«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։
– Պարոն Չավուշյան, Նիկոլ Փաշինյանը հորդորում է հրաժարվել Ղարաբաղյան շարժումից ու Անկախության հռչակագրի խոսույթից։ Ինչպե՞ս եք գնահատում սա, այս ճանապարհը ո՞ւր կտանի հայ ժողովրդին։
– Մենք հիմք ենք ընդունո՞ւմ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Նիկոլը, բացի հայերի օրակարգից, բոլորին ծառայում է։ Չգիտեմ՝ այս ընտրություններում մեր ժողովուրդը պետք է ասի իր խոսքը։ Եթե այն ժամանակ խնդիր էր Արցախը, ոնց տեսնում ենք, հիմա խնդիր է Գորիսը, Տեղ գյուղը, Տավուշը։ Նիկոլի խոսքը ես երբեւէ հիմք չեմ ընդունում։ Իր բերանով դրսի ուժերն են խոսում՝ ոչ հայկական օրակարգի հետ կապված։
– Դուք ասում եք, որ ժողովուրդն իր խոսքը պետք է ասի, բայց Նիկոլ Փաշինյանը մարդկանց այն թեզն է հրամցնում, որ եթե ՔՊ-ն չընտրվի, ընդդիմությունը գա իշխանության, պատերազմ կլինի։ Մարդիկ, բնական է, որ խաղաղություն են ուզում, այս իրավիճակում ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ իր անձի հետ է կապո՞ւմ խաղաղությունը, վախեցնում ու սպառնում է մարդկանց։ Ոչ մի իշխանություն հավիտենական չէ, երեւի իրեն սատարում են, ինքն էլ իրեն լավ է զգում՝ կամ ես, կամ ոչ ոք։ Դե կտեսնենք, ժողովուրդն իր խոսքը կասի, եթե, իհարկե, ընտրության արդյունքը չկեղծեն։ Ինքն էլ լավ գիտակցում է, որ այս փուլում չի անցնի։ 2020 թվականին այդքան մարդու գլուխը կերան թիվ մեկ պատասխանատուի որոշմամբ, հետո հայտարարեցին, թե հանուն ոչնչի են զոհվել։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում՝ զարթնիր, լաո, զարթնիր, տեսնեմ։
– Եթե Արցախի հացը փակվի, պատերազմ չի լինի՞։
– Պատերազմ միշտ էլ լինելու է։ Եթե հիմա միջանցք ուզեն եւ արդեն ուզում են, դա Արցախի հետ ի՞նչ կապ ունի, չի կարո՞ղ մի քանի օրյա պատերազմ լինել։ Ամեն իշխանություն պետք է պաշտպանի իր հայրենիքը եւ ժողովրդին։ Իսկ սրանք ի՞նչ են անում, սրանք չեն կարող մերոնք լինել կամ ինչ-որ կապ ունենալ հայի օրակարգի ու հայի պահանջների հետ։
Թող այնտեղից սկսեն, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է պատերազմի։ Ինքը խոսում է պատերազմի մասին, բայց հարց է՝ Ադրբեջանը պատրա՞ստ է, կարո՞ղ է պատերազմ վարել։ Նախկինում իր սահմանը 300 կմ էր, հիմա 700-800 կմ է, Ադրբեջանն առանց այդ էլ խնդիր ունի։ Թող Նիկոլ Փաշինյանը մեզ չսպառնա պատերազմով։ Իր ասելով չէ, որ մեր ժողովուրդը պետք է վախենա։ Ի՞նչ պայմանավորվածություն ունես դու, որ ասում ես՝ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։
Արցախը կա, կմնա ու միշտ մնալու է, չի կարող դուրս գալ թեկուզ մեկ անգամ Արցախ այցելած հայորդու մտքից ու պահանջներից։ Ինքը ո՞վ է, որ պետք է գա ու ասի՝ Արցախ չկա, իր համար գուցե չկա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2026


















































