Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ գործով» դատական նիստը այսօր չկայացավ:
Նախորդ նիստում հանրային մեղադրողը սղագրություններ էր ներկայացնում Էդգար Ղազարյանի ելույթներից ու հրապարակումներից: Սակայն պաշտպանական կողմի միջնորդությամբ անհրաժեշտություն էր առաջացել, որպեսզի դատարանում ներկայացվեն նաեւ տեսանյութերը:
Այսօրվա նիստում դատավոր Սաթենիկ Անդրեասյանը փորձեց բացել ֆայլերը, սակայն համակարգչի հետ տեխնիկական խնդիրներ առաջանալու հետեւանքով դա հնարավոր չեղավ եւ ստիպված նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստի օրվա ու ժամի մասին դատարանը կհայտարարի ավելի ուշ:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց. «Անկեղծ ասած, ես շատ տպավորված եւ հուզված եմ, որովհետեւ գիտեմ, որ իմ ելույթները շատ մարդիկ են նայում: Նախորդ ամիս ընդհանուր դիտումների քանակը մեկ միլիոնից ավելի է եղել: Բայց սա իմ պրակտիկայում առաջին դեպքն էր, որ իմ հանրային խոսքի հետեւորդները նստեն ու սղագրեն իմ ելույթները: Քննիչի եւ դատախազի պարագայում դա բացառիկ դեպք է, որ մեկը լսի ու նստի, սկսի բոլորը սղագրել:
Այսօր փորձեցինք նայել նաեւ տեսագրությունները: Տեսեք, առիթն օգտագործվում է եւս մի անգամ դա հնչեցնելու: Չեն կշտանում:
Այս վարույթը, չնայած ինձ համար անհարմարություններ եւ իմ իրավունքների սահմանափակումներ է ստեղծել, նաեւ օգտակարության շատ մեծ չափաբաժին է պարունակում: Առայժմ դատախազի, հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցների փուլում ենք: Իմ անմեղությունն ապացուցելու համար հավասար դատաքննության, հավասար մրցակցության սկզբունքներից ելնելով ես դեռ իմ ապացույցները պետք է ներկայացնեմ: Իմ խոսքը ինչի՞ վրա է հիմնված եղել: Պարզ է չէ՞, որ տեսակետն իմ մեջ ձեւավորվել է ինչ-որ հանգամանքների պարագայում: Եվ դրանք որպես ապացույց ես ներկայացնելու եմ: Ես հո մերկապարանոց չե՞մ խոսել: Ես ինձ լուրջ մարդ եմ համարում եւ իմ խոսքին հաշիվ եմ տալիս, իմ ցանկացած խոսք ունի իր հիմնավորումները: Ես իմ անմեղությունը ապացուցելու համար դրանք պետք է ներկայացնեմ դատարանում, թե որոնք են այն գործոնները, գործողությունները, որ իմ կարծիքով նման հանցանքի տարրեր են պարունակում:
Տեսեք, ինձ մեղադրանք են առաջադրել, որ ասել եմ, որ ՍԴ կոնկրետ դատավորը ստացիոնար բուժում չի անցել:: Այո, որովհետեւ իմ պաշտոնավարման շրջանում, երբ ես ՍԴ աշխատակազմի ղեկավար եմ եղել, դեպք չի եղել, որ նա արձակուրդ վերցնի կամ բյուլետեն ներկայացնի, որ ինքը, ենթադրենք, այսինչ հոգեբուժական կլինիկայում բուժում է անցնում: Հիմա եթե վարույթային գործողությունների արդյունքում պարզվի, որ չէ, նա անցել է, բայց ես հանիրավի սխալ տեղեկություն եմ տվել, դա կարող է դառնալ քննարկման առարկա: Բայց իմ մեջ այդ օբյեկտիվ կարծիքն ինչի՞ց է առաջացել: Մենք բոլորս ենք լսել նրա ելույթը ազգային ժողովում 2019 թվականի հունիսի 20-ին: Մարդը կանգնում եւ ասում է. «Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ»: Առողջ մարդը ո՞նց կարող է այդպիսի բան ասել: Ֆիլմերում ենք տեսել, որ ասում է «ես Նապոլեոնն եմ, այսինչն եմ, այնինչն եմ»: Էդպիսի բան ո՞նց կարող է լինել: Հիշեք, Շուրիկի արկածների մեջ դա ֆիլմի սյուժեում որպես ի՞նչ է ներկայացվում, երբ ասում է՝ ես Նապոլեոնն եմ, մյուսն էլ ասում էր՝ ես էլ դատախազն եմ: Համանման հանգամանքներ են: Ու իմ մոտ օբյեկտիվորեն այդ կարծիքը առաջացել է: Եթե բուժվել է, ես բան չունեմ ասելու: Բայց պետք է պարզվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ