Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյան չպետք է լինի բռի, գռեհիկ, ցինիկ». ինչպես ընդդիմության թեկնածու, «նախորդ իշխանության գովքն անող» Մանվել Բադալյանին ՔՊ-ն ընտրեց

Դեկտեմբեր 08,2023 18:35

Ընդդիմադիր 2 խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, նույն Մանվել Բադալյանի թեկնածությունը ընդդիմությունն առաջադրել էր ՀՌՀ-ի անդամի պաշտոնում ու ՔՊ-ականները ինչ պատճառ ասես գտել էին՝ նրան մերժելու համար: Մասնավորապես, ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանն ասել էր, որ Մանվել Բադալյանն իրեն դասավանդել է ու գիտի, որ նա շատ հաճախ թեմայից շեղվում է ու սկսում քաղաքական գնահատականներ տալ, նախորդ իշխանությունների գովքն է անում ու դրա համար դեմ է նրա թեկնածությանը:

Այսօր ՔՊ-ականների տրամադրվածությունը լրիվ այլ էր:

ԱԺ նիստում թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հարցրեց՝ բազմափորձ մարդ եք, ո՞նց եք գնահատում մինչեւ 2018-ի թավշյա ժողովրդական հեղափոխությունը եւ դրանից հետո տնտեսական մրցակցության, մենաշնորհների, հովանավորչության վիճակը:

Մանվել Բադալյանը պատասխանեց, որ ձեռնարկատիրության ոլորտում մեր երկրում պետք է մենաշնորհներ չլինեն, բայց եղել են: Ավելին՝ նա ասաց, որ հանդիպել է ՔՊ խմբակցության հետ եւ այնտեղ էլ է ասել, որ հիմա մանր ձեռներեցության շրջանում տնտեսական ակտիվություն է տեսնում առավել, քան նախկինում: Խոսելով հովանավորչության մասին՝ նա ասաց, որ դա մեր գենետիկայում կա, նաեւ խորհրդային ավանդույթներով է եկել. «Պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք բոլորս բոլորիս ճանաչում ենք, ընկեր ենք, ծանոթ ենք, հարեւան ենք, բարեկամ ենք եւ այլն: Ձեռնարկատիրության մեջ հովանավորչությունը անթույլատրելի է, ով էլ նա լինի: Խմբակցության հետ հանդիպման ժամանակ ինձ նաեւ հարց հնչեց, հանձնաժողովի անդամները պիտի կարողանան վեր կանգնել բոլոր տեսակի սուբյեկտիվ միջնորդություններից, միջամտություններից»:

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը նորից ճշտեց՝ մինչեւ 2018-ը Հայաստանում դրական փոփոխություն մենաշնորհների ու հովանավորչության առումով տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում: Բադալյանը պատասխանեց. «Ես ասացի, որ այդ տարբերությունն ու աշխուժությունը, մանավանդ մանր ու միջին ձեռներեցության առումով տեսնում եմ: Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարողներին, ես այդ տվյալներին չեմ տիրապետում, ցավոք: Վառելիքի ներկրման հարցը ինձ էլ է մտահոգում: Բարքերի առումով փոփոխություն տեսնում եմ, որը շատ կարեւոր է ու որը պետք է մեզ անընդհատ ապահովի առաջխաղացում»: ՔՊ-ականը նաեւ հարցրեց՝ նախկինում ի՞նչ խնդրահարույց բարքեր են եղել: Բադալյանը պատասխանեց. «Ես նախկինում իմ պաշտոնավարման ժամանակ հաճախ հրապարակավ հնչեցրել եմ, որ պաշտոնյան չպետք է լինի բռի, գռեհիկ, ցինիկ, ամբարտավան: Ինձ ասում էին՝ կա՞ն պաշտոնյաներ, ասում էի՝ կան: Արատավոր բարքերի դեմ եղել եմ, կամ, իմ համար դա անընդունելի է: Ամոթ է պետական կառավարման համակարգում, եթե վերին էշելոնում մարդիկ են, որոնք լավ իմիջ չունեն»:

Հարցրեցին՝ չի՞ կաշկանդվի, որ իրեն առաջադրել է ընդդիմությունը, ընտրի իշխանությունը: Մանվել Բադալյանը  վստահեցրեց, որ ինքն անկաշկանդ է ու կաշկանդվելու բան չունի, որովհետեւ ձեռնարկատեր չէ:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը թեկնածուից դրական տպավորություն էր ստացել:

ՔՊ-ի անունից ելույթ ունենալով՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք առաջնորդվում ենք պրոֆեսիոնալիզմի, օրենքի թելադրած կանոններով: Ես չեմ հայտարարի մեր քվեարկության եւ դիրքորոշման վերաբերյալ: Քիչ անց կկայացնենք որոշումը»:

Ավելի ուշ ամփոփվեցին քվեարկության արդյունքները, ըստ որի Մանվել Բադալյանն ընտրվել էր 84 կողմով, ճիշտ այդքան պատգամավորներ էլ մասնակցել էին ընտրությանը:

Կոնջորյանը հայտարարեց, որ տարակուսելի էր, որ պարոն Բադալյանը ընդդիմության համաձայնեցված թեկնածուն էր, բայց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Անցած անգամ էլ թեկնածու էին ներկայացրել, եկել ասում էին՝ մեզ մեկ է, դուք իրեն ընտրելու եք, թե չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031