ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը կուսակցության գրասենյակում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով կազմակերպված բանախոսության ժամանակ անդրադարձավ նաեւ Երրորդ Հանրապետության ստեղծման անհավատալի բարդ պատմությանը:
«Մարդկությունը, քաղաքակրթությունը չունի ավելի բարձր արժեք, քան պետականությունն է: Աշխարհում գոյություն ունի մոտավորապես 4000 էթնիկ խումբ՝ ազգ, ազգություններ, կոմպակտ համայնքներ, որոնք միշտ ձգտել են անկախության: Անկախությունն այն միջավայրն է, որտեղ մարդն ազատ է: Եվ այդ 4000 խմբերից ՄԱԿ-ում 200-ին է բախտ վիճակվել դրոշ բարձրացնել եւ ունենալ անկախ պետություն: 20-ից՝ 1-ին: Մենք այդ բախտավորներից մեկն ենք: Այդ բախտավորությունը կազմված է խելքից, մի քիչ կա նախախնամություն, մի քիչ՝ ժամանակի ճշգրիտ զգացողություն»,-ասաց Արամ Մանուկյանը եւ «ոչնչություն» անվանեց նրանց, ովքեր ասում են, իբր անկախությունը Հայաստանի գլխին ընկել է, անկախությունը Հայաստանին նվեր է տրվել:
Նա հիմնավոր փաստերով ու փաստարկներով ապացուցեց, որ Հայաստանի անկախության գործընթացը փաստաթղթավորված սկսվել է դեռեւս Խորհրդային Միության վերանալուց երկու տարի առաջ եւ դրանից առաջ ու հետո մեր գլխին լիքը դժբախտություններ են հասել: «Դժվարությունները հաղթահարելով է, որ մենք կարողացանք Անկախության գործընթացը ապահովել»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը հատուկ անդրադարձ կատարեց Անկախության Հռչակագրին, որի բովանդակությունը անխոցելի է ու հարյուրամյակների համար է:
Կարդացեք նաև
Խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարումից հետո երկիրը ղեկավարած գործիչների օրոք մեր ունեցած կորուստների, ինչպես նաեւ հատկապես 2018 թվականից սկսված կորուստների նոր փուլի մասին, Արամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությունը որակեց անսկզբունք, ներքին ու արտաքին վայրիվերումների քաղաքականություն: «Այսօրվա իշխանությունները որեւէ սկզբունք չեն որդեգրել: Սա հակահայ քաղաքականություն է. կործանարար պատերազմ, որը կարող էր չլինել, ինչը խոստովանել են իրենք, որի արդյունքում 5000 զոհ, 11000 վիրավոր ունեցանք, Արցախի կորուստ եւ հայաթափում, տեղահանություն, 300 քկմ Հայաստանի սուվերեն տարածքից կորուստ, ռազմական գործընկերների կորուստ: Հայաստանն այսօր մենակ է ամբողջ աշխարհում եւ չունի որեւէ ռազմավարական գործընկեր: Առաջ դա Իրանն էր, Ռուսաստանն էր, Արաբական աշխարհն էր, Եվրամիությունն էր, Միացյալ Նահանգներն էր: Նրանցից ոչ մեկն այսօր որպես գործընկեր չի վստահում Նիկոլ Փաշինյանին:
Մենք հիմա ընթացիկ գտնվում ենք անկախության գործընթացին մարտահրավերների փուլում, որը նշանակում է սահմանազատում-սահմանագծում ոչ հայանպաստ օրակարգով, միջազգային դատարաններից Հայաստանի հայցերը հետ վերցնել, ինչը նշանակում է սեփականությունից, մարդու միջազգային իրավունքներից կամավոր հրաժարում: Մի օրինակ, եթե եվրոպական դատարաններում հրաժարվում ենք այս հայցերից, այլեւս իրավունք չունենք Ռուբեն Վարդանյանի եւ մնացած գերիների հարցը բարձրացնել որպես կոնֆլիկտի արդյունքում առաջացած մարդու իրավունքների հարց»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ