«Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի 2025 թ. 3-րդ (26-րդ) համարի շնորհանդեսը վերջերս էր: «Գիտական Արցախ» պարբերականի (գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյան) 26-րդ համարում տպագրվել է 24 հեղինակի 21 հոդված, որոնցից 9-ը գիտությունների թեկնածու է, իսկ 15-ը՝ ասպիրանտ եւ հայցորդ: Հոդվածներից 20-ը հայերեն է, իսկ 1-ը՝ անգլերեն:
Պարբերականի «Պատմություն», «Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն», «Գրականագիտություն», «Տնտեսագիտություն» բաժիններում տպագրված են հեղինակներ, որոնց ընտրած թեմաներն ու հետազոտություններն այս օրերին արդիական են, քննարկվող, հոդվածագիրների եզրահանգումներն էլ մտահոգիչ, փաստարկված, խիստ կարեւոր է, որպեզի հասնեն իրական հասցեատերերին:
«ՀՀ Նախագահական կառավարման մոդելը» վերտառությամբ գիտական հոդվածում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ավագ լեյտենանտ ՇՈՒՇԱՆԻԿ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ վերլուծել է նախագահական կառավարման համակարգի առավելություններն ու սահմանափակումները Հայաստանի Հանրապետության քաղաքական համատեքստում, իրականացրել էր նախագահական եւ խորհրդարանական կառավարման մոդելների համեմատական վերլուծություն՝ բացահայտելով կառուցվածքային եւ գործառնական տարբերությունները, նախագահի ինստիտուտի դերի դրական եւ բացասական դրսեւորումները պետական իշխանության համակարգում։ Ըստ հեղինակի, նախագահական մոդելը Հայաստանի համար արդյունավետ էր պետականության ձեւավորման սկզբնական փուլում` ապահովելով կայունություն, եւ կենտրոնացված ղեկավարում: Սակայն ժամանակի ընթացքում այն հանգեցրեց իշխանության գերծանրաբեռնվածությանը եւ ժողովրդավարական վերահսկողության թուլացմանը: Այս հանգամանքները դարձան անցման հիմք դեպի խորհրդարանական կառավարման մոդել, որը նպատակ ունի ապահովելու իշխանության հավասարակշռություն եւ ժողովրդավարական պատասխանատվություն:
Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, «Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտս» ՓԲԸ իրավաբանական ծառայության ղեկավար ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԻ «Վարչարարության բողոքարկումը որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց» գիտական հոդվածում (հայերեն) հեղինակը ներկայացնում է վարչական բողոքարկման համակարգի արդյունավետության բաղադրատարրերը՝ բողոքը քննող մարմնին առաջադրվող պահանջների, բողոքի քննության ընթացակարգի եւ բողոքարկման համակարգին առաջադրվող ընդհանուր պահանջների տեսանկյունից։ Ըստ հոդվածագրի` բողոքը քննող մարմնի «անկախությունը» պետք է գնահատվի՝ հիմք ընդունելով ոչ թե դրա կառուցվածքային, ինստիտուցիոնալ կարգավիճակը, այլ գործառութային անհրաժեշտ ինքնուրույնությունը, վարչարարությունն իրականացրած մարմնից առանձնացվածությունը, լիազորությունների շրջանակը եւ բողոքի քննության գործնական չափանիշները:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ ընտրական գործընթացները չեն կարող լինել ազատ, արդար եւ թափանցիկ, եթե վերջինիս ապահովման գործում չեն աշխատում անհրաժեշտ պետական ինստիտուտները: Այս օրերին, երբ սկսվել են հունիսյան ընտրական գործընթացները, շատ կարեւորում եմ հոդվածներից մեկը, որը նույնպես տեղ էր գտել պարբերականում:
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ ԼՈՒՍԻՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ «Ընտրական գործընթացներում առանձնահատուկ դերակատարների, մասնավորապես` ներքին գործերի նախարարության դերը (ՀՀ օրինակով)» վերտառությամբ գիտական հոդվածը (անգլերեն): Հոդվածի գլխավոր խնդիրն է ընտրական գործընթացների կազմակերպման համատեքստում ներկայացնել ՀՀ ՆԳՆ համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային եւ տեղամասային հանձնաժողովների, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների հետ, ինչպես նաեւ վեր հանել ժամանակակից մարտահրավերներն ու խնդիրները, որոնց հանդիպում է ՆԳՆ-ն, որպես ինստիտուտ:
AUA-UCLA CW ծրագրի համակարգող, LLM, MA HRSJ, փախստականների հարցերով փորձագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հայցորդ ԷԼԻՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «Արցախահայության հարկադիր տեղահանության երկարաժամկետ հետեւանքները. որոշ ասպեկտներ» վերտառությամբ գիտական հոդվածում (հայերեն) հոդվածագիրը ներկայացրել էր տեղահանության պայմաններում համայնքային կյանքի քայքայման, սերնդային հիշողության փոխանցման խզման, ոչ նյութական մշակութային պրակտիկաների վերարտադրության անհնարինության, ինքնության ու մշակութային իրավունքների սահմանափակման խնդիրները: Տեղեկացանք, որ հետազոտությունն իրականացվել է փորձագետների հետ խորքային հարցազրույցների, տեղահանված արցախցիների հետ ֆոկուս խմբային քննարկումների եւ խորքային հարցազրույցների ձեւաչափով՝ ընդգրկելով ընդհանուր 78 անձ: Հետազոտության ընթացքում կիրառվել են կառուցվածքային դաշտային ուղեցույցներ եւ դիտարկումների գրանցման տեխնիկաներ։ Տվյալների վերլուծությունն իրականացվել է դաշտային գրառումների բազմակի ընթերցման, առանցքային թեմաների կոդավորման եւ հետազոտական արդյունքների թեմատիկ խմբավորման միջոցով:
Հեղինակը գրում է. «Տեղահանության հետեւանքով ոչ միայն մարդիկ են հեռացվում հայրենի բնօրրանից, այլեւ տարածքն է հեռացվում, խլվում մարդկանցից»:
Արարատի մարզում բնակվող, տեղահանված կանանցից մեկը պատմել էր. «Ամեն գիշեր մահացած հայրս է գալիս երազիս, նախատում է ինձ, որ այցելության չեմ գնում: Անգամ չկարողանաս գնաս ծաղիկ դնես, խոնարհվես ծնողիդ գերազմանին…հոգեպես անդորր էր գալիս ամեն անգամ այցելելուց, մաքրելուց գերեզմանների շրջակայքը, եւ նախապապիս տնկած ընկուզենու տակ նստած լաց լինելուց հետո…»:
Բավական հետաքրքիր էր կարդալ ՀՀ Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ, Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ «Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը` որպես դրական եւ բացասական իրավունքներ» գիտական հոդվածը (հայերեն): Եզրահանգումն այն է, որ ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը բացասական եւ դրական իրավունքների տեսանկյունից բացահայտում է դրանց ներքին փոխկախվածությունը՝ ձեւավորելով մարդկային արժանապատվության պաշտպանության համապարփակ շրջանակ՝ թե՛ ավանդական, թե՛ զարգացող համատեքստերում: Այդ իրավունքները պահանջում են միջամտությունների սահմանափակումներ, անհատների պաշտպանություն՝ ֆիզիկական ներգործությունից, հոգեբանական մանիպուլյացիաներից եւ չարտոնված նեյրոտեխնոլոգիական միջամտությունից:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի հայցորդ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի տեղակալ, գնդապետ ԱՐՏՅՈՄ ՊՈՂՈՍՅԱՆԻ «Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային, դոկտրինալ փաստաթղթերը եւ մոտեցումները Հարավային Կովկասի վերաբերյալ (1991-2023 ԹԹ.)» գիտական հոդվածում (հայերեն) նորովի են դիտարկվում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգային ուղղությունները, ինչպես նաեւ այն քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական լծակները, որոնք Մոսկվան օգտագործում է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում:
Այս համարի տպագրությանն աջակցել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2026


















































