Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հպարտությամբ հայտարարել է, որ, ըստ նախատեսված փոփոխությունների, 65 տարեկան քաղծառայողներին այլեւս չեն ազատի աշխատանքից, այսինքն` քաղծառայողների տարիքային շեմը կհանվի, եւ նրանք կարող են աշխատել մինչեւ խոր ծերություն եւ մահ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի հետ:
– Պարոն Բադալյան, չկա՞ մտավախություն, որ այս որոշումից հետո համակարգը կարող է լճանալ, սերնդափոխություն կարող է չլինել այլեւս, երիտասարդների` աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները կարող են պակասել: Մեծահասակները համակարգից չեն հեռացվի եւ զբաղվածություն կունենան, սակայն կան տեսակետներ, որ այս եղանակով համակարգում մի շարք խնդիրներ կարող են առաջանալ:
– Փորձառուները ստանալու են հնարավորություն` աշխատանքը շարունակելու, այստեղ կա դրական բան, առավել եւս, որ երիտասարդներից շատերը չէ, որ հրապուրված են քաղծառայող դառնալու ցանկությամբ։ Մյուս կողմից` ինչքան էլ որ քիչ են հրապուրվածները, ամեն դեպքում, այս որոշումը երիտասարդների կարիերայի աճին կխոչընդոտի:
– Այսինքն` հիմա երիտասարդները չե՞ն ցանկանում պետական կառավարման համակարգում աշխատել:
Կարդացեք նաև
– Որքանով ես եմ տեղյակ` գնալով փոքրացել է երիտասարդների թիվը: Իմ ժամանակ երիտասարդների թիվը քիչ չէր, բավականին շատ էին, սակայն հիմա նվազել է հավակնող երիտասարդների թիվը: Երեք ամիսը մեկ ուսումնասիրում էինք, մոտ 400 մարդ դիմում էր, դա փոքր թիվ չէր, սակայն վերջին շրջանում, ինչքանով որ ես եմ տեղյակ, թիվը նվազել է: Ամեն դեպքում, 65 տարեկան անձանց վաստակած հանգստի մեկնելը ես համարում եմ արդարացված, քան հակառակը:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ կան օրինաչափություններ, կանոններ, որոնց պետք է հետեւել: Մարդը եթե ամբողջ կյանքում աշխատել է, ապա պետք է գնա վաստակած հանգստի: Ամբողջ աշխարհում մարդիկ ընդվզում են, երբ կենսաթոշակի տարիքն անգամ մի քանի ամսով երկարացնում են, մեզ մոտ հակառակն է` մարդը սթրեսի մեջ է ընկնում, երբ գալիս է թոշակ ստանալու ժամանակը, ինչո՞ւ, որովհետեւ կենսաթոշակի չափը փոքր է: Սա շատ նուրբ հարց է, ափսոս է, երբ փորձառություն ունեցող մարդը, երկար տարիների փորձը թողած, ստիպված հեռացվում է համակարգից: Հատկապես որ համարժեք փոխարինող չէին կարողանում գտնել…. այս իմաստով միանշանակ չէ, որ 65-ը լրանում է, մասնագետը պիտի գնա: Ես կարծում եմ, որ ոչ թե բոլորին պետք է տալ այս հնարավորությունը, այլ՝ նրանց, ովքեր ունեն մեծ գիտելիքներ: Կարողությունները պետք է անպայման հաշվի առնել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































