Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։
Նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը։ Պատգամավորը նշել է՝
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ելույթ եմ ունենում այս դահլիճում ոչ միայն իբրեւ պատգամավոր, այլեւ նաեւ որպես մի հասարակության ներկայացուցիչ, որը վերջին տարիներին կատարել է շատ գիտակցված եւ երբեմն դժվար ընտրություն՝ իր պետականության կենտրոնում դնելով ժողովրդավարությունն ու խաղաղությունը։
Կարդացեք նաև
2018 թվականից ի վեր Հայաստանի ժողովրդավարական ուղին չի եղել հեշտ։
Այն ենթարկվել է բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, տարածաշրջանային անկայունություն, ներքին ճնշումներ։ Այնուամենայնիվ, այն դիմացել է եւ ամրապնդվել։ Այսօր Հայաստանը առաջատար միջազգային ինդեքսներով ճանաչված է որպես խոսքի եւ լրատվամիջոցների ազատության բարձր մակարդակ ունեցող երկիր։ Սա վերացական նվաճում չէ. այն արտացոլում է իրականությունը, որտեղ հանրային քննարկումը կենսունակ է, քննադատական, երբեմն անհարմար, բայց ազատ։
Սա հատկապես կարեւոր է ավելի լայն եվրոպական համատեքստում, որտեղ մենք տեսնում ենք ավելի ու ավելի բարդ ընտրական դինամիկա, այդ թվում՝ արտաքին աջակցությամբ ներքին գործընթացներին միջամտելու փորձեր՝ հիբրիդային գործիքների միջոցով։ Դժբախտաբար, Հայաստանը նույնպես բախվում է նմանատիպ մարտահրավերների, այդ թվում՝ կազմակերպված ապատեղեկատվական արշավների, արտաքին շահերը սպասարկող օրակարգերի առաջխաղացմանը։ Առավել ցնցող եւ միաժամանակ ցավալի է այն, որ Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի առաջնորդի գլխավորությամբ բարձրաստիճան հոգեւորականները գործիքայնացվում եւ ակտիվորեն ներգրավվում են երրորդ երկրների շահերը Հայաստանի դեմ սպասարկելու գործում։
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, իրավապահ մարմիններից մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին՝ ընդդիմության կողմից ընտրական գործընթացներում դրանց ապօրինի օգտագործման հիմնավոր կասկածներով։ Կան նաեւ փաստաթղթավորված դեպքեր, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնք վկայում են ընդդիմության կողմից ընտրակաշառքի համակարգված աշխատանքների մասին։ Սա նշում եմ՝ ընդգծելու համար մի պարզ իրողություն. Հայաստանում ժողովրդավարությունը ոչ միայն հռչակված է, այլեւ ակտիվորեն պաշտպանվում է, եւ Հայաստանի կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք ու վճռականություն դա անելու։
Զուգահեռաբար, մենք ականատես ենք լինում մեր տարածաշրջանում պատմական վերափոխման։ 2025 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը փոխեց այն իրողությունները, որոնք տասնամյակներ շարունակ անփոփոխ էին թվում՝ Անկախությունից ի վեր առաջին անգամ անցել է ավելի քան երկու տարի, որոնց ընթացքում մեր սահմաններին չեն եղել զոհեր եւ վիրավորներ։ Տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվում են, եւ դիմակայության տրամաբանությունն աստիճանաբար փոխարինվում է փոխկապակցվածության տրամաբանությամբ։
Այնուամենայնիվ, այս առաջընթացը տեղի է ունենում փխրուն աշխարհաքաղաքական միջավայրում։ Հարեւան Իրանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները եւ ավելի լայն տարածաշրջանում ռազմական գործողությունները մեզ հիշեցնում են, թե որքան արագ կարող է կայունությունը վտանգվել։
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանն այսօր կանգնած է խաչմերուկում՝ անցյալի օրինաչափությունների եւ ապագայի հնարավորությունների միջեւ։ Մենք ընտրել ենք խաղաղությունը հակամարտության փոխարեն, ժողովրդավարությունը վերահսկողության փոխարեն եւ երկխոսությունը բեւառացման փոխարեն։
Մենք վճռական ենք շարունակել այս ճանապարհը եւ բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների՝ ձեր, սիրելի՛ գործընկերներ, աջակցությունը եւ համերաշխությունը մեր ջանքերին։
Շնորհակալություն։
ՀՀ Ազգային ժողով


















































