Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ունի պետական սահման, բայց ընդդիմությունն առաջարկում է հրաժարվել այդ սահմանից, ինչն Ադրբեջանի խոսույթն է»․ Մարիա Կարապետյան

Ապրիլ 23,2024 15:36

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին։

«Հայտարարության նախագծով ընդդիմությունն ընդունում է, որ սահմանազատման իրավաքաղաքական հիմքը պետք է լինի կամ կարող է լինել ԱՊՀ անդամակցությունը։ Սա լավ է, սակայն բուն սահմանազատմանը վերաբերող պարբերության մեջ կա հետեւյալ նախադասությունը՝ «երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման իրավա-քաղաքական առաջնային հիմք հանդիսացող ԱՊՀ անդամակցությունը հաշվի առնելով՝ որպես երկու երկրների սահմանազատման ելակետ պետք է դիտարկել Ադրբեջանական հանրապետության ԱՊՀ պաշտոնական անդամակցության պահին փաստացի գործող սահմանները»։ Ահա այս նախադասության պատճառով ես առաջարկում եմ, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն տա հայտարարության նախագիծը լիագումար նիստ տանելու առաջարկին։ ՀՀ-ն ունի պետական սահման, այս նախադասությունն, ըստ էության, առաջարկում է հրաժարվել այդ սահմանից եւ որպես ելման կետ ընդունել 1993 թվականի շփման գիծը կամ այսպես կոչված փաստացի գործող սահմանը, ինչն Ադրբեջանի խոսույթն է։ Սա բացարձակապես անընդունելի է եւ ՀՀ համար հղի, իրավական, քաղաքական, դիվանագիտական ու ռազմական ռիսկերով»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը։

Ըստ նրա՝ եթե Հայաստանը սկսի պաշտպանել 1993 թվականի շփման գիծը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայաստանի այն տարածքներից, որոնք 1993 թվականից առ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո։

Նա նշեց, որ խոսքն Արծվաշենի եւ ՀՀ գյուղերի կենսական նշանակության հողատարածքների մասին է։ «Եթե ոչ, ապա ինչպե՞ս Հայաստանը պետք է միաժամանակ պաշտպանի թե 1991 թվականի պետական սահմանը, թե 1993 թվականի շփման գիծը։ Հայտարարության հեղինակներին երեւի թե թվացել է, որ Ադրբեջանի կողմից ԱՊՀ անդամ դառնալու պահին շփման գիծը որպես սահմանազատման հիմք հայտարարելը շահեկան կարող է լինել Հայաստանի համար։ Սակայն հարց է առաջանում, թե որտեղի՞ց այն համոզմունքը, որ 1993 թվականի ԱՊՀ անդամ դառնալը չեղարկում է այդ կազմակերպության հիմնադրման փաստաթղթերում ամրագրված ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանները պետական սահմանների վերածվելու եւ դրանց անխախտելիության մասին դրույթը»,- նշեց Մարիա Կարապետյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հաջորդ պատվերը ձևակերպված է նույնպես.
    ‘Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին՝ հանուն պայծառ ապագայի’
    Գուշակեք ում խոսքն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930