Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մեկ նպատակ ունեն` պառակտել Սուրբ Եկեղեցին և ի վերջո դարձնել կառավարությանն առընթեր գործող ինչ որ կրոնական կազմակերպություն

Հուլիս 19,2025 11:14

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականներն ու հավատավոր հետևորդներն անխտիր, նույնիսկ այն հոգևորականներն ու բարեպաշտ քրիստոնյաները, որոնց անունները շրջանառվում էին իբր ՀՀ իշխանությունների վարած կրոնական քաղաքականության կողմնակիցներ, բոլորն անխտիր արդեն հասկացել ու գիտակցել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի և նրա սակավաթիվ կամակատար հետևորդների խոսույթներն առ այն, որ իբր իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, առ այն, որ իբր իրենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ որպես ինստիտուտ ոչ մի հակառակություն չունեն, այլ պարզապես գործող Ամենայն Հայոց Հայրապետին և որոշ բարձրաստիճան հոգևորականներին են ուղղված իրենց քննադատությունները,  որ իբր Հայ Առաքելական Եկեղեցին Սրբություն Սրբոց է իրենց համար և այլ նմանատիպ պնդումներ՝ կեղծ են և միայն մեկ նպատակ ունեն, այն է` պառակտել Սուրբ Եկեղեցին և ի վերջո դարձնել կառավարությանն առընթեր գործող ինչ որ կրոնական կազմակերպություն, որի անդամներն ու հետևորդները համապետական կամ տեղական ընտրությունների ժամանակ միաձայն ու պարտադրված պետք է իրենց ձայները տան իշխող ապազգային կուսակցությանը և իր նշանակությամբ ու առաքելությամբ որևէ տարբերություն չպիտի ունենա որևէ կրոնական կազմակերպության նկատմամբ։

Այս ամենը, ինչպես ասացի, արդեն բոլոր հոգևորականներն Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ շատ քաջ գիտակցել են, գիտակցել են նաև Եկեղեցու ճշմարիտ հետևորդները և առաջին հայացքից եկեղեցասիրական թվացող ՔՊ ղեկավարի և ընկերների կարգախոսներն այլևս ընկալվում են որպես ծաղր ու անարգանք՝ արտահայտված բարեպաշտ հայ ժողովրդի նկատմամբ։

Այդ գիտակցումը տեղի է ունեցել, բնականաբար, առաջին հերթին հայ ժողովրդի նրբանկատության ու բնատուր առողջ բանականության շնորհիվ, կարևոր դեր է կատարել նաև Մայր Աթոռի տարածած հավասարակշիռ և արդարացի հայտարարությունները և, իհարկե, ամբողջ հոգևորականության ամենօրյա քարոզչության շնորհիվ։

Գենադի Մնացականյան

Սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ հայ հասարակությունը կազմված չէ միայն իմ վերը նշած ապաքինություններով օժտված մարդկանցից, այսինքն` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ հետևորդներից։ Մենք գիտենք, որ հասարակության մեջ քիչ չեն նաև հավատքի մեջ մոլորված ու աղանդավորական քարոզչությանը զոհ դարձած մեր քույրերն ու եղբայրները։ Դա ակնհայտ է դառնում սոցհարթակներում նրանց հիվանդագին ու ծայրահեղ հայտարարություններից ու բացահայտ հակաքրիստոնեական վարք ու բարքից։

Հասարակության մեջ առկա Հայ Եկեղեցուց շեղված ու մոլորված այդ հատվածի համար է, որ ՔՊ կուսակցության ղեկավարն ու իր որոշ պաշտոնյա հետևորդները խոսում են Քրիստոսի մասին, ասելով, որ Քրիստոսը իրենց սիրտն է, իրենց հոգին է, իրենց բանականությունն է և այլ նմանատիպ ակնհայտ կեղծ թեզեր ու խոսակցություններ, որոնք հատուկ են հենց աղանդավորական, ավելի ստույգ բառ եթե օգտագործենք, հակաեկեղեցական համայնքների անդամներին։ Նմանատիպ կեղծ քրիստոնեական քարոզչությամբ էլ նրանք փորձում են կորզել հակաեկեղեցական համայնքների ձայները ընտրությունների ժամանակ։

Սակայն քանի որ այդ հակաեկեղեցական համայնքներում նույնպես հայեր են, ուստի պետք է հույս ունենանք, որ ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներն են հասկացել ու գիտակցել, որ ՔՊ ղեկավարը կեղծավորաբար ու քաղաքական նկատառումներով է իրեն որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախանձախնդիր հետևորդ համարում, նույնպես կրոնի հետ ինչ որ կերպ առնչվող մյուս հատվածի ներկայացուցիչները կհասկանան ու կգիտակցեն, որ ՔՊ ղեկավարը սկսած 2018 թվականից, գուցե և ավելի վաղ ժամանակներից, իրենց միշտ օգտագործել և փորձելու է օգտագործել իր քաղաքական նկատառումներով, իսկ ավելի կոնկրետ, պարզապես ընտրություններում նրանց աջակցությունը ստանալու նպատակով։

Վստահ եմ, որ ապազգային ու հակաեկեղեցական քարոզչություններին զոհ դարձած մեր քույրերն ու եղբայրները մի օր կդադարեն քրիստոսահալած իշխանություններին աջակցել, որոնց դարձի համար նույնպես աղոթում է Հայ Առաքելական Մայր Եկեղեցին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031