Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն. Նազելի Բաղդասարյան

Փետրվար 03,2026 17:57 Share

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հոդվածը

«Armenpress». Հայտնագործություն չեմ անի, եթե արձանագրեմ, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանում նկատվում է հիբրիդային հարձակումների համատեքստում ապատեղեկատվական արշավների աճ։ Խոսքը սովորական քաղաքական բանավեճի կամ նախընտրական հռետորաբանության մասին չէ, այլ՝ կազմակերպված ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, որոնց նպատակը պետական ինստիտուտների, ընտրական գործընթացի և երկրի ռազմավարական առաջնահերթությունների նկատմամբ վստահության համակարգային թուլացումն է։

Նման միջամտությունները հատկապես ակտիվանում են նախընտրական շրջանում՝ փորձելով շփոթեցնել ընտրողներին, նվազեցնել մասնակցությունը և ընդգծել հասարակական բաժանարար գծերը։ Նույնիսկ փոքր, ժամանակին չչեզոքացված մանիպուլյացիաները կարող են կուտակային ազդեցություն ունենալ հանրային վստահության և ընտրությունների արդյունքների ընկալման վրա՝ կասկած հարուցելով ընտրությունների լեգիտիմության նկատմամբ։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործնականում ապատեղեկատվական շղթան հաճախ սկսվում է քիչ հայտնի կայքերից կամ անանուն հարթակներից։ Այնուհետև նույն բովանդակությունը համակարգված կերպով տարածվում է սոցիալական մեդիայի և Telegram ալիքների միջոցով։ Նպատակը ոչ այնքան համոզելն է, որքան տեղեկատվական դաշտում արհեստական տեսանելիություն ապահովելը՝ ալգորիթմների մանիպուլյացիայի, կեղծ կոնսենսուսի ստեղծման և օտարածին օրակարգի ուղղորդման միջոցով։

Հետագայում նույն պատմությունները ներթափանցում են հայկական մեդիա տիրույթ՝ ներկայացվելով որպես «վստահելի աղբյուրներ»։ Այս փուլում մեդիայի դերը դառնում է բեկումնային․ հրապարակումից առաջ տեղեկատվության ստուգման կամ չստուգման հանձնառությունը կարող է կանխորոշել՝ կեղծ լուրը կդադարի տարածվել, թե՞ առավել կընդլայնվի տարածումը՝ ստանալով «ինստիտուցիոնալ լեգիտիմություն» և ազդելով հանրային ընկալումների վրա։

Վերջին շրջանում ակնառու են դառնում նաև կոորդինացված կեղծ կամ անանուն հաշիվների ցանցերը, որոնք նույն հաղորդագրությունները հրապարակում են նույն ժամին, արհեստականորեն բարձրացնում ներգրավվածության ցուցանիշները և առաջ մղում քաղաքականապես զգայուն բովանդակություն։ Կոորդինացված բոտային ցանցեր՝ ինչպիսին են Matryoshka-ն, Storm-ը և DragonBridge-ը, համաժամանակյա կերպով տարածում են նույն նարատիվները X (Թվիթեր) հարթակում՝ ձևավորելով լայն հասարակական աջակցության կեղծ պատրանք։ Սա տեղեկատվական միջավայրի վրա ճնշման ձև է, որի նպատակը հասարակական տրամադրությունների խեղաթյուրումն ու ճգնաժամային մթնոլորտի պատրանքի ձևավորումն է։

Նոր մարտահրավերների շարքում նկատելի աճ է նաև գրանցվում արհեստական բանականության կիրառումը՝ AI-ով գեներացված տեքստեր, մանիպուլացված ձայնագրություններ, կեղծ տեսանյութեր և հորինված «փաստաթղթեր»։ Այս զարգացումները փոխում են սպառնալիքների բնույթը՝ դարձնելով դրանք առավել արագ, մասշտաբային և դժվար կանխատեսելի։ Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել, այլ նաև զարգացնել կանխարգելիչ կարողություններ՝ տեխնոլոգիական, վերլուծական և իրավական մակարդակներում։ Վստահաբար այս գործողությունների իրական թիրախը որևէ առանձին քաղաքական ուժ չէ։ Թիրախը ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունն է, պետական ինստիտուտների հեղինակությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ապատեղեկատվական նարատիվները, եթե չեզոքացվեն ուշ կամ ոչ ամբողջական, կարող են նվազեցնել ընտրություններում մասնակցությունը և երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության կայունությունը։

Հայաստանի համար տեղեկատվական դիմադրողականությունը վերացական հասկացություն չէ։ Այն ինքնիշխանության, ժողովրդավարության, պետական կայունության եւ լեգիտիմության պահպանման կարևոր նախապայման է։ Հրամայական է դառնում տեղեկատվական դիմադրողականությունը որպես ազգային անվտանգության լիարժեք բաղադրիչ արձանագրելը։ Քանզի հիբրիդային սպառնալիքները՝ ապատեղեկատվություն, կիբեր գործողություններ, կոորդինացված տեղեկատվական մանիպուլյացիա, ուղղված են ներսից թուլացնելուն, հասարակությունը բաժանելուն և ռազմավարական որոշումների նկատմամբ վստահությունը խարխլելուն։

Աներկբա է, որ թափանցիկությունը, փաստերի ստուգման մշակույթը, մեդիա գրագիտության ծրագրերը, պատասխանատու լրագրությունը և ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը ոչ միայն ժողովրդավարական արժեքներ են, այլ ազգային անվտանգության ամրապնդման կարևոր գործոն են մեր օրերում։

Եվ այստեղ է, որ բոլորիս ջանքերը պետք է մեկտեղվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728