«Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է ողջունել ձեզ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ մարտի 3-ի կապակցությամբ, որը բուլղար ժողովրդի համար ազատության, պետականության և պատմական հիշողության խորհրդանիշ է։ 1878թ. այս օրը Բուլղարիան վերականգնեց իր անկախությունը գրեթե 5 դար տևած օսմանյան տիրապետությունից հետո։
Մարտի 3-ը խորհրդանշում է բուլղար ժողովրդի ազատության, արժանապատվության, սեփական ապագան որոշելու իրավունքի անսասան ձգտումը՝ արժեքներ, որոնք այսօր էլ մնում են մեր ազգային ինքնության և արտաքին քաղաքականության հիմքում։
Բուլղարիան խորապես հավատում է բազմակողմանիությանը, երկխոսությանը և միջազգային համագործակցությանը՝ որպես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հիմքերի»,- նշեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Նիկոլա Նիկոլովը՝ Բուլղարիայի ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ։
Կարդացեք նաև
Դեսպանն ընդգծեց, որ որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նվիրված անդամ՝ Բուլղարիան նպաստում է տարածաշրջանում կայունության և կապակցվածության ամրապնդմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, դեսպանի խոսքով, երկու երկրները կապված են վաղեմի պատմական, մշակութային և հոգևոր շղթաներով, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և բարեկամության ավանդույթներով։
Ի թիվս այլնի, դեսպանի համոզմամբ, գոյություն ունի զգալի ներուժ՝ բուլղարահայկական հարաբերություններն ավելի խորացնելու՝ առևտրի և ներդրումների, կրթության, մշակույթի, նորարարության և զբոսաշրջության ոլորտներում։ Նիկոլա Նիկոլովը նաև հավելեց, որ Բուլղարիան, որպես ԵՄ-ի անդամ, պատրաստ է կիսվել իր փորձով և կառուցողականորեն նպաստել Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը կառավարության անունից շնորհավորեց Բուլղարիայի դեսպանին՝ երկրին մաղթելով խաղաղություն և բարգավաճում։ Նա ասաց, որ Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հետևողական զարգացումը և ամրապնդումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, արդյունավետ և փոխշահավետ բազմաոլորտ համագործակցության խորացման և միջմարդկային կապերի խթանման միջոցով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































