«Փաստինֆո». Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ութ հոգևորական հրավիրվել են ՔԿ՝ հարցաքննության։ Քրեական վարույթը, որի շրջանակներում հոգևորականները վկայի կարգավիճակով հարցաքննության են հրավիրվել, վերաբերում է իբրև Նաթան Սրբազանին և այլևս կարգալույծ հռչակված Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող հեռախոսային խոսակցության ձայնագրությանը։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ իրականում անհասկանալի է, թե ինչ քննություն է իրականացվում, որովհետև պարզ չէ, թե ինչ ձայնագրություն է, որտեղից են դա գտել, տարածել, անգամ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ (քրեական վարույթ չէր նախաձեռնվել հեղ․)։
Վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն չի նշանակել՝ պարզելու ձայնագրության իսկությունը, պարզելու, թե որտեղից է այն ձեռք բերվել, թեև հայտնի է, որ ձայնագրությունը տարածվել է իշխանական, իշխանամերձ մամուլում, բայց խոսակցության գաղտնի ձայնագրության արժանահավատությունը, իրական լինելը, մասնակիցների վերաբերյալ որևէ տվյալ չկա, ՔԿ-ն էլ հրաժարվում է քննություն իրականացնել դրա վերաբերյալ։
Մայր Աթոռից որպես վկա հրավիրված հոգևորականը վարդապետ է, փաստաբանը տեղեկություն չունի՝ արդյո՞ք վարդապետը Կարգապահական հանձնախմբի անդամ է։ Երնջակյանի հարցաքննության մասին փաստաբանը ևս տեղեկություն չունի, միայն հայտնի է, որ Նաթան Սրբազանի և Երնջակյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։ Վեհափառ Հայրապետին հարցաքննելու հարց ևս դեռևս չի բարձրացվել։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին իշխանական լրատվամիջոցներով նոր ձայնագրություն է շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Ի սկզբանե ակնհայտ է, որ այս ձայնագրությունը շրջանառության մեջ էր դրվել Վեհափառի դեմ քրեական գործ երկնելու համար, որպիսի սցենար նախկինում մի քանի անգամ օգտագործվել է. նախ իշխանական ԶԼՄ-ները ինչ-որ նյութ են տարածել, որին հաջորդել է քրեական վարույթն ու ձերբակալությունը։
ՆԳՆ-ն նշված ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)։
Իզաբել Սահակյան


















































