«Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարություն արեց Ազգային Ժողովում, որը չգիտես ինչու վրիպեց լրագրողական, քաղաքական, փորձագիտական շրջանակների աչքից: Իր վերջին ելույթում՝ ԱԺ-ում, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք տվեց: Ես վստահ եմ, որ նրա՝ ինքն իր դեմ տված ցուցմունքը դրվելու է այս իշխանության Նյուրնբերգյան դատավարության հիմքում»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բառացի հայտարարեց, որ 44-օրյա պատերազմը եղել է նախապես գծագրված սցենարով, եւ այդ սցենարը չի գրվել Հայաստանում: Հիմա ես ուզում եմ հետահայաց հիշեցնել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը՝ 2020թ ԱԺ-ում, որտեղ դահլիճում նստած էի նաեւ ես, Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությունը, որը մեզ համար այն ժամանակ հասկանալի չէր: Բայց երբ հիմա համադրում ենք Նիկոլի արած հայտարարությունը՝ մի քանի օր առաջ արած հայտարարության հետ, որ 44-օրյա պատերազմը եղել է նախապես գծագրված սցենարով եւ հիշում ենք պատերազմի օրը ժամեր անց ԱԺ-ում նրա արած այն հայտարարությունը, թե եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարելու, դա նշանակում է ,Նիկոլ, որ այդ սցենարը գրվել է Թուրքիայում եւ Ադրբեջանում, ու դու այդ սցենարից տեղյակ ես եղել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ ուզում հիշեցնել Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Ալիեւն ասել է՝ պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի դիմաց, Սերժը պատասխանել է՝ ես 6 մլրդ կտամ, միայն թե Ալիեւը հրաժարվի Արցախից… Ես չեմ ուզում մեկնաբանել այդ օդից կախված լուրերը եւ գուցե ինչ-ինչ առնչությունները, բայց փաստում եմ, որ Նիկոլը ԱԺ-ում օրեր առաջ տվեց ինքնախոստովանական ցուցմունք՝ ասելով, որ 44-օրյա պատերազմը նախապես գծագրված սցենարով էր… Նա 3 օր առաջ ԱԺ-ում տվեց իր առաջին, ամենակարեւոր եւ ամենաառանցքային ինքնախոստովանական ցուցմունքներից մեկը»,-հավելեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ամոթով է հետեւում միլիոնավոր դիտումներ եւ հետեւորդներ ունեցող ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին, որտեղ լուսանկարներ են հրապարակված Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից. «Ես ամոթով եմ հետեւում հեգնանքին, երբ Նիկոլ Փաշինյանը իր հերթական հեծանիվ փարթին է անում Մոսկվա գետի ափին: Մարդը հեծանիվ է քշում եւ նրա հետեւից գնում են թիկնապահների մի քանի մեքենաներ, դա բավական չէ, մի հատ էլ՝ շտապ օգնության ռեանիմոբիլ է հետեւից գնում, վերակենդանացման մեքենա, որ հանկարծ Նիկոլը հեծանիվից ընկնի, տեղում վերակենդանացնեն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































