Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը գրավոր պատասխանել է «Առավոտ»-ի երեք հարցի։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված նախաձեռնությունների կոնկրետ իրականացումը, որոնք վերաբերում են հայերի անվտանգ և կոլեկտիվ վերադարձին Լեռնային Ղարաբաղ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Շվեյցարիայի խորհրդարանը կոչ է արել ստեղծել միջազգային խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ի՞նչ դեր կարող է խաղալ Բեռնը այս գործընթացում։
-Շվեյցարիան շարունակական երկխոսություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս շրջանակներում խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի իրականացման հարցը մի քանի անգամ քննարկվել է։ Բայց ներկա փուլում երկու երկրների իշխանությունները նշել են, որ չեն ցանկանում անցկացնել նման միջազգային ֆորում։ Հետևաբար, դրա կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում։ Սակայն սա կասկածի տակ չի դնում Շվեյցարիայի հանձնառությունը երկխոսությանը և խաղաղ լուծումների որոնմանը։
-Արդյոք Շվեյցարիան պատրա՞ստ է ավելի ակտիվորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը և նրանց մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային ասպարեզում։
Կարդացեք նաև
-Դեռևս 2023 թվականին Շվեյցարիան կոչ էր արել, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից փախած անձինք կարողանան վերադառնալ իրենց ծագման տարածաշրջան, եթե նրանք ցանկանան, և որ նրանց իրավունքները երաշխավորվեն միջազգային իրավունքին համապատասխան։ Մենք շարունակում ենք պաշտպանել այս դիրքորոշումը մեր միջազգային հաղորդակցության շրջանակներում։
Միևնույն ժամանակ, մենք ուշադիր ենք մնում Հայաստանում փախստականների իրավիճակի և կարիքների նկատմամբ։ Հետևաբար, Շվեյցարիան աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ բարելավելու նրանց սոցիալական և տնտեսական վիճակը, սկզբում անհապաղ մարդասիրական օգնության միջոցով, իսկ հետագայում՝ Հարավային Կովկասի համար Շվեյցարիայի համագործակցության ծրագրի շրջանակներում։
-Շվեյցարիան ավանդաբար ընկալվում է որպես չեզոք միջնորդ պետություն: Կարո՞ղ է Բեռնը դառնալ Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև ուղիղ երկխոսության հարթակ:
-Շվեյցարիան պատրաստ է իր բարի ծառայությունները և փորձը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերն էլ ցանկանան: Այն շարունակում է մնալ պատրաստ աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը կարող է խթանել երկխոսությունը և նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղությանը:
Աննա ԱԶՆԱՈՒՐ


















































