«…Հիշեք, գիշերին միշտ հաջորդում է այգաբացը …». Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյան
Արագածոտնի թեմն այսօր միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալին Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն և թեմի հոգևոր դասը, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի մեկտեղվում է միասնական աղոթքի:
Այսօր հոգևոր դասն ու հավատավոր զավակներն Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասին աղոթեցին անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար։
Կարդացեք նաև
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը, պատգամելով հարատև ու անդադար մնալ աղոթքի մեջ և հավելեց. «Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։
Արագածոտնի թեմ


















































