Գյուղում մենք գիտեինք՝ որտեղ ենք հանդիպելու դասերից հետո։ Ամեն ինչ հստակ էր. աղբյուրի մոտ էինք հանդիպում, կամ աղբյուր գնալուց ձեն էինք տալիս իրար, ջրի ամանները թափ տալով գնում ջրի։ Ազատ օրերին հանդ էինք գնում հոն, մոշ, մորի հավաքելու, եթե սեզոնն էր, եթե չէ՝ իրար ձեն էինք տալիս, գրքերով փոխանակվում ու մեկն ու մեկիս դարպասի մոտ կանգնում էինք ու ժամերով խոսում։ Երեխա էինք, բայց կենցաղն էլ էր մերը, քաղաքականությունն էլ, երկիրն էլ։ Իրար տներում էլ, որ առիթներին հավաքվում էինք, նստում, լսում էինք մեծերի զրույցները ու շատ բան սովորում։ Մի զրույց մինչեւ հիմա հիշում եմ: Մեկն ասաց. «Օրինակ՝ իմ ինչի՞ն ա պետք, որ Սիրիայի մասին սովորեմ»։ Պատասխանը՝ «Սիրիայի մասին սովորիր, գնա Սիրիան գրավիր»։
Մի օր էլ հարեւան գյուղ՝ Ազոխ էինք գնացել՝ մորաքրոջս տուն։ Իրար ճանաչում էինք, նաեւ, հարեւան գյուղի երեխաներով։ Հավաքվել էինք մորաքրոջս դարպասի մոտ ու պատերազմից ստացված նորություններով էինք կիսվում։ Հետո, որոշեցինք, որ ամենքս մի հայրենասիրական երգ պիտի երգենք։ Տաթեւն ասաց. «Ես «Հսկա երկիրը» կերգեմ», ու սկսեց. «Ելիր՛ Դաշնակ Դրո»…
Երեխաներից մեկն ընդհատեց, ասաց. «Տաթեւ, սխալ ես երգում, պիտի ասես «Հսկա երկիր է, Հայաստանը մեր…»
Տաթեւն էլ թե՝ «Մենք տենց չենք երգում, մենք սենց ենք երգում,- ու շարունակեց՝ «Ելի՛ր Դաշնակ Դրո, բազկիդ ուժը բեր»…
Կարդացեք նաև
Տաթեւի համար բոլոր երգերը այդ օրերին նույն երգն էին։ Նա էդ երգն էլ գիտեր։
Էն Սիրիայի պատմությունը սովորելու խորհուրդ տվողը Վահրամն էր՝ մի երիտասարդ, ում հետ կյանքն ինձ նորից պիտի հանդիպեցներ՝ տարիներ անց։
Այն օրերի երգերն ու զրույցները հաճախ էին ուղեկցում ինձ, նույնիսկ, երբ արդեն Երեւանում էի սովորում։ Հենց այնտեղ, նորից հանդիպեցի Վահրամին։
Մենք ԵՊՀ-ի «Սեւ Շենքում» էինք սովորում։ Նա Աստվածաբանության բաժնում էր սովորում, ես՝ պատմության, բայց մեր ֆիզկուլտուրայի դասերը համատեղ էին լինում։ Ամենաօրինակելին էր Վահրամը։
90- ականների պատերազմի ընթացքում Վահրամը վիրավորվել էր գլխից եւ հրաշքով կենդանի մնացել, շնորհիվ հայտնի նյարդավիրաբույժ Ա. Իշխանյանի, որն այդ օրերին Ստեփանակերտում գործուղման էր։ Դա չէր խանգարում նրան լինել լավագույնը։ Համալսարանի միջանցքում, նրան դասախոսի հետ հարց քննարկելուց կտեսնեիր, միշտ։ Ես էդպես էլ չմոտեցա նրանց, ու չասացի, որ ես այն օրն այնտեղ էի։ Որ ես նրա գյուղացին եմ։
Չորս տարի մենք նույն շենքում սովորեցինք, բայց իրար միայն բարեւ էինք տալիս, այն էլ՝ ֆիզկուլտուրայի դասին։
Վահրամն ավարտեց Համալսարանի Աստվածաբանության բաժինն ու գնաց գյուղ։ Այնտեղ նա սկսեց Իր լուսավորչական գործունեությունը ծավալել։
Հետո, եկավ դաժան 2020 թվականը։ Գյուղի ինքնապաշտպանական ծանր մարտերում Վահրամն ու իր ընկերները համառ դիմադրություն ցույց տվեցին թշնամուն։
Թեժ մարտերից մեկում Վահրամը ծանր վիրավորվեց։ Վերքը մահացու էր…
Նա ընկավ աչքերը հառած գյուղի աշնանային երկնքին։
Ականջներումս, մինչեւ հիմա, նրա խոսքերն են.
«Պատմություն սովորիր, որ գնաս երկրներ գրավես»…
Եվ ամեն անգամ, երբ հնչում է այն երգը, ես այն Տաթեւի ձայնով եմ լսում՝
«Հսկա երկիր է Հայաստանը մեր»…
Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2025