«Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից 1918թ, մեկ գլխավոր նպատակի համար՝ շարունակել եւ ավարտել հայերի հանդեպ ցեղասպանությունն այն տարածքներում, որոնք երբեւէ չեն պատկանել Օսմանյան Թուրքիային: Եթե մենք այս պարզ ճշմարտությունն ընկալենք որպես պատմական փաստ, այլ ոչ թե որպես հնարածին մի բան, այդ ժամանակ պետք է հստակեցնենք՝ Ադրբեջանը ոչ 1918-1920թ, ոչ սովետական ժամանակներում, ոչ էլ 1988թ-ից հետո չի հրաժարվել իր գլխավոր նպատակից եւ խնդրից»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, հայերի հանդեպ Ադրբեջանի կողմից մշտապես ամենատարբեր ձեւերով իրականացվել են ցեղասպանական քաղաքականությանը հատուկ գործողություններ, եւ հաշվարկներով կարելի է պարզել, թե այսօր քանի միլիոն հայ կապրեր Ադրբեջանում, եթե նրանց բռնի ձեւով դուրս չմղեին Սովետական Ադրբեջանի տարածքից:
Իրավապաշտպանը հավելում է, որ հաճախ Հայաստանը չգործած մեղքերի համար փորձում է արդարանալ, եւ սա այն դեպքում, երբ որեւէ ադրբեջանցու վնաս չի հասցվել, զարմանալիորեն նրանք հեռացել են մեր երկրից մինչեւ 1988թ երկրաշարժը. «1988-ին Սովետական Հայաստանում ապրում էր 164000 ադրբեջանցի, որոնցից 6000-ը՝ Երեւանում: Մինչեւ երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ը, որքան ուզում եք, զարմացեք, բոլոր ադրբեջանցիները լքել են Հայաստանը»:
Լարիսա Ալավերդյանն ընդգծում է, որ երբ երկրաշարժից երկու ամիս անց ուսումնասիրում էին վիճակագրությունը՝ պարզել են, որ Հայաստանում մնացել են շուրջ 6000 ադրբեջանցիներ, անգամ պահպանված նամակներ կան, թե ինչ շնորհակալական խոսքեր են հղել նրանք հայերին:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սովետական Ադրբեջանում ապրող հայերին, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքով, նրանց ծեծելով ու խոշտանգելով վռնդել են այնտեղից. «Այդ գործողություններն իրականացվել են հայերի դեմ 1988թ փետրվարից՝ մինչեւ ադրբեջանցիների դուրս գալը, այսինքն` մինչև դեկտեմբերի 7-ի երկրաշարժը: Այնուհետեւ ցեղասպանական գործողությունները շարունակվել են մինչեւ վերջին հայի դուրս մղելը»:
Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ անգամ ադրբեջանցիների հետ ամուսնացած պատկառելի հայուհիներին են ծեծված, ոսկե ատամները հանած դուրս վռնդել այդ երկրից. «Ադրբեջանի ղեկավարությունը տեղ չունի խոսելու այն առումով, որ իբր այստեղից ադրբեջանցիներին դուրս են մղել, եւ նրանց իրավունքները պետք է վերականգնվեն: Ադրբեջանցիների 90 տոկոսը նախօրոք փոխանակել կամ վաճառել են իրենց բնակարանները, հիմա այդ ո՞ւր են ուզում են վերադառնալ, այդ ի՞նչ առեւտուր է՝ ծեծով հանել հայերին, վաճառել իրենց բնակարանները եւ պահանջնե՞ր դնել վերադառնալու մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































