Թուրքիայում շարունակվում է «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դատավարությունը, որը կապված է հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հարցազրույցին։ Ստամբուլի դատարանում ընթացող նիստում դատախազը պահանջել է լրագրողի նկատմամբ պատիժ նշանակել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շրջանակում։ Գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին։
Յըլմազը մեղադրանքները չի ընդունում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը եղել է բացառապես լրագրողական։ Լրագրողի պաշտպանները պնդում են, որ գործը իրավական հիմքեր չունի և այն, ինչ արվել է, կապված է լրագրողական աշխատանքի հետ։ Նրանք նաև նշում են, որ բողոքի ընթացակարգը եղել է վիճահարույց։
Հիշեցնենք, որ Յըլմազի նկատմամբ գործը հարուցվել էր «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են. 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար։ Դատական առաջին նիստը տեղի էր ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել էր մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը։ Վերջինս մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։


















































