«Ցեղասպանությունը մի սոցիալական երևույթ է, որը շարունակում է գոյություն ունենալ: Անհնար է այդ երևույթը վերացնել՝ օգտագործելով զուտ իրավական գործիքակազմ։ Եթե կա կայուն խաղաղություն, շատ բարդ կլինի, գրեթե անհնար կլինի հրահրել ցեղասպանություն։ Եթե ունես ժողովրդավար խաղաղություն, տեսականորեն անհնար է կազմակերպել ցեղասպանություն»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա փաստեց՝ ՀՀ պետականության հիմնումից հետո միջազգային համայնքները գոնե խոսել են Հայոց ցեղասպանության մասին, այժմ էլ շարունակում են խոսել․ «Պատկերացնո՞ւմ եք՝ որքան շատ են այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել ու մոռացության են մատնված։ Աշխարհի զանազան անկյուններում տեղի ունեցող իրադարձությունների մասին ոչ ոք չի խոսում։ Մենք պետք է մտածենք այս մասին»։
Անդրադառնալով իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր Էվելինա Օչաբի այն մտահոգությանը՝ մինչև չլինի դատական ակտ, Միացյալ Թագավորությունում կառավարությունը չի ճանաչի ցեղասպանությունը, Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Ցավոք, երբ մենք ստանանք այդ վճիռը կամ որոշումը, բախտավոր կլինենք, քանի որ շատ հաճախ դատարանները պնդումները չեն ընդունում։
Ցավոք, շատ հաճախ, երբ խոսում ենք ցեղասպանության կանխարգելման մասին, սա հատուկ հանձնակատարի մասին չէ։ Ի դեպ նոր, նախկին հատուկ բանագնացներին եմ ուզում ասել՝ թոշակի անցնելուց հետո մի ասեք այդ հայտարարությունները, երբ գործող բանագնաց եք, այդ ժամանակ ասեք։ Հիշում եմ՝ երբ ԼՂ-ն շրջափակված էր էթնիկ հիմքով, ԵԽ-ում մի շատ լավ ընկեր ունեմ՝ Կիպրոսի ներկայացուցիչը, առաջին անգամ նա բարձրաձայնեց այս հարցը, ասաց, որ սա լինելու է բռնի տեղահանում, բայց ոչ մեկն ուշադրություն չդարձրեց, քանի որ չկար քաղաքական կոնսենսուս»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































