Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանի փաստաբանը կբողոքարկի՞ Պողոս Պողոսյանի աճյունն արտաշիրմելու որոշումը․ փաստաբանը կմեկնաբանի որոշումը ստանալուց հետո

Նոյեմբեր 10,2025 16:50

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի քրեական դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կայացած՝ ավելի քան 24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց բավարարել հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանի միջնորդությունը՝ արտաշիրմել «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը։ Ըստ դատախազի՝ ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այդ նպատակով կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին, քանի որ Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում:

Հիշեցնենք՝ 20 տարի անց այս գործը վերաբացվել էր՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Ըստ դատախազության՝ վկա Սթիվեն Նյուտոնի հայտարարությունն առերևույթ վկայում է Պողոս Պողոսյանին կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է «Առագաստ» սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչն էլ դարձել է Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ։ Դեպքի առթիվ 2001 թվականին քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելը, Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։

«Ես մեր տանն եմ եղել, երբ այդ դեպքը տեղի է ունեցել։ Դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, դա քրեական գործում է, նախագահի՝ իմ թիկնազորն այլևս այդ տարածքում չի եղել։ Ինձ առավոտն են զեկուցել այդ մասին»,- այս մասին ասուլիսում հայտնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պնդմամբ՝ ինքը «Պրիվետ Ռոբ» արտահայտությունը չի լսել. «Ես չգիտեի՝ ինչ է այնտեղ կատարվել, որ ինչ-որ մեկը մի քիչ քեֆը լավ վիճակում վիճաբանություն է եղել, ռազբորկա, և միջադեպը կատարվեց։ Մերս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան միշտ Ռոբ է ասում տանը, իմ մանական ընկերները ինձ Ռոբ են ասում։ Ինչի՞ պիտի դրանից նեղանամ»։

Aravot.am-ը 20 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանության համար դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Աղամալ Հարությունյանի (մականունը՝ Կուկու) շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Բեջանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կգնահատի դատարանի որոշումը։ Նա պատասխանեց՝ որոշումը ստանամ, հետո կկարողանամ իմ կարծիքը հայտնել․ «Որոշումը բողոքարկման ենթակա է, այնպես չէ, որ միանգամից որոշումը կկատարվի»։

Հետաքրքրվեցինք՝ բողոքարկելո՞ւ է, նա պատասխանեց․ «Որոշումը ստանամ, հասկանամ»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930