«Այսօր արդեն 20-րդ անգամ մեկնարկում է Խաչատրյանական մրցույթը »,-նշեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած ասուլիսում: Նա տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվում է հունիսի 6-ին, սակայն տոնակատարությանը պատրաստվում են ամբողջ տարվա ընթացքում:
Մարտին Թովմասյանը ողջունեց ժյուրիի անդամներին, տեղեկացրեց, որ մրցույթն ունի 20 երիտասարդ մասնակիցներ՝ աշխարհի 13 երկրներից: Նա նշեց, որ այսօր հանդիսավոր կերպով Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման գալա համերգը, առաջիկա օրերին՝ մրցույթի փուլերը, իսկ հունիսի 13-ին մրցանակաբաշխությամբ կամփոփվի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը շնորհավորեց բոլորին Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առիթով: Նա ասաց, որ մրցանակաբաշխությունը տարեցտարի ավելի որակով է դառնում, մասնակիցների թիվը ամեն տարի ավելանում է, հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ՝ աճում. «Մենք պարզել ենք, որ այսօր աշխարհում ավելի քան 8000 երաժիշտ կատարում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Դա մեծ հաջողություն է, եթե չլիներ Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտությունը, ոչ մեկը չէր կատարի եւ չէր հնչեցնի այդ ֆանտաստիկ երաժշտությունը»:
Արմեն Սմբատյանի ձեւակերպմամբ, այս հարցում մրցույթը շատ մեծ դեր է կատարում, որովհետեւ մրցույթի երրորդ փուլում մասնակիցները պետք է պարտադիր կատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կամ Թավջութակի կոնցերտը: Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանին եւ առանձին անհատների ու կազմակերպությունների՝ մրցույթին աջակցելու համար:
Կարդացեք նաև
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Զոհրաբ Թադեւոսյանը նշեց, որ մասնակիցները տարբեր երկրներից են եւ ոչ բոլորը գիտեն հայերեն, ապա հումորով հավելեց, որ հավանաբար մրցույթից հետո արդեն կսովորեն խոսել հայերեն: «Ես կարծում եմ, որ երաժիշտներն արդեն իսկ հաղթել են առաջին մրցանակը, քանի որ ինձ համար ամենակարեւոր պահն այն է, երբ մարդ պատրաստվում է մրցույթին: Դա արդեն իսկ հաղթանակ է: Ես ցանկանում եմ, որ երաժիշտները չմրցեն իրար հետ, այլ ելույթ ունենան: Մի՛ նվագեք այնպես, ասես վերջին անգամ եք նվագում, լավագույնը դեռ առջեւում է»,-ասաց Խաչատրյանական մրցույթի ժյուրիի նախագահը;
Հավելենք, որ այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտորի 121-ամյակը։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթն անցկացվում է ջութակ մասնագիտական կարգում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































