Մարդու իրավունքների պաշպան Անահիտ Մանասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ՄԻՊ-ը ՀՀ իշխանությունների հետ քննարկումներ ունեցե՞լ է Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցով։
Մանասյանն ասաց, որ հարցը քննարկում է ոչ միայն ՀՀ իշխանությունների հետ, այլ իր միջազգային բոլոր հանդիպումների շրջանակներում բարձրաձայնում է։ «Այստեղ, իհարկե, կարեւոր հարցն այն է, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պիտի ազատ արձակվեն։ Այսինքն՝ մենք հիմնական նպատակակետ ունենք, որը բխում է մարդու իրավունքների բոլոր հնարավոր միջազգային չափանիշներից ու արժեքներից»,- ասաց նա։
Հարցին, թե իշխանությունների հետ քննարկել են հարցը, որ, օրինակ, կազմակերպվի հայ գերիների հարազատների այցը Բաքու, Մանասյանը պատասխանեց․ «Այս բոլոր հարցերի հետ կապված, եթե առկա լինի հրապարակման ենթակա տեղեկատվություն, ես ինքս հրապարակային հանդես կգամ։ Բայց այս պահին հաշվի առեք, որ ցանկացած հարց կարող է քննարկման առարկա լինել, պարզապես նկատի ունեցեք, որ այդ բոլոր հարցերը բազմաշերտ են»։
Նշենք, որ պատասխանելով Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ Անահիտ Մանասյանն ավելի վաղ ասել էր, թե «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում»։
Կարդացեք նաև
Հարցին, որ խոսքը հայ գերիների իրավունքների մասին է, որպես ՄԻՊ՝ ինչո՞ւ չի դիմում ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի այց կազմակերպվի Բաքու, նա պատասխանեց․ «Բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվում են, եւ եթե հրապարակային եղանակով հանդես գալու հնարավորություն լինի, հաշվի առնելով էթիկական ստանդարտները եւ մնացած բոլոր ստանդարտները, ես ինքս բնականաբար հրապարակայնորեն հանդես կգամ։ Չկա մի միջազգային հարթակ, որտեղ կարելի է այլ հարցեր քննարկել, բայց հենց այս հարցն է քննարկման առարկա դառնում»։
Հարցին, թե ՀՀ իշխանությանը կամ ԱԳՆ-ին կոչ անո՞ւմ է՝ զբաղվել հայ գերիների հարցով, Մանասյանը պատասխանեց․ «Եթե տեսած լինեմ անգործության կամ ընդհանրապես իրենց լիազորությունները չգործադրելու խնդիր, բնականաբար, ես ինքս առաջին հերթին դրա վերաբերյալ հանդես կգամ հրապարակային»։
Անահիտ Մանասյանը նաեւ հավելեց, որ ՄԻՊ լիազորությունը ոչ թե ազգային կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն է, այլ ՄԻՊ լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում պետաական ու ՏԻՄ մարմինների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների գործընթացների վրա՝ անկախ անձանց քաղաքացիությունից, ազգային կամ էթնիկ պատկանելությունից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































