33 տարի առաջ՝ 1991թ․ հոկտեմբերի 5-ին, Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում (ՀՊԹ), կայացել էր «Մովսես Խորենացին և հայ հնագիտությունը» խորագիրը կրող գիտաժողով ու ցուցահանդես՝ նվիրված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մատյանի 1500 ամյակին։ Այդ ընթացքում նկարահանվել է նաև «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը վավերագրական ֆիլմը»։
Հունիսի 6-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ նշված ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր ինստիտուտի Վաղ հնագիտության բաժինը։
Ներկա էին ՀԱԻ աշխատակիցներ, հյուրեր։ Ֆիլմի համահեղինակ, հնագետ, պ․ գ․ թ․, ՀԱԻ ավագ գիտաշխատող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սիմոն Հմայակյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման մասին՝ տեղեկացնելով՝ աշխատել է Լյուդվիգ Խաչատրյանի հետ՝ Ա․ Ի․ Շահնազարյանի խորհրդատվությամբ։
Նկարահանումները հովանավորել է Աշտարակի փոքր ձեռնարկությունների «Կամար» միավորումը։ Մոտ 1 ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմում ներկայացված է հիշյալ ցուցահանդեսի ու գիտաժողովի մասին։
Կարդացեք նաև
Խոսում են ՀՊԹ տնօրենը, ժամանակին հայտնի գիտնականներ, դասախոսներ՝ Գագիկ Սարգսյանը, Գևորգ Տիրացյանը, Լևոն Շահինյանը, հայ և օտարերկրացի այլ հայագետներ; Այնուհետև ներկայացված է Մովսես խորենացու Մատյանը, հայ ժողովրդի պատմությունը հնագույն շրջանից մինչև 5-րդ դար։ Ցուցադրության վերջում եղավ քննարկում։
Ներկաները շնորհակալություն հայտնեցին Ս․ Հմայակյանին՝ կարևոր ու մնայուն ֆիլմ ստեղծելու համար։ Եղան նաև առաջարկներ՝ ֆիլմը ներկայացվի լայն հանրությանը։
Զոհրաբ Ըռքոյան



















































