Նրանք հանդիպել են քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ Բագրեւանդ թաղամասի կառուցապատողի հետ
Երեւանի թիվ 50 հիմնական դպրոցը ներկայացնող մանկավարժ, eTwinning-ի դեսպան Հայկուհի Խաչատրյանը պատմեց, թե ինչպես են հայաստանյան նախակրթարանի աշակերտները շահել համաեվրոպական մրցույթում, եւ հետագայում ինչպես է ընթացել իր մանկավարժական գործունեությունը eTwinning համայնքին ինտեգրվելուց հետո:

«eTwinning-ին միացել եմ 2019-ին, աշխատել ենք 4-6 տարեկան երեխաների հետ: Այդ տարիքի երեխաների հետ աշխատանքը բարդ է, որովհետեւ մտածում ես՝ ինչպես նյութը հետաքրքիր ներկայացնել երեխային, որ ընկալելի լինի: Նախագծի շրջանակում համագործակցում եմ Լեհաստանի, Սլովակիայի, Չեխիայի ուսուցիչների հետ: Չլինելով անգլերենի մասնագետ՝ տարիների ընթացքում սովորել եմ հաղորդակցվել անգլերեն, տիրապետել թվային գործիքներին»,-ասաց Հայկուհի Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց նախակրթարանը 2 անգամ համաեվրոպական մրցույթի մրցանակակիր է դարձել, Հայաստանի 3 մրցանակներց 2-ը՝ Այբուբեն նախակրթարանինն են. «Ամեն տարի մրցույթի են մասնակցում 1000-ավոր նախագծեր, լավագույնը համարվել է մերը: Կոնկրետ վերջին նախագծով ծիածանի գույներն ենք ուսումնասիրել: Օրինակ, կազմակերպում էինք որեւէ գույնի ամիս: Հենց ասում էիր կարմիր, երեխաներն այդ գույնը ասոցացնում էին լեգոյի հետ, իսկ դեղինը՝ արեւի ու չիփսերի: Թեեւ Այբուբեն նախակրթարանը փակվել է, բայց ես շարունակում եմ իմ աշխատանքը: Նաեւ eTwinning-ի դեսպան եմ Հայաստանից, ինչը նշանակում է լինել մատուցման ձեւ թելադրող՝ ինչպես փոքրիկների հետ աշխատել»,-նշեց մեր զրուցակիցը: Տիկին Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս դպրոցում է աշխատում եւ նախագիծը տեղափոխել է դպրոց՝ կրտսեր դպրոցի սովորողների համար:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ eTwinning-ի շրջանակում երեխաները կարողանում են առցանց հարթակում շփվել միմյանց հետ. տիրապետել առնվազը նվազագույն հաղորդակցական մակարդակի օտար լեզվի: Հայկուհի Խաչատրյանը հավելեց, որ իրար հետ համագործակցող 4 երկրներով ստեղծել են բաղադրատոմսերի գիրք, գույների բառարան: Մանկավարժն ընդգծեց, որ ծրագիրը կարեւոր է նրանով, որ այնտեղ ներգրաված են նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, այսինքն՝ eTwinning-ը ապահովում է նաեւ ներառականություն:
Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի տնօրեն, 2017թ. eTwinning-ի դեսպան Կարինե Կոստանյանն էլ ներկայացրեց eTwinning ծրագրի հնարավորությունները ուսուցիչների եւ դպրոցների համար, ինչպես նաեւ միջազգային համագործակցությունը դպրոցների միջեւ: Ի դեպ, նրա ղեկարավարծ դպրոցը ճանաչվել է eTwinning դպրոց:
«2016թ. Ֆեյսբուքում տեսա eTwinning -ի հայտարարությունն այն մասին, որ պետք է վերապատրաստում տեղի ունենա Դանիել Վարուժանի անվան դպրոցում, ու այն դեսպաններից Մանուշակ Պետրոսյանն էր վարելու: Ես դիմեցի, վերապատրաստվեցի, սկզբում դժվար էր շատ բան հասկանալը: Հետո, երբ մի քիչ ուսումնասիրեցի, սկսեցի նախագիծ իրականացնել: Ամիսներ անց Աղվերանում միջազգային սեմինարի մասնակցելու հրավեր ստացա: Մասնակցեցի, նախագիծն էլ հավանել էին: Վերապատրաստումից հետո երրորդ դասարանի սովորողների հետ նոր՝ շատ գեղեցիկ նախագիծ արեցի: Մեր բալիկները հայկական տիկնիկ էին գործել, որը փոստով ուղարկել էինք մեր 4 գործընկերներին, իրենք ազգային բաղադրիչ էին ավելացրել, հետո տիկնիկը մեզ էին վերադարձրել: Այն մինչեւ այժմ պահպանվում է մեր դպրոցում: Այնուհետեւ Լեհաստանում մասնակցեցի վերապատրաստման՝ որպես ակտիվ ուսուցիչ, ապա առաջարկ ստացա դեսպան դառնալու»:
Կարինե Կոստանյանի ձեւակերպմամբ, տարիներ շարունակ հայաստանցի աշակերտներն ակադեմիական գիտելիքներով բավականին առաջ են անցել այլ երկրների նույն տարիքի աշակերտներից, սակայն մեզ մոտ բացակայել են հմտությունները, ակադեմիական գիտելիքը հմտորեն օգտագործելը, իսկ նման հնարավորություն տալիս է նախագծեր անելը: Վերջին նախագիծը ներկայացնելիս, դպրոցի տնօրենն ասաց, որ այն արհեստական բանականության հետ հարաբերության եւ խելացի քաղաքների թեմայով է: «Յուրաքանչյուր գործընկեր երկիր ուսումնասիրում է իր երկրում կառուցվող խելացի քաղաքները կամ որեւէ տարածք, որտեղ օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ: Մեր սովորողները Երեւանի Բագրեւանդ թաղամասի վերաբերյալ են աշխատանք կատարել: Նրանք կապվել էին եւ կառուցապատողի հետ, եւ Երեւանի քաղաքապետարանին էին գրություն ուղարկել, որ միջնորդի՝ համագործակցեն կառուցապատողի հետ: Մեր սովորողները գնացել, ուսումնասիրել են, թե ինչպես է ամեն ինչ արվում, այնուհետեւ ուսուցիչների հետ պատրաստել են խելացի քաղաքի մակետը: Մեր մյուս գործընկերները նույնպես նման մակետ են պատրաստել: Մեր պարագայում դա խելացի աղբահանությունն էր: Մենք արհեսական բանականության կիրառմամբ ստացանք՝ ինչպես խելացի վերամշակել աղբը: Դա պատրաստի բիզնես ծրագիր կարող է դառնալ, որը ներկայացրել ենք Երեւանի քաղաքապետին եւ մեր թաղապետին: Իրենք դա կարող են իրականացնել»,- մանրամասնեց Կարինե Կոստանյանը: Հավելեց, որ Վրաստանի երեխաները կայանատեղիների թեմայով էին նախագիծ արել, Սերբիան՝ խելացի ձեւով լվացք փռելու ու հավաքելու:
Հիշեցնենք, որ 2013 թ. Հայաստանը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում միացել է Եվրոպական դպրոցների համագործակցության eTwinning համայնքին։ Այս ծրագիրը ԵՄ երկրներում սկսվել է 2005 թ. եւ ներկայումս Էրազմուս պլյուս ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել են աջակցող կազմակերպություններ, Հայաստանում որպես աջակցող կազմակերպություն հանդես է գալիս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2026


















































