Վերջին տարիներին առավել սուր բնույթ է ստանում Հայաստանի աշխատաշուկայի հետ կապված կարևոր մի խնդիր, որը դրսևորում է բուհական կրթության և իրական աշխատանքի պահանջների տարբերությունը։ Հասարակության լայն շրջանակները, գործատուները, ինչպես նաև հենց ուսանողները հաճախ բարձրաձայնում են, որ բուհական կրթությունը այլևս, մեղմ ասած, ոչ միշտ է տալիս այն գիտելիքները, հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայի դինամիկ զարգացող պայմաններում աշխատանք գտնելու և շարունակական մասնագիտական աճ ունենալու համար։ Սա հանգեցնում է անմիջական հարցի՝ բուհերը կորցնո՞ւմ են, արդյոք, իրենց վրա դրված ակնկալիքների և վստահության ծանրությունը։ Եթե այո, ապա ինչո՞ւ, և ի՞նչ կարելի է անել այդ իրավիճակը շտկելու համար։
Հայաստանում ներկայում աշխատանքի շուկան ունի իր առանձնահատկությունները, որոնք որոշ չափով փոխկապակցված են նաև աշխարհի միտումներին, սակայն ունեն նաև տեղական երանգներ։ Տեղեկատվական և, ընդհանրապես, տեխնոլոգիական ոլորտներում կա մեծ պահանջարկ նոր մասնագետների համար, սակայն այդ պահանջարկին լիարժեք բավարարելու համար պահանջվող հմտությունները երբեմն դուրս են դասական բուհական ծրագրերից։ Շատ երիտասարդներ, խուսափելով համալսարանական քառամյա կրթությունից, նախընտրում են մասնագիտական արագընթաց դասընթացներն ու հավելյալ կրթական ծրագրերը։ Նրանք հաճախ ընտրում են ինքնուսուցման ճանապարհը՝ օգտվելով համացանցային ռեսուրսներից կամ միջազգային կրթական հարթակներից, ինչը թույլ է տալիս անմիջապես անցնել գործնական աշխատանքի՝ հաճախ դեռ ուսանողական տարիներին։ Այս միտումը որոշակիորեն նվազեցնում է վստահությունը բուհական համակարգի նկատմամբ։ Թեև համալսարանական տեսական գիտելիքներն, անշուշտ, առանցքային են, սակայն այլևս բավարար չեն։ Այսօր առաջնային են համարվում պրակտիկ փորձն ու մասնակցությունը իրական նախագծերին։
Իրավիճակն առավել արտահայտիչ է տնտեսագիտության, իրավագիտության, մանկավարժության և լեզվաբանության պես ավանդական ոլորտներում։ Այստեղ շրջանավարտները հաճախ բախվում են աշխատաշուկայի կարծրացած ու սահմանափակ համակարգերին, անառողջ մրցակցությանը, ինչպես նաև գործատուների կողմից առաջարկվող խիստ սահմանափակ հնարավորություններին։ Արդյունքում շատերը ստիպված են լինում կա՛մ ընտրել մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանք, կա՛մ փոխել որակավորումը, կա՛մ էլ արտագաղթի միջոցով լքել երկիրը՝ նախընտրելով աշխատանքի որոնումն արտերկրում։ Այս ամենն էլ ավելի է սրում երիտասարդության դժգոհությունը ներքին շուկայում՝ բարձրացնելով առանցքային մի հարց՝ ինչո՞ւ համալսարանը հաճախ չի իրականացնում իր հիմնական առաքելությունը։
Բուհերը, նույնիսկ բարեփոխումների ցանկության դեպքում, հաճախ բախվում են լուրջ կառուցվածքային ու ֆինանսական խնդիրների։ Դասախոսական կազմի զգալի մասը, տարիքային գործոնով պայմանավորված, միշտ չէ, որ կարողանում է կրթական գործընթացում ներդնել ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան նորարարական գործիքակազմ։ Ուսումնական նյութերը թարմացվում են դանդաղ կամ ընդհանրապես չեն համապատասխանում արդի մարտահրավերներին։ Բացի այդ, գործատուի և համալսարանի միջև հաճախ բացակայում է սերտ համագործակցությունը, որը հնարավորություն կտար մշտապես արդիականացնել ուսումնական ծրագրերն ու ուսանողներին ապահովել գործնական փորձառությամբ՝ լինի դա մասնագիտական պրակտիկայի, համատեղ նախագծերի թե ստաժավորման ձևաչափով։
Ստեղծված իրավիճակում հստակորեն տարանջատվում է երկու մոտեցում։ Տեխնոլոգիական և կիրառական հմտություններն արժևորող երիտասարդները հիմնականում հենվում են ինքնակրթության, վեբինարների, առցանց դասընթացների և մենթորության վրա, մինչդեռ ավանդական կրթությունը շարունակում է մնալ առաջնային արժեք առավել պահպանողական զանգվածի համար։ Այս երկփեղկվածությունը մատնանշում է համակարգային մի լուրջ խնդիր։ Բուհական համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որոնք պետք է ընդգրկեն ինչպես ուսումնական ծրագրերի արդիականացումը, այնպես էլ բուհերի կառավարման ու դասավանդման մեթոդաբանության վերանայումը։
Հաջողության բանաձևն այսօր արագ փոփոխվող տնտեսական պահանջներին հարմարվելու ճկունությունն է, ռիսկի դիմելու պատրաստակամությունը և սեփական գաղափարները գլոբալ շուկայում մրցունակ դարձնելու ունակությունը։ Սա լուրջ ազդակ է բուհական համակարգի համար՝ վերանայելու սեփական դերն ու առաքելությունը՝ վերածվելով ոչ թե պարզապես գիտելիք փոխանցող, այլ աշխատանքի ու գործարարության համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծող կառույցների։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով


















































