Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն՝ առաջարկելով ավելացնել տուգանքն

Մայիս 05,2025 17:20 Share

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետեւանք կունանա ծխելն իրենց առողջության վրա: 2024 թվականի ընթացքում, սակայն, մի շարք տեղական արտադրողներ շարունակել են տարբեր պատճառաբանություններով չհամապատասխանեցնել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին եւ արտադրել ու շրջանառել են դրանք հին տեսքի տուփերով՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Վերոնշյալ խնդիրները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ու հավելել, որ թեպետ խնդրի լուծման համար ժամանակ է տրվել տնտեսավարողներին, սակայն խնդիրը շարունակում է չլուծվել: Ըստ նախարարի՝ սա անարդար մրցակցության գործելաոճ է, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ: Նոր կանոններով առաջնորդվող տնտեսավարողները ստիպված են լինում ավելացնել ծախսերը՝ բարձրացնելով նաեւ վաճառքի գինը: Նման իրավիճակն անարդար մրցակցային պայմաններ է ստեղծել:

Գեւորգ Պապոյանի խոսքով տվյալ իրավախախտման համար 400.000 դրամ գործող տուգանքի չափն էական, ֆինանսական բեռ չէ տնտեսավարողների համար եւ նպաստում է անօրինական գործելակերպի շարունակությանը: Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու եւ խնդրին իրավաչափ լուծում տալու նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն՝ առաջարկելով ավելացնել տուգանքն իրավախախտման նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի գնահատմամբ եւս սա շուկայում անհավասար մրցակցային իրավիճակ է ստեղծել: Պատգամավորն առաջարկել է օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, քանի որ շուկայում գործող օրինապահ ընկերությունների ցանկությունն է՝ օր առաջ ընդունել այս կարգավորումը: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հստակեցրել է՝ այդ պատասխանատվությունը վերաբերելու է 2024 թվականի հունվարի մեկից հետո արտադրված եւ ներմուծված ծխախոտային արտադրանքին: «Այնպես չլինի, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, տեսչական մարմինները գնան ու բոլորին նույն հարթության վրա դիտարկեն»,- նշել է պատգամավորն ու խոսել ծխախոտի արտադրման ժամկետը հստակեցնելու հնարավորության մասին: QR կոդերը, ըստ նրա, արտադրման եւ ներմուծման ժամկետը ստուգելու տեխնիկական հնարավորություն են տալիս:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը հստակեցրել է, որ արտահանման մասով պահանջ չկա, կանոններին չհետեւելու հիմնական պատասխանատուն արտադրողն է լինելու եւ վստահեցրել՝ տնտեսական կարճաժամկետ շահը փոխարինվում է երկարաժամկետ շահով:

Քննարկումների արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031