Հրավիրված ասուլիսում անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը, որտեղ Կրեմլի պրոպագանդիստն ասում էր, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հետեւյալը նշեց. «Պաշտոնապես դատապարտել ենք այդ երեւույթը, ինչը մեզ համար անընդունելի է, անկախ նրանից՝ դա որ աշխարհաքաղաքական կենտրոնից է արվում, անկախ նրանից, թե այդ երկրի հետ ինչ որակի հարաբերություններ ունենք»:
Իշխան Սաղաթելյանի խոսքով. «Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը որեւէ մեկը չի կարող թիրախավորել: Մենք եւ հրապարակային, եւ այլ հանդիպումների ընթացքում մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք, մեզ համար դա անընդունելի է: Նաեւ անընդունելի եւ ծիծաղելի է այսօրվա իշխանության վարքագիծը, երբ գիշեր-ցերեկ Հայաստանի Հանրապետությունը թիրախավորում են ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանից եւ Թուրքիայից, Հայաստանի ինքնիշխանությունը դնում են հարցականի տակ, սակայն Հայաստանի կողմից որեւէ պատասխան չի հնչում»:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ իշխանությունները դիմել են Արեւմուտքին՝ ուղիղ միջամտելու խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք այդ միջամտությունը կլինի, եւ որքանով է ընդդիմությունը դրան պատրաստ, Սաղաթելյանն ասաց, որ դա խորը մտահոգության տեղիք է տալիս, եւ այդ վտանգի մասին պետք է բարձրաձայնել միջազգային կարեւոր ատյաններում. «Դա ամենախայտառակ սցենարն է, որ կարող է տեղի ունենալ»:
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































