Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասն ուսումնասիրվել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» ֆիզիկական զսպման սենյակները, կիրառվող զսպման միջոցներն ու ընթացակարգերը

Հուլիս 30,2025 18:30

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել  Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ վերանորոգված և վերջերս շահագործման հանձնված:

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակները, կիրառվող զսպման միջոցներն ու  ընթացակարգերը: Պաշտպանը քննարկել է նաև ոչ հոժարակամ բուժման, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման (հարկադիր բուժման) ընթացակարգերին առնչվող գործնական խնդիրները:

Պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպությունում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու, շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ պետության գործադրած ջանքերը և շարունակական հանձնառությունը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակի հետ կապված խնդիրների մի մասը դեռ պահպանվում է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ ունեն հիմնանորոգման և անհրաժեշտ գույքով կահավորման կարիք: Այս համատեքստում Պաշտպանը հատկապես ընդգծում է պետության հանձնառության պահպանման ու շարունակական ջանքերի կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերի հասցեավորումը:

Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031