Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում էր «Global Medic»-ի երեք կամավորներից բաղկացած հերթական թիմը

Ապրիլ 04,2025 23:55 Share

Գրեթե 30-ամյա պատմություն ունի «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազ­մազավակ ընտանիքների հիմնադրամը» (ԳՄՔԲԸՀ), որն այդ ամբողջ ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել քաշաթաղցիներին։ Սակայն ԳՄՔԲԸՀ-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլ­տե­տի նախ­կին դեկան, 1992 – 1997 թթ Արցախի ՊԲ հրա­մանատարի՝ արտաքին կապերի գծով տեղա­կալ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ Արցախի տարբեր շրջաններում ու նրա  մայրաքաղաքում նույնպես տարբեր բարեգործական ծրա­գրեր են իրականացվել։

2020թ․ 44-օրյա պատերազմից հետո էլ Հիմնադրամի գործադիր տնօրենը, հոգաբարձուների խորհրդի անդամները հաճախ էին մեկնում Արցախ և նյու­թական աջակցություն ցուցաբերում հատկապես բազմազավակ ընտա­նիք­ներին, զոհվածների հարազատներին, իրականացնում բարեգործական այլևայլ ծրա­գրեր։

Սակայն 2023-ի սեպտեմբերից հայաթափվել է ողջ Արցախը։ Իրենց պատմական հայրենիքից, տունուտեղից զրկված արցախցիները բնակություն են հաստատել ՀՀ տարբեր մար­զերում ու Երևանում, և այսօր շատ բազմազավակ ու զոհվածների ընտանիքներ ունեն նյութական աջակցության խնդիր։

2024-ից Հիմնադրամը համագործակցում է կանադական «Global Medic» մար­­դա­սիրական կազմակերպության հետ։ Անցած տարվա ընթացքում «Global Medic»-ի կամավորները մի քանի անգամ եղան Երևանում և Գ․ Մելիքյանի հետ այցելեցին շահառու ընտանիքներին, տրամադրեցին միասնական աջակցություն։ Աշխարհի տարբեր երկրներում պատերազմներից, երկրաշարժներից, ջրհեղեղներից ու այլ  աղետներից տուժած կարիքավոր ընտանիքներին աջակցող «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը նույնպես այս տարվա սկզբին այցելեց Երևան, ծանոթացավ ԳՄՔԲԸՀ-ի կատարած աշխատանքներին, և համագործակցությունն առավել արդյունավետ դարձավ։

Օրերս Երևանում էր «Global Medic»-ի երեք կամավորներից բաղկացած հերթական թիմը՝  Լաուրա Գարիոքը, Ջորջ Ֆրանցիսկոսը և Ռոդրիգո Ֆուեն­տեսը։ Մարտի 29-ին ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրենը, հոգաբարձուների խորհրդի անդամները և «Global Medic»-ի կամավորները ԵՊՀ-ում ընդունեցին ավելի քան 20 շահառուների և ցուցաբերեցին աջակցություն՝ սննդի տեսքով։

Գ․ Մելիքյանի նախաձեռնությամբ շահառուներին հատկացվում եմ նաև հայկական արտադրության պահածոներ։ Սրանով աջակցություն է ցուցաբերվում նաև տեղական  արտադրողին։

Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, խորհրդի անդամներ՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը, Սուրեն Ստեփանյանը, Գուրգեն Վարդանյանը, բարերար Հրաչյա Դանիելյանը, «Global Medic»-ի կամավորներն ապրիլի 1-ին ուղևորվեցին Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջան, որտեղ Արցախից բռնագաղթված շատ ընտանիքներ են հաստատվել։

Այստեղ ԳՄՔԲԸՀ-ին անշահախնդիր աջակցում է տիկին Ռուզաննա Նահապետյանը՝ Արցախից բռնա­գաղթված կարիքավոր բազմազավակ ընտանիքների տվյալները տրամադրելով Հիմնադրամին, որի համար հոգաբարձության խորհուրդը իր խորին շնորհա­կալությունն է հայտնում նրան։ Այդ օրը Սևան քաղաքում, Զովաբեր, Լճա­շեն, Գեղամավան, Վարսեր գյուղերում աջակցություն ստացան 10-ից ավելի բազմազավակ և 7 զոհվածի ընտանիք։

Զրուցեցի շահառուների հետ` Ստեփանակերտից են, Վանքից, Հաթերքից, զոհվածների ընտանիքներ՝ նաև այլ վայրերից։ Հավատում են՝ կգա օրը, որ սննդի աջակցության կարիք չեն ունենա, իսկ այժմ շնորհա­կա­լություն են հայտնում։

Ապրիլի 3-ին աջակցություն ցուցաբերվեց ևս 3 ընտանիքի։ Այցելեցինք նախկինում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բնակված Արմեն և Արմինե Բադալյաններին։ 2020-ից տեղափոխվել և վարձով բնակվում են ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, ունեն 6 երեխա։ Ընտանիքի ծնողներն ունեն նաև առողջական խնդիրներ։ Վերջերս Բադալյանների ընտանիքին կով նվիրաբերեց մեր հիմնադրամի իրանցի լավագույն բարեկամը։

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյու­ղում է բնակվում Բերձորից տեղափոխված Քրիստինե Ամյանի 12 երեխաներով ընտանիքը, որին  հատկացվեց հասանելիք սնունդը (3 չափաբաժին)։ Հարկ ենք համարում նշել, որ 6 և ավելի երեխա ունեցող շահառուների ընտանիքներին տրամադրվում է կրկնակի չափաբաժին, իսկ 10 և ավելի երեխա ունեցող շահառուների ընտանիքներին՝ 3 չափաբաժին։

Արագածոտնի մարզի Օշականում է բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի նախկին համայնքապետ Անդրանիկ Շաուիշեանի ընտա­նիքը։ 6-րդ զավակը՝ դուստրը, ծնվել է Արցախի շրջափակման ժամանակ։ 2016 թ․ այս օրերին Անդրանիկի հետ քաշաթաղցի 10-ից ավելի կամավորներով առաջ­նա­գծում էինք՝ Մատաղիսում։ Ապրիլի 19-ին ծնվեց նրա Ավետիք որդին, որն այժմ սովորում է Օշականի դպրոցի երրորդ դասարանում։ «Global Medic»-ի ներկա­յացուցիչները ծանոթացան նաև այս ըն­տանիքի պատմությանը, ներկա խնդիրներին։

Մեր հյուրերին ուղեկցեցինք նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ուր նրանք խոնարհվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին։

 

 Զոհրաբ Ըռքոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930