Ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը պատրաստվում է իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար դատի տալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների։ Նա այս մասին հայտնեց այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում։
Ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Արցախի բռնի հայաթափումից ի վեր Ռուբեն Մխիթարյանը «Հայաթ» բենդի մասնակցությամբ ոչ մի հարսանիք կամ համերգ չի չեղարկել, նրան մեղադրել է փողի համար ամեն ինչի պատրաստ լինելու համար։
Ռուբեն Մխիթարյանը խոստանում է՝ առաջիկայում ավագանու այդ անդամը պատասխան կտա դատարանում, ստիպված կլինի իր ձեռքով հերքել իր գրառումը և իրեն բարոյական վնասի փոխհատուցում տալ, որը կծախսվի արցախահայության որևէ խնդիր լուծելու համար։
«Ավագանու մի քանի անդամներ կան, որոնց դատի ենք տալու,այնպիսի բաներ են խոսել, որոնք հստակ որակվում են զրպարտության, պատվի ու արժանապատվության հարցերի շուրջ։ Այնպես որ կհանդիպենք դատարանում ու այնտեղ այնքան բան կիմանան իմ չեղարկած համերգների մասին, որովհետև գոնե դրա համար կարելի էր ուղեղ ունենալ, կարելի էր մտնել համապատասխան էջերը ու տեսնել, թե սև նկարների վրա քանի համերգներ են չեղարկվել, որովհետև իրենց քաղաքական հայրն այնպիսի արհավիրքներ է բերել այս հինգ տարվա ընթացքում այս պետության գլխին, որ համերգ չեղարկելը դարձել է սովորական բան, շատ սովորական բան։
Կարդացեք նաև
Հասկանո՞ւմ եք՝ տվյալ անձնավորությունն ասում է , թե «Հայաթ» բենդը հարսանիքները չի չեղարկել, որովհետև փող է աշխատում։ Այսինքն՝ հարսանիք չեղարկողն ո՞վ է, հարսանիքի տերը, չէ՞, այսինքն դու հարսանիքի տիրոջը համարում ես սրբապիղծ, որը պատերազմի ժամանակ իր հարսանիքը չի չեղարկել, մի հատ էլ մեր բենդը գնացել, այդ հարսանիքին երգել է։
Դատարանում կհայտնվեք, այդ բոլոր ստատուսները, որ ձեզ գրում են, դուք էլ առանց ուսումնասիրելու՝ ձեր պատին դնում եք, դատարանում շատ բաներ կիմանաք, հետո ձեր պատին արդեն հերքումները կգրեք։ Նույնիսկ այն հազար դրամը, որը որպես բարոյական վնաս՝ ձեզանից մենք վերցնելու ենք, դա նույնպես կգնա բարեգործությանը։
Բազմաթիվ արցախահայեր կգան ու կպատմեն, թե ինչքան բան ենք արել մենք իրենց համար, երբ որ չենք բարձրաձայնում, դա դեռ չի նշանակում, որ դուք իրավունք ունեք ձեզ լկտի բառապաշար թույլ տալու։
Այնպես որ դատարանում բոլորդ սիրուն կգաք, կներկայանաք, հերքումները ձեր պատերին կգրեք, որովհետև ձեր հետ այդ ձևով ու տոնով է պետք խոսել»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ