ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի օր է՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է իր պաշտպանյալ, երկամսյա կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:
Փաստաբանն ու մտերիմները հայտնում են, որ լուրջ սիրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացու մոտ արդեն նկատվում են շարժական ու խոսքի խնդիրներ, գիտակցության մթագնում: Նրանք վախենում են ամենավատ ելքից, որ քաղաքացին կարող է մահանալ նախաքննական կալանքի ընթացքում:
Քաղաքացին մեղադրվում է Արամ Զավենի Սարգսյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Այսպիսի մեղադրանք նրան առաջադրել է ու վերջինիս կալանավորել են բացառապես իր հրապարակային խոսքի համար:
Քանի որ պատգամավորների տեսակցությունները քաղաքացուն արգելված են և ինքս չեմ կարող տեսակցել քաղաքացուն լրացուցիչ տեղեկություններ փոխանցելու համար այսօր զանգահարել եմ ՄԻՊ թեժ գծին, զրուցել եմ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետի հետ, խնդրել այցել քաղաքացուն և հնարավոր բոլոր միջոցներով կանխարգելել վատագույն սցենարի կրկնությունը:
Ինձ վստահեցրել են, որ հարցը գտնվում է Անահիտ Մանասյանի ուշադրության կենտրոնում:
Հրավիրում եմ ԶԼՄ բոլոր գործընկերների ուշադրությունն այս հարցին: Մենք արդեն ունենք սարսափելի նախադեպ, երբ իր հնչեցրած հրապարակային մտքերի համար նախաքննական կալանքի տակ գտնվող քաղաքացին մահացել է դատարանի դահլիճում: Կարծում եմ հանրային արձագանքը կարող է օգնել խուսափել այս դեպքի կրկնությունից:
Կարդացեք նաև