Եթե որևէ մեկը թեկուզ նեղ շրջապատում ասի, թե իր ծննդյան վկայականն իրականում իր մահվան վկայականն է, ապա կողքինները արդարացիորեն կանհանգստանան նրա հոգեկան առողջության համար: Միգուցե որևէ մեկը մտածի, թե նա փիլիսոփայաբար կատակում է: Բայց, ընդհանուր առմամբ, նման բան ասողին կնայեն տարօրինակ հայացքով: Դա՝ կենցաղում:
Մինչդեռ քաղաքականության մեջ, համենայն դեպս, Հայաստանի քաղաքական դաշտում, ավելին՝ այդ «դաշտի» ամենից բարձր՝ ԱԺ ամբիոնից, այն էլ՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը… Հայաստանի մահվան մասին է: Բառացի այսպես. «Եվ ասում եմ, Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն՝ անկախ պետություն պետք է չլինի»,- պնդում է Փաշինյանը:
Մի կերպ հաղթահարելով «իյա՜, իրո՞ք»-ով կամ նման մեկ այլ ֆրազով արձագանքելու մեծ գայթակղությունը, այնուամենայնիվ, համբերատար, առանց հույզերի, զինված ողջամտության երևակայական նշտարով, դիտարկենք, թե ինչի մասին են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանց վրա հիմնված գործողությունները:
Եվ, երբ որևէ մեկը, առավել ևս՝ տվյալ պետության քաղաքական իշխանության ղեկավարը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում է, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու մասին է, նա գործնականում ուժգին հարված է հասցնում նույն այդ պետության հիմքերի հիմքին:
Կարդացեք նաև
Գաղափարաքաղաքական տեսանկյունից՝ մյուս հարվածը, որն ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ, Արցախյան շարժումը ուրանալը, հերքելը կամ չեղյալ հայտարարելն է: Հայաստանի ներկայիս պետությունը, որ տարածքով ձևավորվել է Հայկական ԽՍՀ հենքի վրա, բովանդակային առումով հենց Արցախյան շարժման ծնունդ է: Ուստի, երբ Նիկոլ Փաշինյանը առիթ-անառիթ հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը այլևս փակված է», նա գործնականում հայտարարում է, որ փակված է, ջնջված է կամ վերացված է Հայաստանի Հանրապետության գոյության գաղափարաքաղաքական հիմնասյուներից մեկը:
Հենց այս դիտարկումներն են հիմք տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի գլխավորությամբ իրականացվող գործընթացը ոչ թե «իրական Հայաստան» կամ «4-րդ հանրապետություն» ստեղծելու տպավորություն թողնի, այլ հենց պետականության ապամոնտաժման: Ավելին, ոչ թե՝ ապամոնտաժման, այլ հենց կազմաքանդման:
Բայց միայն Անկախության հռչակագիրը կամ զուտ գաղափարաքաղաքական շերտը չէ: Այլ շերտեր էլ կան:
Ահավասիկ, նման մի շերտ է բոլոր ասպեկտներով ադրբեջանական, նաև թուրքական պահանջների կատարումը Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանության ու նրա լիդերի կողմից: Կա՞ էլի որևէ բան, որ այնտեղից ասել են, իսկ Փաշինյանը չի արել կամ չի նախազդել, որ կանի:
Այսպես կոչված՝ սահմանազատո՞ւմ՝ ադրբեջանական կողմին տարածքային ու դիրքային զիջումներով: Արվել է և դեռ արվելու է: Այսպես կոչված՝ անկլավների հանձնո՞ւմ: Խոստացվել է ու օրերս էլ հայտարարվեց, որ արվելու է, ի լրումն՝ հայկական տարածքները ադրբեջաներեն անվանելով (իբր, որ դրա պատճառով պատերազմ չսկսվի):
Արցախյան ազատամարտում հաղթած զինվորականների, ղեկավարների բանտարկում և դա՞տ, քրեականի անվան տակ քաղաքական հետապնդումնե՞ր: Արվել է և արվում է: Հիմա՝ առավել ևս: Գործեր են հարուցված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նախօրեին նա արդեն չորրորդ անգամ կալանավորվեց, պարբերաբար գործեր են հարուցվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Ով կարծում է, թե սա զուտ Փաշինյանի «հոգին փառավորվելու» համար է, թող հպանցիկ աչքի անցկացնի ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնց էջերից անթաքույց ցնծություն է ծորում:
Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերա՞զմ: Կատարված է և տակավին կատարվում է: Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում՝ Վաղարշապատում, դատարանի դահլիճում քննվում էր մտացածին մի «գործ», որի շրջանակում մեղադրանքներ են ներկայացված Ամենայն հայոց կաթողիկոսին, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Միայն այս ձևակերպումն ինքնին սարսափելի է:
Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ հենց պետականության կազմաքանդում: Առավել ևս, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն ազգային ինքնության, այլև ազգային պետականության հիմնասյուներից մեկն է:
Հաջորդ շերտը՝ հողեղեն ու կենսական: Այն է՝ տնտեսությունը: Ի՞նչ պետություն, եթե ինքնաբավ տնտեսություն չունի: Ի՞նչ է արվում տնտեսության հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































