Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտությունը սպառնալիքի ստվերում. բանակցությունների իրավական և քաղաքական վերլուծությունը հարկադրանքի և անվստահության պայմաններում. Մոհսեն Ասադի Մովահեդ

Ապրիլ 21,2026 16:13 Share

Նախաբան. Խաղաղասիրության և իրապաշտության պարադոքսը միջազգային համակարգում

Բանակցությունները, որպես միջազգային իրավունքում վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար և հնագույն գործիքներից մեկը, մշտապես առանցքային տեղ են զբաղեցրել համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է՝ նախքան համաշխարհային խաղաղությանը սպառնացող որևէ գործողություն ձեռնարկելը, վեճերը լուծել բանակցությունների, միջնորդության և այլ խաղաղ միջոցներով։ Այդուհանդերձ, այս իրավական գործիքի կիրառումն իրական աշխարհում մշտապես բախվել է քաղաքական և աշխարհաքաղաքական հիմնարար մարտահրավերների։ Վերջին զարգացումները և լարվածության սրումը՝ ամերիկա-սիոնիստական առանցքի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող թշնամական գործողությունների, հիբրիդային և ռազմական պատերազմների տեսքով, կրկին իրավաբանների և քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում են դրել «բանակցությունների» արդյունավետության և էության հարցը։ Այս համատեքստում, ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար պարոն Ղալիբաֆի վերջին հայտարարությունները պարունակում են հստակ և ուշագրավ դոկտրին. «Մենք գալիս ենք բարեխղճորեն  սակայն որևէ վստահություն չունենք ձեր հանդեպ, քանի որ դուք նախորդ երկու փուլերում լքեցիք բանակցությունների սեղանը և դիմեցիք պատերազմի ու հակաիրանական գործողությունների»։ Այս թեզը սոսկ քաղաքական դիրքորոշում չէ, այլ միջազգային իրավունքի դառն իրականության ճշգրիտ ձևակերպում, որտեղ «բարեխղճությունը» բախվում է «ուխտադրժության»։Սույն հոդվածում փորձ է արվում քննել այս հակադրության իրավական և քաղաքական հարթությունները, հարկադրանքի ներքո բանակցությունների արգելքը և միջազգային իրավունքում պարտադրված համաձայնագրերի անվավերությունը։

«Բարեխղճության» սկզբունքն ընդդեմ «վստահության» բացակայության

Միջազգային իրավունքում բարեխղճության սկզբունքը հիմնարար և սովորութային սկզբունքներից է, որն ընկած է պայմանագրերի և բանակցությունների հիմքում։ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիան հստակորեն շեշտում է միջազգային պարտավորությունների մեկնաբանման և կատարման ժամանակ բարեխղճության պահպանման անհրաժեշտությունը։ Բանակցությունների սեղանի շուրջ արդարացի համաձայնության հասնելու անկեղծ մտադրությամբ ներկայանալը հենց այս սկզբունքի դրսևորումն է։ Իրանական պատվիրակության դիրքորոշումը՝ «բարեխղճությամբ» բանակցություններ սկսելու վերաբերյալ, վկայում է միջազգային իրավունքի պահանջներին հավատարմության և դիվանագիտական փակուղուց խուսափելու մասին։ Սակայն միջազգային իրավունքը պետություններին չի պարտադրում «կույր վստահություն»։ Վստահությունը հոգեբանական և քաղաքական հասկացություն է, որը ձևավորվում է պետությունների միջև հարաբերությունների պատմության հիման վրա։ Երբ երկխոսության կողմերից մեկը պարտավորությունների խախտման, նախկին համաձայնագրերից միակողմանի դուրս գալու (օրինակ՝ Համապարփակ գործողությունների համատեղ ծրագրից՝ ՀԳՀԾ-ից դուրս գալը) և վճռորոշ պահերին բանակցությունների սեղանը լքելու բացահայտ փորձ ունի, վստահության բացակայությունը ոչ միայն տրամաբանական արձագանք է, այլև ազգային շահերի պաշտպանության ռազմավարական անհրաժեշտություն։ Միջազգային իրավունքի դոկտրինում «Էստոպել» սկզբունքը որոշակիորեն հարում է այս հայեցակարգին. այն պետությունը, որն իր վարքագծով ցույց է տվել, որ հավատարիմ չէ բանակցությունների սկզբունքներին, չի կարող ակնկալել, որ հակառակ կողմը հանդես կգա լիակատար վստահությամբ և առանց օբյեկտիվ երաշխիքների։

Մաս 2. Հարկադրանքի ներքո բանակցությունների արգելքը և թելադրված համաձայնագրի անվավերությունը

Ժամանակակից միջազգային իրավունքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը անցումն է «պատերազմի իրավունքի» դարաշրջանից ուժի կիրառման արգելման դարաշրջանին։ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը խստիվ արգելում է ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Այս սկզբունքը, որը ճանաչված է որպես հրամայական նորմ, ուղղակիորեն ազդում է միջազգային բանակցությունների կառուցվածքի վրա։

Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած պայմանագիր, որը կնքվել է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի տակ՝ ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների, առ ոչինչ է և չունի իրավաբանական ուժ։ Սա նշանակում է, որ «հարկադրանքով բանակցելու» կամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու նպատակով ազգի կոկորդը սեղմելու հայեցակարգը միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին մերժելի է։ Ամերիկա-սիոնիստական առանցքի վերջին գործողությունները՝ ներառյալ ռազմական սպառնալիքները, ահաբեկչությունները, կաթվածահար անող պատժամիջոցները և պատերազմական մթնոլորտի ստեղծումը, գնահատվում են հենց որպես «հարկադրանք» և «ուժի սպառնալիք», որոնք միջազգային իրավունքը հերքում է։ Երբ կողմերից մեկը փորձում է պատերազմի և առավելագույն ճնշման գործիքներով սեփական համաձայնագրի նախագիծը որպես «թելադրանք» դնել սեղանին, դա այլևս «բանակցություն» չէ, այլ «կապիտուլյացիա»։ Միջազգային իրավունքը շեշտում է, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն ինքնիշխան հավասարության  վրա։ Ոչ մի պետություն չի կարող ռազմական լծակների միջոցով իր կամքը պարտադրել մեկ այլ պետության ազատ կամքին և այնուհետև դա անվանել դիվանագիտական ձեռքբերում։

Այս առումով, ԱՄՆ-ի վարքագծի վերլուծությունը բացահայտում է մի գլոբալ և կործանարար քաղաքականություն. «ամեն ինչի կիրառումը որպես պատերազմական գործիք»։ Այս մոտեցումը չի սահմանափակվում ռազմական ոլորտով և նույնիսկ միջազգային իրավունքն ու նորմերը վերածել է «իրավական պատերազմի» գործիքի։ Փաստացիորեն, Վաշինգտոնը, չարաշահելով միջազգային մեխանիզմները, իրավունքը զրկել է իր արդարադատական էությունից և այն վերածել անօրինական լծակի՝ առավելագույն ճնշում գործադրելու, պատժամիջոցները օրինականացնելու և բանակցությունների սեղանի շուրջ սեփական քաղաքական կամքը թելադրելու համար։

Մաս 3. Դիվանագիտությունը կրակի մեջ. Իրանի պատվիրակության ռազմավարության վերլուծությունը

Այն պնդումը, թե «դուք լքեցիք բանակցությունների սեղանը և պատերազմ սկսեցիք Իրանի դեմ», ուղղակի հղում է միջազգային իրավունքում փոխադարձության սկզբունքին և պետությունների միջազգային պատասխանատվության հարցին։ Բանակցություններից միակողմանի դուրս գալը և հարկադրանքի միջոցներին դիմելը վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի բացահայտ խախտում է։ Նման պայմաններում իրանական պատվիրակության ներկայությունը բանակցային գործընթացին կրում է մի քանի հստակ իրավական և քաղաքական ուղերձ.

Առաջին՝ Իրանն իր ներկայությամբ ցույց է տալիս հավատարմությունը միջազգային նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ դիվանագիտության գերակայության հարցում, և իրենից հեռացնում «դեստրուկտիվ» կամ «դիվանագիտությունից խուսափող» պետության պիտակը։

Երկրորդ՝ անվստահության բացահայտ հայտարարմամբ փակում է ցանկացած անորոշ և առանց երաշխիքների համաձայնագրի ճանապարհը։ Այս անվստահությունը, որն արմատավորված է դիմացինի «գործելաոճի» մեջ, պահանջում է, որ բանակցությունների ցանկացած հնարավոր արդյունք ներառի իրավական ամուր երաշխիքներ, վեճերի լուծման թափանցիկ մեխանիզմներ և փոխադարձ վերադարձելիության պայմաններ։

Երրորդ՝ այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Իրանը տարբերակում է տրամաբանության վրա հիմնված բանակցությունը ճնշման վրա հիմնված բանակցությունից։ Թելադրված համաձայնագրի մերժումը ազգային ինքնիշխանության և քաղաքական անկախության պաշտպանությունն է, որը միջազգային իրավունքով ճանաչված է որպես բոլոր պետությունների բնական իրավունք։

Մաս 4. Ապավինումը ժողովրդի պատմական դիմադրությանը՝ որպես դիվանագիտության հենասյուն

Այս դիվանագիտական մոտեցումը հիմնված է մի հիմնարար ինքնության վրա՝ Իրանի արժանապատիվ ժողովրդի կայունության։ Միջազգային համակարգի պատմական հիշողությունը վկայում է, որ այս ազգը ոչ մի փուլում չի հանձնվել արտաքին ուժին ու ճնշումներին և մշտապես արժանապատվորեն պայքարել է իր օրինական իրավունքների համար։ Այսօր նույնպես, հիբրիդային պատերազմին դիմակայելիս, ազգային կամքը խարսխված է նույն փառավոր անցյալի վրա։ Իրանի ժողովուրդը, ինչպես նախկինում, պայքարում է իր իրավունքների համար և երբեք չի հանձնվի ԱՄՆ-ի բռնի ճնշումներին։ Այս ոգին, որպես դիվանագիտական պատվիրակության հզորագույն պատվար, անվավեր է դարձնում «հարկադրանքի դիվանագիտության» միջոցով հաղթանակի հասնելու ցանկացած պատրանք։

Բանակցությունները կարող են ծառայել որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման արդյունավետ գործիք միայն այն դեպքում, երբ զերծ են ուժի, սպառնալիքի և հարկադրանքի կասկածից։ Պատմական փորձը և միջազգային իրավունքի հստակ չափանիշները փաստում են, որ թելադրված խաղաղությունը և զենքի ստվերում ստորագրված համաձայնագրերը երբեք կայուն չեն լինի և սոսկ ժամանակավոր զինադադարներ են՝ ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկից առաջ։ Դիվանագիտության մեջ իրապաշտական մոտեցումը պահանջում է, որ բանակցությունների սկզբում դրսևորված «բարեխղճությունը» ուղեկցվի դրանց ավարտին տրվող «օբյեկտիվ երաշխիքներով»։ Արևմտա-սիոնիստական կոալիցիայի հակաիրանական գործողությունները և պատերազմական հրահրումները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի հրամայական նորմերը, այլև ծայրահեղորեն թունավորել են դիվանագիտական մթնոլորտը։ Այս շրջանակում Իրանի բանակցային պատվիրակության դիրքորոշումը միջազգային իրավունքի և միջազգային համակարգի իրողությունների խորը ընկալման արտացոլումն է. մի վայրում, որտեղ կարելի է խաղաղության հասնելու համար բարեխղճորեն նստել սեղանի շուրջ, սակայն ուխտադրժության և ուժի կիրառման դիմացինի մութ անցյալի պատճառով երբեք չի կարելի վստահել նրանց խոստումներին՝ առանց իրավական երաշխիքների ամուր վահանի։ Իրական խաղաղությունը և միջազգային կայուն անվտանգությունն անցնում են միայն փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և պարտավորությունների գործնական կատարման ճանապարհով, այլ ոչ թե բռնության և քաղաքական կամքի թելադրման միջոցով։

Մոհսեն Ասադի Մովահեդ,
միջազգային իրավունքի դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930