Այսօր հայկական սոցցանցային տարածքում հարյուրավոր մարդիկ իրենց դնում են խոշոր իրանագետների կամ Միջին Արեւելքի մասնագետների տեղ՝ մեկնաբանելով մարտական գործողությունների ակտիվացման հերթական փուլը: Ես այդ մեկնաբանների շարքին չեմ պատկանում, որովհետեւ չունեմ տեղեկություններ, որոնք դուրս են բոլորին մատչելի միջազգային լրահոսից:
Կարող եմ խոսել ինձ համար ակնհայտ, անվիճելի բաների մասին: Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը խափանելն է, ինչպես երեսպաշտորեն պնդում են ԱՄՆ-ում, այլ իրեն դուր չեկող ռեժիմի փոփոխությունը: (Ինձ էլ դուր չի գալիս այաթոլաների ռեժիմը, բայց, ի տարբերություն Թրամփի, ես կարծում եմ, որ այդ հարցով պետք է զբաղվի Իրանի ժողովուրդը, ոչ թե «Տոմահավքները»):
Եթե Իրանում ռեժիմն այնպես փոխվի, ինչպես ԱՄՆ-ն է նախատեսում, ապա այդ երկրում ժողովրդավարություն չի հաստատվի, այլ կլինի նույն վիճակը, որը կա Իրաքում, Լիբիայում, Սիրիայում: Հարեւան եւ բարեկամ երկրի նման վիճակը մեզ՝ Հայաստանին, ամենեւին ձեռնտու չէ: Ուժեղ Իրանը, նույնիսկ եթե բացահայտ կերպով չի միջամտում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին, բոլոր դեպքերում զսպիչ գործոն է մեր ոչ բարյացակամ հարեւանների համար:
«Խաղաղության խաչմերուկի» մասին էլ չենք խոսում՝ այս իրավիճակում դա որպես ծաղր է հնչում:
Կարդացեք նաև
Թրամփը, որը գրեթե ամեն օր պարծենում է, որ 6 (կամ 7, կամ 8՝ նայած տրամադրությանը) պատերազմ է կանգնեցրել, այժմ Իսրայելի հետ միասին սկսել է մարտական գործողություններ, որոնք իրենց մասշտաբով կարող են գերազանցել իր բոլոր՝ իբր «կանգնեցրած» պատերազմները: Այս վերջին սրացումը ես «նոր պատերազմ» չեմ անվանում, որովհետեւ պատերազմը Միջին Արեւելքում, որի գլխավոր «թրիգերը» Իրան-Իսրայել հակամարտությունն է, երբեք չի դադարել: Պարզապես այն ունի մերթ հարաբերական հանգիստ, մերթ սուր փուլեր:
Իհարկե, ԱՄՆ-ը այդքան ագրեսիվ չէր լինի, եթե Ռուսաստանը թուլացած չլիներ Ուկրաինայի հետ իր պատերազմի պատճառով: Ինչպես Սիրիայի եւ Վենեսուելայի, այնպես էլ Իրանի դեպքում, ՌԴ-ն սահմանափակվում է դատապարտող հայտարարություններով՝ վկայակոչելով միջազգային իրավունքը: Ավելի լավ է՝ չվկայակոչեր, որովհետեւ այն, ինչ այդ երկիրն անում է վերջին 4 տարիների ընթացքում՝ 2022-ին Ուկրաինայի վրա հարձակվելով, այդ իրավունքի նույնպիսի կոպիտ խախտում է: Հիրավի, երեսպաշտության շքերթ է:
…Վերջերս Թրամփը «Խաղաղության խորհուրդ» էր ստեղծել: Այդ խորհուրդը ոչինչ չունի՞ ասելու՝ Իրանի վրա հարձակվելու թեմայով: Այդ կազմակերպությունը նույնքան «հեղինակավոր» է, որքան ՄԱԿ-ը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































