Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության համը

Հունիս 19,2025 10:00

Պետությունը նախեւառաջ օրինականություն է, եթե մենք խոսում ենք ժամանակակից ժողովրդավարական պետության մասին: Գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի փոխելու կրոնական կազմակերպության ղեկավարին:

Եթե այդ ղեկավարին դուր չեն գալիս որեւէ մարդու այս կամ այն արտահայտությունները, դա չի կարող հիմք հանդիսանալ խուզարկությունների եւ ձերբակալությունների համար:

Երբ մարդիկ ինչ-որ տներ են գնում կամ կառուցում ու հետո, կախված այդ մարդկանց՝ նախկինում զբաղեցրած պաշտոններից կամ դիրքավորումից, այդ ունեցվածքը հայտարարվում է «ապօրինի գույք»՝ «նախկիններից» վրեժ լուծելու եւ ամբոխի ծափահարությունները կորզելու նպատակով, դա պետության համար վատ նախադեպ է՝ վաղը բռնագանձելու են ՔՊ-ականների գույքը:

Կամ՝ վերցնենք նույն բաշխիչ ցանցերը: Դրանք արդեն իսկ եղել էին պետական, եւ կառավարումն իրականացվում էր ոչ արդյունավետ, պետական բյուջեի վրա էլ հավելյալ ծանրաբեռնվածություն էր: Դրա համար էլ էլցանցը սեփականաշնորհվեց: Նոր սեփականատերերը՝ սկզբից РАО «ЕЭС России»-ն, այնուհետեւ՝ Սամվել Կարապետյանը, չնայած որոշ բարելավումներ մտցրեցին, բայց վիճակը կատարելությունից հեռու է, եւ մեր՝ սպառողներիս արդարացի դժգոհությունն է առաջացնում: Ոչ մի երաշխիք չկա, որ էլցանցերը պետությանը վերադարձնելը սպառողներին մեծ օգուտ կբերի:

Բայց ո՞վ է այն միամիտը, որը կարծում է, թե այստեղ խնդիրը տնտեսական արդյունավետությունն է: Խնդիրը Փաշինյանի հերթական քմահաճույքն է: Այդ հերթական սրացման հետեւանքով՝ խլել էլցանցերը սեփականատիրոջից, որը դրանք գնել է եւ ներդրումներ է արել՝ դա պետական մոտեցում չէ: Դա նաեւ ազդանշան է այլ սեփականատերերին, որոնք ինչ-որ ձեռնարկություն են գնել եւ ներդրումներ են արել:

Պետությունը նաեւ կայունությանը, վաղվա օրվա նկատմամբ վստահությանը նպաստող գործոն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս խնդիրը այդքան ալ կապ չունի Եկեղեցւոյ հետ… (Բացի եթէ այդ ալ կ’ընդգրկուի ստորեւ ներկայացուած վերլուծման մէջ…) :

    Փաշինյանի եւ իր համակիրների կեցուածքը հետեւեալն է՝  Սամվել Կարապետյանը Ռուսաստանի մարդն է, որ սպառնաց՝ ինչ-որ մտահոգիչ միջոցներով գահընկեց ընել Փաշինյանին: Եւ այդ նպատակով, Ռուսաստանի թելադրանքով, ան կարող է օրինակի համար ՀՀի ելեկտրականութեան ցանցը խանգարել, քանզի ինք է դրա սեփականատէրը:

    Եթէ ճիշդ է՝ փաշինյանական այդ հասկացողութիւնը, ապա էական ու խորքային խնդիրը հետեւեալն է՝ ի՞նչ կը սպասէր Ռուսաստանը, որ իր այս գործակալին միջոցաւ եւ վերոնշեալ մարտավարութեամբ, քաղաքական դաշտէն դուրս հանէր Փաշինյանը… Եօթը տարիներէ ի վեր… Եթէ իրապէս կ’ուզէր ձերբազատուիլ Փաշինյանի վարչակարգէն…

    Ամէն դէպքում, անցած եօթը տարիների ընթացքին, Սամվել Կարապետյանը փատօրէն համագործակցում էր Փաշինյանի հետ: Որպէսզի նա հանգիստ թողնէ իր բիզնըսները ՀՀի մէջ: Հետեւաբար, այս հիման վրայ միայն արդէն, դժուար է հիմա կարեկցիլ իրեն…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30