Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր ժխտում են ցեղասպանությունը, չեն կարող լինել մեր ընկերները. Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Գերագույն Գլխավոր Խորհրդի Արդարադատության նախարար

Ապրիլ 23,2026 14:25 Share

Ամեն տարի ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանում Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական օթյակի ներկայացուցիչները՝ հիմնականում Մեծ վարպետի գլխավորությամբ: Ֆրանսիայի «Մեծ Արեւելքի» ներկայացուցիչները ապրիլի 24-ին կամ դրան նախորդող օրերին մշտապես մասնակցում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին՝ ոչ միայն Երեւանում, այլ Ֆրանսիայի՝ հայկական մեծ համայնքներ ունեցող քաղաքներում:

Այս տարի Հայաստանում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Գերագույն Գլխավոր Խորհրդի Արդարադատության նախարար Պատրիկ Լաֆուրկադը: Aravot.am-ի հետ զրույցում Պատրիկ Լաֆուրկադը նախ ներկայացրեց իր այցի նպատակը, ապա «Մեծ Արեւելքին» վերաբերող որոշ մանրամասներ պարզաբանեց:

Նա ընդգծեց, որ ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի դեպքում 4 մակարդակ է գործում, ի տարբերություն անգլիականի, որտեղ 33 մակարդակ կա: Իրենց պարագայում նաեւ կա հավատքի ամբողջական ազատություն:

«Մենք ստեղծվել ենք 18-րդ դարում՝ Ֆրանսիայում, որպեսզի առաջ մղենք լուսավորչական դարաշրջանի արժեքները»,-ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ ուզում են այստեղ երկրորդ մակարդակը ստեղծել ՝Հայաստանում գործող մասոնական օթյակի հետ համատեղ, որպեսզի սկսված գործընթացն ամբողջական լինի: «Մասոնական մեթոդաբանությունը հետևյալն է՝ անձնական բարելավում, այդպիսով նաեւ հասարակության բարելավում: Երկրորդ մակարդակի ստեղծումը Հայաստանում նպատակ ունի օգնելու մեր հայ ընկերների առաջխաղացմանը: Հայաստանյան Օթյակը ստեղծվել է 20 տարի առաջ՝ Ֆիլիպ Գյուլիելմիի կողմից, որը եղել է «Մեծ Արեւելքի» նախկին մեծ վարպետներից մեկը»,-տեղեկացրեց Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Գերագույն Գլխավոր Խորհրդի Արդարադատության նախարարը:

Aravot.am-ի Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող հարցին՝ արդյոք առանց անցյալի հետ առերեսման, պատմական արդարության վերականգնման եւ ժխտողականության վերացման հնարավոր է կառուցել արդար ապագա, Պատրիկ Լաֆուրկադն այսպես արձագանքեց. «Գերագույն Գլխավոր Խորհուրդը խորապես հումանիստական կառույց է, եւ աջակցում ենք այն մարդկանց, որոնք կրում են Մեծ Արեւելքի եւ Ֆրանսիայի արժեքները, մասնավորապես լուսավորչականության արժեքները, դրա համար այն մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, չեն կարող լինել մեր ընկերները, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պատմական արդարությունը առնվազն ընդունվի»:

Մեր հարցին՝ Ֆրանսիայում հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններում իր ներկայությունը դերակատարություն ունի՞ հայկական կողմի հետ ծրագրերի իրականացման առումով, Պատրիկ Լաֆուրկադը հետեւյալը նշեց. «Անհրաժեշտաբար … Սփյուռքի հատվածը շատ կարեւոր է, օրինակ Նիսում Սամսոն Օզարարատի եւ մյուսների ներկայությունը դյուրինացնում է Հայաստանում մեր աշխատանքները: Մեր գործունեության մեջ պարտավորություն ունենք մասոնական օթյակից դուրս կիսվելու այն ամենով, ինչ սովորում ենք օթյակում: Մեր եղբայրներից շատերը մաս են կազմում տարբեր բարեգործական ասոցիացիաների, ինչպես օրինակ, SOS-Armenie-ն է, որոնց հետ միասին աշխատում ենք Հայաստանին աջակցելու ուղղությամբ»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում «Մեծ Արեւելքի» դերակատարությանը: «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Գերագույն Գլխավոր Խորհրդի Արդարադատության նախարարը հիշեցրեց «Մեծ Արեւելքին» հոգեհարազատ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը, անդրադարձավ նաեւ աշխարհիկության գաղափարին, որը, նրա ձեւակերպմամբ, Ֆրանսիայից դուրս երբեմն թյուր է ընկալվում:

«Մեծ Արեւելքի» համար աշխարհիկությունը կարեւոր է, Ֆրանսիայի 1905թ աշխարհիկության մասին օրենքի ակունքներում հենց մենք ենք կանգնած եղել: Սա խղճի ամբողջական ազատություն է՝ հավատալու կամ չհավատալու, նաեւ հարգանք է մյուսների հավատալու ընտրությանը: Այս սկզբունքները բավական պարզ են, եւ եթե դրանք ճիշտ են կիրառվում, պետք է խաղաղություն գտնեն, համընդհանուր սերը «Մեծ Արեւելքի» հիմնական սկզբունքներից մեկն է: Ինձ համար մասոնությունը աշխարհիկ հոգեւոր արժեք է, եւ սա Աստծուն ժխտելը չէ, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի հավատալու կամ չհավատալու ազատություն: Յուրաքանչյուրի իրավունքը պիտի հարգվի»,- հավելեց նա:

Խնդրեցինք պարզաբանել նաեւ, թե ինչպե՞ս է Ֆրանսիայի «Մեծ Արեւելքը» հավասարակշռում ավանդական արժեքների հանդեպ հարգանքը եւ արդիականության պահանջները: «Մենք հիմա ավանգարդիստական մտքերից ենք խոսում, որոնք 3 դար առաջ են արծարծվել, ինչը նշանակում է, որ այն գաղափարները, որոնք առաջ են մղվում մեր կողմից, անանցողիկ են, հավերժական, քանի որ, ըստ էության, ներկայացնում են այն, ինչը մարդկային է: Կարծում եմ՝ «Մեծ Արեւելքի» եւ Գերագույն Գլխավոր Խորհրդի դավանած արժեքները այժմեական են, որովհետեւ, ցավոք, կարծես աշխարհը մի տեսակ անմարդկային է դարձել: Համոզված ենք, որ անձնական քննարկումները կարող են գտնել ցանկալի ներդաշնակությունը եւ հավասարակշռություն՝ ավանդական արժեքների եւ նոր տեխնոլոգիաների, որոնք հենց մարդկանց միջոցով են իրականացվում»,-ընդգծեց «Մեծ Արեւելքի» ներկայացուցիչը :

Քանի որ համացանցից տեղեկացել էիք, որ իր ելույթներում եւ գործունեության մեջ հաճախ շեշտադրում է հետեւյալ ուղղությունները՝ աշխարհիկություն (պետության եւ եկեղեցու ու տարանջատման սկզբունքի պաշտպանություն), սոցիալական արդարություն եւ շրջակա միջավայր, հարցրինք, թե ինչու է հատկապես այս թեմաները կարեւորում: «Երբ խոսում ենք սոցիալական արդարությունից ու մարդասիրությունից, ակնհայտ է, որ հենց այդպիսին պետք է լինենք: Այլ կերպ չենք կարող մտածել, քան այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է աշխարհում գտնի իր տեղը: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրը պետք է դիմացինին ընդունի այնպիսին, ինչպիսին կա ու պետք է լինի փոխադարձ հարգանք: «Մեծ Արեւելքը» չի ընդունում ծայրահեղական գաղափարներ, որովհետեւ դրանք որեւէ առնչություն չունեն մարդասիրության հետ: Աշխարհիկությունից արդեն խոսել եմ, կանդրադառնամ շրջակա միջավայրին, որի խնդիրը սկսվում է 17-18-րդ դարերից: Այսօր էլ, ըստ էության, փաստում ենք մարդկության ձախողումը այդ ուղղությամբ: Շրջակա միջավայրին վերաբերող թեմաների հետ կապված՝ «Մեծ Արեւելքը» հանձնաժողով է ստեղծել, որտեղ քննարկումներ եւ լուծումներ պետք է առաջարկվեն առկա խնդիրների համար»,-մանրամասնեց Պատրիկ Լաֆուրկադը:

Քանի որ «Մեծ Արեւելքի» կողմից ծայրահեղականության ժխտման մասին խոսք գնաց, նրան հիշեցրինք, որ Ադրբեջանը հողին է հավասարեցնում հայկական մշակութային եւ հոգեւոր հուշարձանները Արցախում, այս օրերին էլ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը եւ դա այն փուլում, երբ փորձ է արվում կարգավորել հարաբերություններ այդ երկրի հետ: Հարցրինք ՝ ինչպե՞ս է վերաբերվում նման երեւույթներին: Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Գերագույն Գլխավոր Խորհրդի Արդարադատության նախարարնը հետեւյալը նշեց. «Պատասխանս շատ ավելի կարճ կլինի, քան հարցը՝ դա անընդունելի է, Մեծ Արեւելքի արժեքային համակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում դիմացինին ընդունելու գաղափարը»:

Նա նաեւ նշեց, անձնապես մեծ ուրախություն է ապրում արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելելուց. «Հայ ժողովուրդն արժանի է, որ կարողանանք իրեն աջակցել: Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ կրում են այն նույն արժեքները, ինչ մենք ենք կիսում՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930