«Խորհուրդ եմ տալիս Գուգլի միջոցով հարցնել, թե ԵՄ տարածք տարեկան ինչքան կոկաին է մտնում։ Օրինակ՝ Անտվերպենի նավահանգստով ինչքան թմրանյութեր են մտնում ամսական։ Իրենց մաքսային մարմիններն ի՞նչ գործողություններ են մշակում, Իտալիայի նավահանգիստներից ինչքան թմրանյութեր են մտնում ԵՄ տարածք»,- ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նրանց այսպիսի խորհուրդ տվեց, երբ նրանք հարցրին, թե ինչպես Միհրան Պողոսյանն է ասում՝ ինչպե՞ս մաքսային կետում մեկ տոննա կոկաինը չէր հայտնաբերվել, որը ըստ ԱԱԾ-ի՝ նրա ներմուծած բանանների արկղերից էր գտնվել և միայն 15 օր անց հայտնաբերվեց։
Ռուստամ Բադասյանն ընդունեց, որ դեռ աշխատելու տեղ ունեն։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Միհրան Պողոսյանի ներկրած բանանի արկղերից գտնված մեկ տոննա կոկաինի ոչնչացման մասին տեղեկություն ունի՞, Միհրան Պողոսյանը պնդում է, որ 730 կգ-ն է ձևակերպվել ու հարցին՝ ո՞ւր մնաց 270 կգ կոկաինը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Մեզ մոտ գրանցվում է բեռնատարի քաշը․ չգիտեմ՝ որքան է եղել, ով է կշռել։ Միստիկ ձևակերպումները, որ այսքան, այնքան պակասել է, նման բան հնարավոր չէ պրակտիկայում։ Ոչնչացման հետ կապված՝ դա քրեական դատավարության կարգով է»։
Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ՊԵԿ-ը շռնդալից հայտարարություններ էր տարածում թալանչիներից ձեռք բերվածը պետբյուջե վերադարձնելու մասին և նկատեցին՝ վերջին շրջանում նման հաղորդագրություններ չկան, Ռուստամ Բադասյանը հակադարձեց, թե բազմաթիվ բացահայտումներ են արել։ Հարցին՝ վերջին միլիարդների բացահայտումը ե՞րբ են արել, նաև նկատեցին՝ Գագիկ Խաչատրյանի մասին է շատ խոսվում, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Գագիկ Խաչատրյանի՝ միլիարդների բացահայտումների մասին հարցը դատախազության տիրույթում է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Խաչատրյանի VIP սենյակը, որ կար ՊԵԿ-ում, հիմա գոյություն ունի՞, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «ՊԵԿ նախագահը հանգստի սենյակ ունի, շատ անհարմար կաբինետ է՝ ոչ լուսավոր, շատ դեպրեսիվ։ Ցանկանում եմ փոփոխել»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Ձեզ բավարարո՞ւմ են թալանվածը հետ բերելու տեմպերը, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Կարելի էր ավելի արդյունավետ աշխատել»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞վ է թերացել։ Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ բոլորը։
Հարցին՝ դու բացառո՞ւմ եք, որ այս իշխանության ներկայացրած ապօրինի ծագման հայցերը՝ որպես մահակ օգտագործվեն քաղաքական ընդդիմության առաջնորդների դեմ, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ բացառում եմ․ «Վեց տարվա ընթացքում որևէ դեպքի ականատես չեմ եղել»։
Հարցին՝ Դուք, որ ունեք դիպլոմ, պրոֆեսիոնալ եք, Ձեզ ո՞նց կզգաք, որ իրավաբանության հետ կապ չունեցող Արփի Դավոյանը դառնա արդարադատության նախարար, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Արփի Դավոյանը և մեր բոլոր թիմակիցները մեր թիմակիցներն են, ներկայացնում են ՔՊ կուսակցությունը։ Չեմ կարծում, որ առհասարակ պետք է նման ենթատեքստով քննարկել որևէ թեկնածություն։ Ամեն թիմակից իր գործն է անում։ Երբ որոշումը կլինի, մեկնաբանություններ կլինեն։ Դիպլոմն ի՞նչ կապ ունի․ ժամանակակից աշխարհում դիպլոմը սկսում է այդքան կապ չունենալ, որքան մարդու մասնագիտական ունակությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































