեկտով շատանալու են, մեծանալու, ու այս մարդիկ հասկանալու են, որ անպատժելի են, կարող են խնդիրները այս մեթոդով կարգավորել: Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»:

Ռուբեն Մելիքյանը նաեւ հայտնեց, որ Վարդանյանի վերաբերյալ միջնորդության քննության օր ու ժամի մասին դեռեւս տեղեկություն չունեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930