Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պարզ է՝ պետք է չքվեարկել Փաշինյանի օգտին, որպեսզի չլինի ոչ պատերազմ, ոչ էլ կապիտուլյացիա»․ Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 22,2026 17:18 Share

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստից առաջ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ այս դատական գործերը շարունակվելու են այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է։

«Նիկոլ Փաշինյանը ջղաձգումների մեջ է, այդ ջղաձգումները խոսում են իր մտահոգությունների մասին, ինքը տեսնում է, որ ընդդիմությունը չի ընկրկում։ Իսկ ամենակարեւորը՝ հանրությունը գնալով աչքերը բացում է։ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին հանրությանը խաբեց՝ խոստանալով Արցախի անջատում՝ հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, ցեղասպանության միջազգային ճանաչում։ Բայց մենք տեսանք, որ նա ինչ խոստում տվեց, լրիվ հակառակն արեց։ Նա 2021-ին չէր գնացել ընտրության, որպեսզի Արցախը հանձներ, բայց նա հանրությանը խաբեց, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նրա անգործության հետեւանքով Արցախը բռնի հայաթափվեց, եւ այսօր խոսում է խաղաղությունից»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ իրավունք չունի խոսելու խաղաղությունից, քանի որ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում հնարավորություն է ունեցել պատերազմը կանգնեցրել, բայց դա չի արել։ Նա բերել է զոհեր, Արցախի հայաթափում։ «Եվ Նիկոլ Փաշինյանն ու խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, ինչքան Իլհամ Ալիեւն ու ժողովրդավարությունը։ Հետեւաբար, եթե ուզում ենք, որ խաղաղություն լինի, պետք է ակտիվ գնալ ընտրատեղամասեր եւ չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, պետք է քվեարկել անցողիկ ընդդիմության օգտին»,- հավելեց Շարմազանովը։

Անդրադառնալով Արցախի եւ Անկախության հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասաց․ «Մենք գտնում ենք, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ուղիղ Արցախյան շարժման ծնունդ է։ Անկախության հռչակագիրն էլ էլի իր մեջ ներառում է Արցախի գաղափարը։ Հետեւաբար, մեր խնդիրն է հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունած Անկախության հռչակագրի իդեալներին։ Կա կոնսենսուս մինուս մեկ, մինուս մեկը դա Փաշինյանն է, որը դեմ է դուրս եկել Անկախության հռչակագրին։ Հետեւաբար, պետք է մի կողմ դնել մեր ընդդիմադիր տարաձայնությունները, համախմբվել եւ գոնե մեկ անգամ ապացուցել, որ մենք ոչ թե 30 արծաթի, այլ ոգու ժողովուրդ ենք»։

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց, որ ՀՀԿ-ն եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես եղել են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից։ «Եվ Հայաստանի բոլոր երեք իշխանությունները, մինչեւ Փաշինյանը, առանց նախապայմանների հարաբերություններիր ձեւավորման կողմնակից են։ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի միակ ղեկավարը, որը խաղաղությունը եւ հարաբերությունները պատկերացնում է թուրքական եւ ադրբեջանական նախապայմաններով։ Դրա վառ ապացույցը Էրդողանի գիրքը կրծքին սեղմելն էր։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանի կառավարիչներն իրականացնում են ոչ թե պրոհայկական, պրոհայաստանյան, այլ պրոթուրքական եւ պրոադրբեջանական քաղաքականություն»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին, խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ: Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին», Շարմազանովն ասաց․ «Բա եթե դուք Ադրբեջանի հետ խաղաղության եք գնում, խաղաղությունը կա, ամեն ինչ նորմալ է, Ադրբեջանը ինչո՞ւ է խոչընդոտում։ Հետեւաբար, բլեֆ է այն, ինչ ասում են։ Ամեն ինչ պարզ է՝ պետք է չքվեարկել Փաշինյանի օգտին, որպեսզի չլինի ոչ պատերազմ, ոչ էլ կապիտուլյացիա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930