ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում տեղի հայկական լրատվամիջոցներին տված ասուլիսում հայտարարել է․ «Ադրբեջանը, օգտագործելով իր լոբբին, խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ: Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին»:
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ համամիտ է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, թե Թուրքիան դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների գերին։
«Ես բազմիցս ասել եմ, որ առանց Ադրբեջանի համաձայնության՝ առաջընթաց չի արձանագրվի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Բայց Հայաստանում ոչ ոք հավանական չէր համարում սա, չէին կարծում, որ Թուրքիան գերի է մնում Ադրբեջանի ձեռքին։ Հիմա այս ամենն արդեն փաստարկվում է Հայաստանի քաղաքական գործիչների կողմից»,- ասաց Էստուկյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան սպասում է Բաքվի թույլտվությանը, եթե թույլտվություն լինի, հայ-թուրքական սահմանն իսկույն կբացվի։ Բայց Բաքուն մինչեւ այսօր Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով է խոսում եւ չի ուզում, որ Հայաստանն ու Թուրքիան բնականոն հարաբերություններ հաստատեն։ Միշտ ուզում է, որ իր ցանկությունն այդ հարաբերությունների վրա իշխի, սա է եղելությունը, նշում է Էստուկյանը։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այսինքն՝ Թուրքիան իր շահը կարող է դնել մի կողմ ու առաջնորդվել Ադրբեջանի իշխանությունների թելադրանքո՞վ, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․ «Այո, որովհետեւ Ադրբեջանը շատ ուժեղ լոբբինգ ունի Թուրքիայում»։
Նրա խոսքով՝ իրականում Թուրքիան ցանկություն ունի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եւ այդ մասին առաջինն արտահայտվել է Թուրքիայի նախագահը 44-օրյա պատերազմից հետո։ Բայց հետո Էրդողանը չկարողացավ այդ ցանկությանը համապատասխան քայլեր անել, կարծում է Էստուկյանը։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, չի կարծում, թե Ադրբեջանը Թուրքիայի վրա կարող է իշխել ու պայմաններ թելադրել։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի բացի սահմանը եւ դիվանագիտական հարաբերություներ չի հաստատի Հայաստանի հետ։
«Ալեն Սիմոնյանի պատասխանը դիվանագիտական պատասխան էր։ Իսկ իրականում, երբ 1991 թվականին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար երեք նախապայման առաջադրեց՝ չհիշատակել 1915 թվականի ցեղասպանությունը, ստիպել սփյուռքահայությանը՝ դադարեցնել հակաթուրքական գործունեությունը, այդ թվում՝ ցեղասպանության միջազգային ճանաչման մասին էր խոսքը եւ Արցախի հայերին ստիպել, որ ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Չաքրյանը։
Նրա խոսքով՝ հիմա Արցախի Հանրապետությունը չկա, հայերը բռնի տեղահանվել են Արցախից, այսինքն՝ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելու որեւէ պատճառ այլեւս չունի Թուրքիան։ Բայց Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական դիրքորոշումը չի փոխվել։
«Եթե մի երկիր իր անմիջական հարեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում, դա ըստ միջազգային իրավունքի նորմերի՝ թշնամանքի ակնհայտ դրսեւորում է, այն էլ երրորդ երկրի պատճառով։ Ինչ Թուրքիան ուզում էր, արդեն տեղի է ունեցել, մի բան էլ ավելի, բայց իր դիրքորոշումը չի փոխվել, մինչեւ հիմա հին երգն են երգում։ Սա պատրվակ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար։ Կարծում եմ՝ հայկական կողմը չպետք է առանձին ջանք գործադրի այդ ուղղությամբ, միեւնույն է, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, եթե հաստատող լիներ, դա կաներ, Արցախում արդեն հայեր չկան»,- ասաց նա։
Ըստ Չաքրյանի՝ հայ-թուրքական նորմալացման բազմաթիվ գործընթացներ են եղել, Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը մի քանի ամիս բանակցեցին (լուսանկարում), հետո դադարեցին։ «Ի՞նչ էին քննարկում, գործընթացը կոչվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում, բայց իրենք քննարկում էին սահմանի բացման հարցը։ Սահմանի բացումը չի նշանակում հարաբերությունների նորմալացում։ Հարաբերությունների նորմալացում նշանակում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Հայաստանը Թուրքիայի առաջ չի փակում իր սահմանները, իսկ իրենք մինչեւ հիմա փակ են պահում»,- հավելեց նա։
Թուրքագետը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիան այս քաղաքականությունը որդեգրել։ «Ինչո՞ւ են այսպես վարվում՝ ըստ երեւույթին նրա համար, որ դեռեւս չեն հրաժարվել Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու գաղափարից։ Այդ հարցը նախորդ դարի 20-ական թվականներին երիտթուրքերի երազանքն էր, Թուրքիան հիմա էլ այդ երազանքից չի հրաժարվել։ Եթե հրաժարվում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, նշանակում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Թուրքիայի արածը դա է։
Ալեն Սիմոնյանը բավականին դիպուկ էր փորձում պատասխանել, Փաշինյանն էլ չի ոգեւորվում այդ գործընթացով, բայց չի էլ մերժում։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի նախաձեռնությունը միշտ թուրքերին է պատկանել, բայց գործը չեն շարունակել։ Եթե հայկական կողմը հիմա մերժի, աշխարհով մեկ վայնասուն կբարձրացնեն, թե Հայաստանը չի ուզում։ Հետեւաբար, կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը նորմալ է վարվում թուրքերի հետ»,- ասաց Չաքրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































