«Երեկվա ավտոարշավով այսօրվա իշխանությունները ուզում էին ցույց տալ, թե ժողովրդի կողմից իրենց աջակցություն կա։ Բայց Գյումրիում անսպասելի բան չկար։ Առանձնապես վերջին ժամանակներին մենք գիտենք, թե Գյումրիի ժողովուրդն ինչ տրամադրություն ունի թե ընտրությունների հետ կապված, թե երկրի ու ժողովրդի վաղվա ապագայի հետ ընդհանրապես»,- ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ երեկ դեպի Գյումրի կազմակերպած ավտոերթի մասին։
«Բայց իշխանությունները իրենց պարտություններից շեղելու համար փորձում են օգտագործել տարբեր միջոցներ՝ համերգի ձևով, ինչ-որ բան ուտելու տեսքով։ Բայց տպավորությունը տհաճ է։ Ու այդ խայտառակ տեսարանները բացի մեզանից ամբողջ աշխարհն է տեսնում, մեր հարևան պատմական թշնամիներն էլ են տեսնում։
Թշնամի երկրի ղեկավարներն այսօր ինչո՞վ են զբաղվում։ Տարբեր երկրների հետ հարաբերությունները բարելավելով, իրենց անվտանգության հարցերով և այլն։ Իսկ մեր երկրի ղեկավարությունը այս ծանր իրավիճակում, ժողովրդի վշտի ու ցավի մեջ միայն իրենով է զբաղվում, փորձում է հանրությանը միայն սուտ խոստումներ տալ։ Բայց ժողովուրդն արդեն հասկացել է, արդեն արթնացել է։ Այսօր ժողովրդի մեջ կարիք չկա գնալ, ամեն մարդու բացատրել, թե ինչ է կատարվում։ Հանրության մեջ ես արդեն տեսնում եմ զարթոնք, տեսնում եմ, որ կարողանում է ճիշտ կողմնորոշվել։
Մեր խնդիրը հիմա ազգային ուժերը համախմբելն է։ Եվ դա արդեն ընդդիմադիր դաշտի, նրանց ղեկավարների աշխատանքն է։ Բոլորը միայն մի անելիք ունեն՝ համախմբվել և միասնական գնալ պայքարի։ Ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդն արդեն գիտակցում է։ Առանձին-առանձին գնալով հաղթանակ չի լինելու։ Հաղթանակ ունենալու ենք ազգային միասնության հիման վրա»,- ասաց արցախցի հասարակական գործիչը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































