Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք, որ նորանկախ Հայրենիքի տարեկիցն է

Փետրվար 18,2026 12:00 Share

Գիրքը բովանդակության եւ ձեւի միասնություն է: Ըստ իս, իհարկե, առաջնահերթորեն կարեւոր է բովանդակությունը: Բայց նախքան այդ բովանդակությանն անդրադառնալը` երկու խոսք ձեւի մասին: Անցյալում առավել տարածված էր «գրքի ձեւավորում» հասկացությունը: Մեր օրերում ավելի շատ շրջանառվում է «գրքի դիզայն» հասկացությունը, որի սկզբունքները պայմանավորված են գրքի երկակի բնույթով. նախ` գիրքը հոգեւոր մշակութային երեւույթ է` գիտական, գաղափարական, գեղարվեստական արժանիքներով, ապա` նյութական մշակույթի առարկա, որ ստեղծվում է տպագրական միջոցներով:

Նախորդ տարի` 2025-ի դեկտեմբերի 12-ին, պատիվ ունեցա մասնակցելու քաղաքագիտության դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանի «Հայոց զորքն Արցախում 1722-1735 թվականներին. կազմավորումը, զինումը, ճակատամարտերը» (2025 թ.) գրքի շնորհանդեսին: Գիրքն ամբողջացրեց նրա նախորդ երկու մենագրությունները` «Արեւելահայության ժողովրդագրությունը XVII-XVIII դարերում եւ հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» եւ «Երեւանի հերոսամարտը՝ 1724 թ. հունիսի 24 – սեպտեմբերի 23»` կազմելով կուռ եռագրություն:

Ակնածանքով ձեռքս առա ստվարածավալ գիրքը, եւ առաջինը, որ գրավեց ուշադրությունս` գրքի կազմի ձեւավորումն էր. սովորաբար ընդունված կարգ է եղել՝ հեղինակի անունին հաջորդում է գրքի վերնագիրը: Խոնարհումս հեղինակին, քանզի նա կարեւորել է բուն նյութը, առավել եւս՝ Արցախի թեման եւ իր անունը նախընտրել է համեստորեն տեղադրել վերնագրից հետո, էլ չասած՝ տառատեսակի տարբերությունը: Ուշագրավ էր Համազգային մշակութային միության Արցախի գրասենյակի խորհրդի անդամ, վերլուծաբան, հրապարակախոս Միքայել Հաջյանի խոսքը. «Այս գիրքն ինձ համար մի յուրօրինակ գյուտ է: Դա մեկ շնչով կարդալու գիրք չէ: Ես անձամբ անակնկալի եմ եկել, որովհետեւ այդ տվյալները մենք չենք հանդիպել մեր դպրոցական եւ համալսարանական դասագրքերում: Աշխատության մեջ ներկայացված է միանգամայն ճշգրիտ եւ ճշմարիտ պատմություն: Մեր փառավոր պատմության ոչ բոլոր դրվագներն են, որ սերունդների ուշադրությանն են ներկայացվել պատմագիրների կողմից: Գիրքը պարունակում է բազմաթիվ պատմական բացահայտումներ եւ նոր տվյալներ 1722-1735 թթ. Արցախում կազմավորված զորքի մասին ազգային ազատագրական պայքարում: Պատմությունը միայն անցյալ չէ, պատմությունը նաեւ ներկա է: Գիրքը յուրօրինակ դաս է ներկա եւ գալիք սերունդների համար»:

Հիմնարար աշխատությունում առաջին անգամ համալիր ուսումնասիրության են ենթարկվում 1720-ական թթ. Արցախում (Ղարաբաղ) հայկական զորքերի կազմավորումը, զինումը, թիվը, հրամանատարական կազմը եւ մարտական պատմությունը` գլխավոր ճակատամարտերի ժամանակագրության, վայրերի եւ արդյունքների ճշտմամբ: Հեղինակը մանրազնին քննության է առել սկզբնաղբյուրները` նպատակ ունենալով բացահայտել հայոց սպառազինման հիմնական միջոցները` տեղական արտադրությունը եւ թշնամուց զենքի առգրավումը, հստակեցնել զենքերի տեսակները, դրանց արդիականությունը եւ քանակը: Հեղինակը խորազնին մեկնաբանության է ենթարկել Արցախում եւ Սյունիքում ձեռքի հրազենի զանգվածային տարածման սոցիալ-քաղաքական նշանակալի հետեւանքները` ներառյալ յուրօրինակ պետական- հասարակական համակարգում տեղ գտած ազգային ժողովրդավարության տարրերը:

«1722-1735 թթ. Արցախի ազատագրական-ինքնապաշտպանական պատերազմի պատմությունը տակավին պատշաճորեն հետազոտված չէ: 19-րդ դարավերջից սկսյալ աղբյուրագիտական ծավալուն աշխատանքների հիման վրա մի շարք պատմաբաններ անդրադարձել են սույն թեմային` կատարելով արժեքավոր բացահայտումներ եւ ճշգրտումներ: Մեր նախնիների պայքարն այսօր էլ մեզ ուժ է տալիս կանգուն մնալու. չէ՞ որ ազգային ինքնակազմակերպման ու դիմադրության այդ մեծ փորձը պատմության կենդանի դաս է բոլորիս համար: Այդուամենայնիվ, 1990 թ. ի վեր ընդհատումներով, հրապարակված բազմաթիվ հետազոտություններում քայլ առ քայլ ճշգրտել ու պարզաբանել եմ 1720-ական թթ. հայոց ազատամարտի խրթին ու տարատեսակ հարցերը»,- ասում է Արմեն Այվազյանն ու շարունակում.

«Այդ ուսումնասիրությունները, սակայն, հանգել էին անբավարար արդյունքի, իսկ որոշ առանցքային հարցերում` կոպիտ սխալների, որոնք հետեւողականորեն քննվում ու հերքվում են այս գրքում: Մասնավորապես թռուցիկ եւ մակերեսային լուսաբանում էին ստացել այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են Արցախում հայոց զորքի վերստեղծման ժամանակը, հանգամանքները, ընդհանուր թվաքանակը, հրամանատարական կադրերը, զորահավաքները, կազմավորման ու զինման գործընթացները, զենքի քանակն ու տեսականին: Բացի այդ, հայոց ճակատամարտերն ու կարեւոր ռազմագործողությունները չեն դասակարգվել ըստ ժամանակագրական հերթականության, վայրերի ու հետեւանքների: Որոշ ռազմագործողություններ աննկատ են մնացել, որոշներն էլ՝ թյուրիմացաբար միախառնվել: Արդյունքում այդ մեծ ազատամարտի վերաբերյալ մեր գիտելիքներն ու պատկերացումները մինչ վերջերս եղել են մեծապես թերի, հաճախ էլ՝ անստույգ»:

Պատմության այս հատվածի հետազոտվածության թույլ վիճակը մասամբ բացատրվում է սկզբնաղբյուրային հենքի բարդությամբ` պատմական տեղեկությունների տարանջատված, հատվածային, բազմալեզու եւ բարբառային բնույթով: Մեկ-երկու ավարտուն աղբյուրների բացառությամբ` հետազոտողը գործ ունի միայն ստուգման եւ վերստուգման կարոտ պատառիկային հաղորդումների հետ, որոնք ցրված են զանազան դիվանային վավերագրերում, հայ եւ օտար ժամանակակիցների երկերում, հուշերում, նամակագրություններում, դիվանագիտական, ռազմական, հետախուզական զեկուցագրերում:

1720-ական թթ. արեւելահայկական Ղարաբաղ (Արցախ) եւ Ղափան (Սյունիք) նահանգներում դարավոր բացակայությունից հետո վերստեղծվեցին հայկական զորքեր, որոնց ընդհանուր թիվը հասնում էր մոտ 60 000 մարտիկի: Նրանց մեծ մասին հաջողվեց զինել ժամանակի ամենաարդիական հրաձգային զենքերով՝ կայծքարե հրացաններով ու ատրճանակներով: Հրազենի առաջին խոշոր խմբաքանակը՝ շուրջ 10000 կայծքարե հրացան, բերվել է Արցախ 1722 թ. հունիսին, երբ սեֆյան բանակի նախկին սպաներից ու զինվորներից կազմված հայկական փոքրաթիվ ջոկատը, Ավան-յուզբաշու հրամանատարությամբ, Կուր գետի աջ ափին հարձակվել ու փախոստի է մատնել Քալբալի-բեկի գլխավորած զորախմբին՝ առգրավելով նրա ճամբարում լքված զենքերն ու ռազմամթերքը: Ճշտվել են 1724-1734 թթ. ընթացքում հայոց զորքերի եւ Հարավային Կովկաս եւ բուն Իրանի տարածք ներխուժած թուրք-օսմանյան բանակների միջեւ տեղի ունեցած տասնվեց խոշոր ճակատամարտերի տարեթվերը, հաճախ՝ ամիսն ու օրը, վայրերը, ինչպես նաեւ օսմանցիների կրած կորուստները` շուրջ 60-70 հազար սպանված:

1723-1728/29 թթ. Արցախում կողք-կողքի գոյակցել են հայկական երկու անկախ ռազմաֆեոդալական միավորումներ, որոնք երբեմն դաշնակցել են արտաքին թշնամու դեմ՝ Ավան-յուզբաշու ընդհանուր հրամանատարությամբ, երբեմն էլ` միմյանց հետ մրցել, հակառակվել, նույնիսկ բախվել: Այդ ուժերից առավել հզորը Ավան-յուզբաշու եւ նրա շիրվանցի զինակիցների գլխավորած առանձին, ամուր իշխանապետությունն էր, որն ունենալով Շուշի ամրոց-կենտրոնը, կազմում էր հայոց Սղնախների կորիզն ու հիմքը: Արցախում ի հայտ եկած մյուս հայկական ռազմաֆեոդալական միավորումը բաղկացած էր Գյուլիստանի, Ջրաբերդի եւ Վարանդայի մելիքներից: Նրանք խանդոտ եւ անբարյացակամ վերաբերմունք ունեին Ավան-յուզբաշու իշխանապետության նկատմամբ եւ երբեմն նույնիսկ բացահայտորեն պայքարում էին շիրվանցի ռազմիկների դեմ: Ղարաբաղցի մելիքների այս եռյակ դաշինքը, սակայն, պակաս կայուն էր. 1725 թ. ի վեր Վարանդայի հրամանատարների սպանությունը, որը կազմակերպել էր Վարանդայի մելիք Բաղերը, խոր եւ ցավոտ հոգեբանական վնաս հասցրեց ազատագրական պայքարի մասնակիցներին: Այդ ոճիրը լրջորեն թուլացրեց Արցախի հայկական ուժերը միասնական հրամանատարության ներքո համախմբելու եւ ազգային-ազատագրական ճակատ ձեւավորելու ջանքերը: Սակայն շիրվանցի առաջնորդների՝ Ավան-յուզբաշու, Թարխան-յուզբաշու եւ մյուս նշանավոր հրամանատարների հայրենասիրության, կարգապահության եւ բացառիկ զսպվածության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ քաղաքացիական բախումներից: 1725 թ. սկզբից մելիք Բաղերը միացավ Ավան-Յուզբաշու դաշինքին եւ նրա հետ հավատարիմ պայքար մղեց օսմանյան զավթիչների դեմ՝ այդ գործին նվիրված մնալով մինչեւ իր մահը (1727-1730 թթ. միջակայք):

Ժամանակը կարժեւորի գիտնականի վաստակը: Գիրքը ծնունդ է առել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կամարների ներքո. անխոնջ գիտնականի տքնաջան աշխատանքի արգասիքը մտովի մեզ տանում է միջնադար՝ հայոց վանական համալիրները, որտեղ աղոտ լույսի տակ գիշեր-ցերեկ գրել են մեր հոգեւոր հայրերը, անհայտության ճիրաններից մատյաններ են փրկել գրիչները, գրքերը նկարազարդել են ծաղկողները…

Արդեն 20-րդ դարում Պարույր Սեւակը, ոգեշնչված հայոց պատմության էջերով, պիտի գրեր իր «Դուք հո՞ղ եք ուզում» բանաստղծությունը, որից մեջբերեմ վերջաբանը.

…Քարն էլ անվճար ձեզ վրա դնենք,

Հայոց տառերով մեծատառ գրենք.

ՍԱ Է ՄԻՇՏ ՎԵՐՋԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԵԿԻ,

ՈՎ ՀԱՅԻ ՏՈՒՆԸ ԶԵՆՔՈՎ ԿՄՏՆԻ:

Արմեն Այվազյանի «Հայոց զորքն Արցախում 1722-1735 թվականներին. կազմավորումը, զինումը, ճակատամարտերը» աշխատության բազում դրվագներ` պատմական ստույգ հենքով, պարարտ հող եւ հարուստ աղբյուր են էպիկական կինոսցենարների համար: Գիրքը` գիտականին զուգահեռ, նաեւ դասագրքային արժեք ունի. կարծում եմ՝ հանրամատչելի տարբերակով այն պիտի դառնա ռազմական ուսումնական հաստատությունների ծրագրերի պարտադիր բաղկացուցիչ մասը: Սույն աշխատությունը նաեւ կոչ է՝ անաղարտ պահելու ազգային պատմական հիշողությունը, պայքարելու զեղծարարության, կեղծիքի, արժեքների խեղաթյուրման դեմ, մաքառելու հանուն ճշմարտության:

Ի դեպ, «Վահան Թեքեյան» 2025 թ. միջազգային մրցանակաբաշխությունում գիրքն արժանացել է «Բագրատ Նազարյան» մրցանակի:

Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728