Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռը կառավարությանը կոչ է անում հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը

Ապրիլ 23,2026 18:28 Share

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։
Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930