Ավելի քան կես դար կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը կիսում է երաժշտության հանդեպ իր սերը հանդիսատեսի հետ։ Միջազգային մամուլն ու երաժշտաքննադատները մեր հայրենակցին ներկայացնում են որպես մագնիսական ձգողականությամբ, բարձրարվեստ մեկնաբանությամբ երաժշտի, որի յուրաքանչյուր բեմել իրադարձություն է։
Այս դիտարկմանը մենք արդեն երրորդ անգամ համոզվեցինք (առաջին այցը հայրենիք կայացել է 1997 թ․) օրերս՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) մաեստրոյի՝ Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ի (մենակատար՝ հարավկորեացի Սոյուն Յուն) և Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից հատվածների՝ ինքնատիպ ու բարձրարվեստ մեկնաբանությունների շնորհիվ։
Կարդացեք նաև
Aravot.am-ը Փիթեր Ունջյանին հայաստանյան նախկին ելույթից հետո (2022 թ․), դարձյալ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, պարզեց, որ մինչ դիրիժորի կարիերա սկսելը՝ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել՝ թիմի ավագ, ասել է թե՝ լիդեր։ Հիշեցնենք, որ մաեստրոն այս առնչությամբ ասել էր. «Հարյուրավոր նվագախմբերի հետ եմ աշխատել, ինչը նշանակում է, թե ամեն օր շփվելով, ստեղծագործելով մեկ նվագախմբում շուրջ 70 երաժշտի հետ, անհրաժեշտ է ունենալ նաև լավագույն մարդկային գործոն, ինչն անհրաժեշտ է նաև ֆուտբոլային թիմում։ Մարդկանց հետ ճիշտ հարաբերվելը, դա էլ է արվեստ։ Կուզեմ ասել, որ դեռևս պատանեկան շրջանից մինչև այսօր, թող զարմանալի չթվա, ես աշխատում եմ ճիշտ հարաբերվել մարդկանց հետ, դա էլ է արվեստ»։
Մաեստրոյի հետ հանդիպմանն այս անգամ ոչ մշակութային հարց ուղղեցինք՝ կապված աշխարհում տիրող իրավիճակի հետ, ինչը չի «անցնում» մշակույթի կողքով՝ իր կնիքը, ազդեցությունը թողնելով մշակույթի վրա, մյուս կողմից՝ առիթ ծառայելով նոր ստեղծագործությունների ստեղծմանը։
Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Կոմպոզիտորական արվեստը միշտ եղել է ժամանակի արտացոլանքը, իսկ մարդկության պատմությունը, ցավոք, լի է պատերազմներով և լարված իրավիճակներով, ինչպես և այժմ։ Տեսեք՝ Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որ հնչեցրինք, գրվել է ստալինյան բռնաճնշումների ժամանակ և կրում է այդ դարաշրջանի կնիքը։ Մեր՝ երաժիշտներիս առաքելությունն է օգնել մարդկանց ցանկացած իրավիճակներում մնալ մարդ։ Պարզապես պոլիտիկները կորցրել են կապը մշակույթի հետ և իշխանության գալու կամ իրենց իշխանությունը երկարաձգելու համար պատրաստ են ամեն ինչի»։
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ մաեստրո Ունջյանը երևանյան բեմում։






















































