Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար Արամ Նավասարդյանին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռի դեմ տուժող և պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքների քննությունն, ըստ էության, ավարտվել են։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լուսինե Հովակիմյանի և Լուսինե Աբգարյանի, ըստ ամենայնի, առաջիկա նիստին՝ մայիսի 18-ին, կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին հրապարակել է Արամ Նավասարդյանի վերաբերյալ դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս և դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են միայն տուժող և պաշտպանության կողմերը, հանրային մեղադրողն այդպես էլ բողոք չի ներկայացրել, թեև տուժող կողմի դիտարկմամբ՝ դատարանն ակնհայտ մեղմ դատավճիռ է կայացրել։ Հանրային մեղադրողն անգամ դատական նիստերին չի ներկայացել, տուժող կողմը նշում է՝ առաջին դատական նիստին ներկայացել, հակիրճ խոսել է և վերջ։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ տուժող կողմը պահանջել էր պատժի խստացում և գույքային հայցի ամբողջական բավարարում։ Տուժող կողմը դատարանում անդրադարձ է կատարել Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին և համասեռ հանցատեսակներով պատժողական պրակտիկային, որն ամբողջությամբ խախտվել է, մեղմ պատիժ նշանակվել, ինչը չէր համապատասխանում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի պահանջներին՝ հաշվի առնելով ինչպես պատիժը անհատականացնող հանգամանքները, այդ թվում հետհանցավոր վարքագիծը, հանցագործության պահին դրսևորվող վարքագիծ, մի շարք այլ հանգամանքներ՝ արագության գերազանցում, այսինքն կոպիտ խախտման տեսակ, հոգեբանական վերաբերմունք։
«Այդ ամբողջը վկայում է ի վնասի իրեն, այսինքն նախադեպային իրավունքի պահանջներով նա պետք է խիստ պատիժ ստանար։ Ակնհայտ է, որ մեղմ պատիժ է նշանակվել »,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ արձանագրվել է, որ Վճռաբեկ դատարանը խստացման վերաբերյալ ինչ չափանիշ սահմանել է՝ առկա է, օրինակ՝ արագության գերազանցում, տուժողին օգնություն չցուցաբերել, դեպքի վայրից հեռանալ։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































