Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան էլ ավերածությունների պատճառը Դեբեդն է, այս ամենը տարիներով մեր վատ արած աշխատանքի արդյունքն է. Գնել Սանոսյան

Հունիս 06,2024 18:07 Share

«Բոլոր ուղղություններով աշխատանքներն ակտիվ շարունակվում են: Երեկվանից բացել ենք Մ6 ճանապարհը տրանսպորտի երթեւեկության համար, նաեւ խնդրել ենք, որ վարորդները զգույշ գտնվեն՝ հաշվի առնելով, որ ճանապարհի որոշ հատվածներ վնասված են: Ամենակարեւոր բանը, որ երեկ տեղի ունեցավ, դա երկաթգծի Այրում կայարանի աշխատելն էր, որի արդյունքում այսօր արդեն ստացել ենք 22 վագոն բենզին եւ դիզվառելիք, վագոնները դատարկվել են եւ նորից վերադարձել են Վրաստան»,-Ալավերդու համայնքապետարանում կայացած ասուլիսում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարն ասաց, որ երկաթուղու մյուս հատվածներում եւս ակտիվ աշխատանքները շարունակվում են, Ալավերդու շատ հատվածներ տիղմից եւ ջրից մաքրված են, հսկայական փոփոխություն կա նաեւ Քարկոփ բնակավայրում, մասնակի վերականգնվել է ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, Քարկոփում տեղադրվել է նաեւ հետիոտնային անցում: Հետիոտնային կամուրջներն, ի դեպ, 4-ն են:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ «Թեեւ տարբեր գործընկեր երկրների հետ համագործակցում ենք ժամանակավոր կամուրջների համար, բայց այնուամենայնիվ, տեղական ուժերով փորձել ենք լուծումներ գտնել եւ առաջիկա օրերին որոշակի աշխատանքներից հետո կփորձենք Ախթալայի կամրջով թեկուզ միակողմանի երթեւեկություն ապահովել, ինչի արդյունքում շատ հարցեր կհեշտացվեն:

Մյուս ուղղություններով՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, աշխատանքները շարունակվում են, հիմնականում խոշոր վնասվածքներ չկան: Համայնքային եւ հանրապետական հանձնաժողովներն ակտիվ աշխատում են՝ վնասները գույքագրելու ուղղությամբ: Անընդհատ նոր գույքագրումներ ենք ունենում, նախկինում արված գույքագրումներն են վերլուծվում, որպեսզի հնարավոր լինի վնասի չափերը հաշվել, եւ դրանք փոխհատուցվեն վարկերի կամ զանազան աջակցությունների ու արտոնությունների տեսքով»:

Գնել Սանոսյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ նաեւ աղետի գոտում հայտնվածների առողջական վիճակը գնահատելուն եւ դեղամիջոցներով ապահովելուն, սանիտարահամաճարակային իրավիճակը հսկելուն:

Նախարարը նշեց, որ Դեբեդ գետի մակարդակն էականորեն նվազել է, բազմաթիվ հնարավորություններ են բացվել առկա խնդիրները շտկելու ուղղությամբ:

«Ինչքան էլ ավերածությունների պատճառը Դեբեդն է, այս ամենը տարիներով մեր վատ արած աշխատանքի արդյունք է: Միգուցե օրենսդրական փոփոխությունների եւ ավելի մեծ ֆինանսական հատկացումների կարիք կա, որպեսզի կարողանանք գետերի հուներում աշխատանքներ իրականացնենք, հուները մաքրենք, բացի նրանից, որ քարեր ու աղբ կա կուտակված այնտեղ, նաեւ մեծ քանակությամբ ծառային զանգված կա: Կամուրջներ ունենք, որոնցից որոշների փլուզման պատճառ են հանդիսացել հենց ծառային կուտակումները: Այժմ յուրաքանչյուր գերատեսչություն որոշակի աշխատանք է իրականացնում՝ կանխելու ապագայում նման աղետները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930