Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելու ուղղված աշխատանքները։
Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ դա նոր խթան կհանդիսանա երկկողմ ավելի սերտ համագործակցության համար։
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության ներքո։ Անդրադարձ է կատարվել նաև այլ ձևաչափերում փոխշահավետ ներգրավվածությանը, առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին՝ ներառյալ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։
Կարդացեք նաև
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին։
ՀՀ ԱԳՆ


















































