Սկիզբը՝ այստեղ:
Քաղաքական դաշտում բոլորը պարտավոր են իրենց դիրքորոշումը հստակ ներկայացնել TRIPP-ի վերաբերյալ. կամ դեմ են, կամ` ի՞նչ են պահանջում իշխանությունից
Հայաստանում ձեւավորվել է տարօրինակ իրավիճակ: Քաղաքական դաշտն ակնհայտորեն նախապատրաստվում է գալիք տարի նախանշված խորհրդարանական ընտրություններին: Որքան էլ ընդդիմադիր գործիչները խոսում են Նիկոլ Փաշինյանի` «րոպե առաջ հեռացման հրամայականի» մասին, իմպիչմենտի` բազմաչարչար գործընթացն է ընթացքի մեջ, պարզ է, որ «փողոցում» հասարակական ակտիվ մասնակցությամբ գործընթաց գոյություն չունի:
Ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմից հետո էր Հայաստանի համար բախտորոշ իրավիճակ, առանց չափազանցության, այսօր Սյունիքի շուրջ հետագա իրադարձություններից է կախված լինելու Հայաստանի ապագան: 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ փաստաթուղթը չաշխատեց, դրա բոլոր կետերի իրագործումն Ադրբեջանը խաթարեց` փաստաթղթի երաշխավոր Ռուսաստանի թողտվությամբ ու գործուն աջակցությամբ, որի արդյունքում Արցախի նկատմամբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Կարդացեք նաև
Հիմա, այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է TRIPP-ի ծրագիրը: Քաղաքական դաշտից հնչում են տարբեր գնահատականներ: Իշխանությունը դա ներկայացնում է որպես Հայաստանի անկախության համար կարեւոր խաղաթուղթ, ընդդիմադիրները, ընդհակառակը, «Արեւմուտքի կողմից` Թուրքիայի միջոցով» դանդաղ գործունեության ռումբ:
Այսինքն, բոլորը խոսում են, սոցիալական ցանցերում ստատուսներ են գրում, լավագույն դեպքում` լուրջ դեմքերով մամուլի ակումբներում կամ տաղավարներում գուժում են, թե Հայաստանին ինչ արհավիրք է սպասում:
Մինչդեռ, անհերքելի փաստ է, որ Հայաստան պետությունն արդեն իսկ մտել է այդ փաստաթղթով նախատեսված պարտավորությունների դաշտ, թեեւ դեռ ամենն անորոշ է, քննարկման փուլում է:
Կարելի է մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեկնարկն էլ խոսել Փաշինյանի հեռացման անհրաժեշտության մասին, ուղղակի անվերջ խոսել, իսկ դրա արդյունքում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ նրան մանդատ կընձեռվի ու այս իշխանությունը կշարունակի ղեկավարել:
Արձանագրենք, որ միակ ընդդիմադիր ուժը, որը հանդես է գալիս ռացիոնալ առաջարկով` ՀԱԿ-ն է, որն առաջարկում է խաղաղության իրական եւ իրատեսական պլան: Այդ ծրագրի մասին արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսում են:
Սեպտեմբերի կեսերին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը արդարացիորեն գրել էր, որ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց, հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված հսկայական զիջումների: Բացի այդ, Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանը շարունակում է խոշտանգել Արցախի ղեկավարներին եւ հայ ռազմագերիներին իր բանտերում եւ կառուցել քրեական մեղադրանքներ Հայաստանի դեմ: Զուրաբյանի հիմնավորմամբ. «Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման` ԲՌԻՔՍ-ի, այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի եւ ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը: Նման միակողմանի կարգավորումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում խաղաղության հաստատման գործընթացի տակ` էապես բարձրացնելով Հայաստանի պրոքսի պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգները: Հայաստանի ղեկավարության կողմից կատարված զիջումները սպառնում են հայկական պետության ինքնության առանցքին: Ադրբեջանի ճնշման ներքո Անկախության հռչակագրից հրաժարումը եւ մեր պետական խորհրդանիշներից պատմական ինքնությանը վերաբերող բաղադրիչների հեռացումը հավասարազոր է սեփական պատմության եւ ազգային ինքնության ուրացմանը, ինչն ունի հայկական պետության թուլացման եւ ամլացման հեռահար նպատակներ»:
ՀԱԿ-ի խաղաղության պլանը նախատեսում է Զանգեզուրյան տրանսպորտային հանգույցի ստեղծում, աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների հետ «Հայաստանյան դարի գործարքի» կնքում եւ նրանց մասնակցությամբ միջազգային կոնսորցիումի ստեղծում, որն ի լրումն եւ զուգահեռ TRIPP ծրագրով նախատեսված երկաթուղու, պետք է կառուցի եւ շահագործի Հյուսիս-Արեւելք երկաթուղի, ավտոմայրուղի եւ օպտիկական մալուխով լայնաշերտ կապուղի:
Ըստ Զուրաբյանի` այդ պլանը ունի հետեւյալ առավելությունները. «Նրա իրագործումը կբարելավի բալանսը տարածաշրջանում եւ կստիպի Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի վրա անվերջ ճնշումների եւ պահանջների քաղաքականությունից ու կբերի նրան խաղաղության պայմանագիրը ստորագրելու դաշտ: Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատման գոտուց կվերափոխի համագործակցության եւ զարգացման գոտի, ինչը կստեղծի կայուն ու տեւական խաղաղության հեռանկարներ: Հայաստանը դուրս կգա փաստացի շրջափակումից եւ տնտեսական կույրաղիքի կարգավիճակից դուրս գալով, կդառնա համաշխարհային տնտեսության արագ զարգացող հաբերից մեկը, ինչպես նաեւ բարձրացնելով իր կշիռը միջազգային քաղաքականության մեջ: Հայաստանը ստիպված չի լինի գնալ մեր ազգային ինքնությանը սպառնացող նվաստացուցիչ զիջումների, որոնք սպառնում են հայկական պետականության գոյությանը»:
Անցյալ ամիս Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի. Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը հանգամանալից բացատրեց, որ Հայաստանի լրջագույն խնդիրն այն է, որ չունի ելք դեպի ծով, ինչը լրացուցիչ բեռ է, որը թույլ չի տալիս նման երկրներին տնտեսապես զարգանալ, եւ հենց այս ֆոնին շատ կարեւոր նշանակություն է ստանում այն ծրագիրը` TRIPP-ը. «Հայաստանը երկաթուղով փոխկապակցված չէ, Երեւանը Մեղրիի հետ երկաթուղային կապ չունի, Սյունիքի հետ ընդհանրապես: Եթե այս հարցը չի լուծվում, դա նշանակում է TRIPP-ի իրականացման արդյունքում Սյունիքն ավելի շատ կկապվի Ադրբեջանի հետ, ինչը ապագայում կարող է դառնալ շատ լուրջ պրոբլեմ: Երկրորդ խնդիրն այն է, որ մեր բոլոր երկաթուղային ճանապարհները, ելքերը դեպի աշխարհ, բացի Սեւծովյանից, լինելու են կամ Թուրքիայի, կամ Ադրբեջանի միջոցով: Ինչը նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի վրա ունենալու են քաղաքական եւ տնտեսական ճնշման բացառիկ լծակներ: Մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, երբ գործ ենք ունենալու համակարգային արմենոֆոբիայի գաղափարախոսության վրա կառուցված մի երկրի հետ, որի անունն է Ադրբեջանի Հանրապետություն»: Լ. Զուրաբյանը նաեւ հավելեց. «Եթե այս նախագիծն իրականացվի, Պարսից ծոցին երկաթուղային հասանելիություն ունենալու համար պետք է անցնենք երկու երկրներով՝ Թուրքիա, Ադրբեջան, ապա Իրան, նոր միայն հասնենք Պարսից ծոց: Այսինքն, ըստ Համաշխարհային բանկի հաշվարկների, մեր տրանսպորտային ծախսերը 60-100 տոկոսով աճելու են: Այսինքն՝ այս խնդիրներն էլ չենք լուծում»:
Այսպիսով, Լեւոն Զուրաբյանը տարբեր առիթներով, մանրազնին բացատրել է, թե ինչ են առաջարկում: Վերջերս էլ նա ArmComedy-ի` «ԼուրջCast-ի» եթերում մանրակրկիտ խոսեց իրենց առաջարկի մասին:
Հիմա, քաղաքական դաշտի համար սա ոչ միայն բանավեճի կոնկրետ առարկա է, այլեւ գործնականում, իշխանությանը պահանջներ ներկայացնելու ու ներքաղաքական դաշտը համախմբելու համար պատեհ առիթ է:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքական-պետական գործիչները բացի Փաշինյանի իշխանությանը քննադատելը, պարտավոր են իրենց դիրքորոշումը հստակ ներկայացնել TRIPP-ի վերաբերյալ. կամ պետք է հայտարարեն, որ դեմ են այդ ծրագրին, ինչը ենթադրում է, որ տվյալ քաղաքական ուժի իշխանության գալու պարագայում իրենք չեղարկելու են այդ ծրագիրը, իսկ դա ցանկացած քաղաքական ուժի դեպքում պետությանը նոր հարված կլինի, կամ էլ` պետք է շահագրգիռ կողմ դառնան ՀԱԿ-ի ներկայացրած ծրագրին ու համախմբած ստիպեն իշխանությանը Հայաստանի համար շահավետ քայլերի գնալ, որպեսզի այդ ծրագրի գործարկումից հետո էլ ստիպված չլինեն տարիներով խոսել ու ստատուսներ գրել Ֆեյսբուքում` «տեսա՞ք ինչ եղավ…» անիմաստ թեմայի շրջանակներում: Իրադարձությունների ներկայացումը, վերլուծությունը լրագրողների ու փորձագետների գործն է, հասարակությունը վստահաբար խորհրդարանական ուժերին մանդատ չի տվել` սոցիալական ցանցերում տպավորություններով ու գնահատականներով կիսվելու համար:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2025


















































