Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաալիքի՝ «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարին։
News.am-ը թարգմանաբար ներկայացրել է հարցազրույցից դրվագներ։
Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ԼՂ նախկին ղեկավարների ազատումը Բաքվի գերությունից
Կարդացեք նաև
Հայաստանն ամեն կերպ խուսափում է գերիների թեմայով խոսակցություններից, և ես գիտեմ, որ կուլիսներում ևս ոչինչ չի անում, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին՝ արդյոք նրանք, ի վերջո, կվերադառնա՞ն տուն, նախկին նախագահը նշել է. «Եթե Հայաստանը դրանով ընդհանրապես չզբաղվի, ապա հազիվ թե»։
«Ընդհանուր առմամբ հրաշալի կլինի, եթե նրանց բաց թողնեն։ Բայց որքան գիտեմ, երբ նրանց գերեվարեցին, նրանց խոստացել էին, որ նման բան չի լինի, նրանք վերջինն են դուրս եկել։ Դե, ահա նման իրավիճակ է։ Կարծում եմ՝ այս թեման բավականին ցավոտ թեմա է։ Բայց Հայաստանում իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այն չդառնա «մեյնստրիմ» թեմա, ամեն ինչ անում են»,- նշել է երկրորդ նախագահը։
Մեկնաբանելով իշխանությունների ձևակերպումներն այն մասին, թե բանակցություններն ընթանում են, բայց պետք չէ դրանց մասին բարձրաձայնել՝ Քոչարյանը նկատել է. «Սեփական բացարձակ անգործությունը քողարկելու համար դա լավ բանաձև է. այսպես բազմիմաստ համատեքստով խոսել այն մասին, թե՝ «այո, մենք անում ենք, բայց եկեք զգույշ լինենք, որպեսզի հանկարծ որևէ բանի չխանգարենք»։ Ամեն դեպքում, նման գործողությունները, նման բանակցությունները ինչ-որ արձագանքներով հայտնի փաստեր են դառնում. ուղղակի չկան որևէ արձագանքներ, որևէ անուղղակի ապացույցներ այն մասին, որ նրանք ինչ-որ բան են ձեռնարկում։ Ահա միակ արտահայտությունը… որն ասվել էր Անթալիայում (ԱԺ խոսնակի կողմից – խմբ.)։ Կարծում եմ՝ նրանք չեն ցանկանում, որ տղաներն այնտեղից վերադառնան, որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր կկարողանային այստեղ համախմբել արցախցիներին, ղարաբաղցիներին։ Նրանց պետք չեն մարդիկ, ովքեր կկարողանային իրենց շուրջ միավորել հայրենիքը լքած ղարաբաղցիներին, պարզապես պետք չեն նման մարդիկ։ Նրանց հետ ստիպված կլինեին ինչ-որ կերպ հաշվի նստել. նրանք գուցե ինչ-որ ներքին գործոն դառնային…
Դրա համար ես ոչ մի բառի չեմ հավատում»,- եզրափակել է Քոչարյանը։
Եվրոպացիները խրախուսում են Հայաստանին բոլոր այն քայլերում, որոնք կարող են գրգռել Ռուսաստանին. Քոչարյան
Կրեմլում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները վաղուց են առաջացել, և դրանք հենց այնպես չեն ծագել, ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Մոսկվայում տեղի ունեցած հայտնի հանդիպման ժամանակ դա պարզապես բարձրաձայնվեց։ «Իսկ Հայաստանի քաղաքականությունն այն է, որ [ենթադրվում է] աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Եվրոպական միություն՝ այդ միությանն անդամակցելու հեռանկարների բացարձակ անորոշության պայմաններում։ Այսինքն՝ եվրոպացիները խրախուսում են Հայաստանին բոլոր այն քայլերում, որոնք կարող են գրգռել Ռուսաստանին, և Հայաստանն, ըստ էության, գնում է այդ ճանապարհով։ Այսինքն՝ Վրաստանի փորձը, Սաակաշվիլիի փորձը կարծես թե… ոչինչ չի սովորեցնում հայաստանյան վարչապետին։
Մեր մոտեցումն այսպիսին է. չի կարելի խառնվել խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հակասություններին, առավել ևս՝ փոքր երկրներին, քանի որ աղետն անխուսափելի կլինի։ Եվ մենք միշտ բոլորովին այլ քաղաքականություն ենք վարել. մենք պետք է փոխգործակցենք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, այլ ոչ թե խցկվենք այնտեղ, որտեղ դրանք տարամիտվում են։
Տեսեք, թե որն է Փաշինյանի բանաձևը. «Մենք գնում ենք Եվրոպական միություն, սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունները մոտավորապես այսպես են՝ քանի դեռ դա մեզ ձեռնտու է…»։ Կարծում եմ՝ Ռուսաստանում անձի ինքնագնահատականը՝ որպես քաղաքակրթական շատ ուժեղ բաղադրիչ ունեցող մեծ տերություն, բոլորովին այլ է. «Մենք չենք կարող ձեզ համար լինել ինչ-որ պահեստային դաշտ. մենք ձեզ պետք ենք այնքան ժամանակ, քանի դեռ դուք այնտեղ լուծում եք ձեր հարցերը»։ Դա… կարծում եմ, մեծ երկրի համար նույնիսկ վիրավորական է։ Չեմ կարծում, որ որևէ փոքր երկիր կարող է այդպես ձևակերպել իր արտաքին քաղաքական խնդիրներն ու առաջնահերթությունները ամերիկացիների կամ նույն Բրյուսելի հետ… Եվ դա չի կարող գրգռվածություն չառաջացնել։ Բայց Ռուսաստանի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, համբերատար է, և ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դա հանդուրժել են շատ երկար, մինչև հասել է որոշակի կետի, և որոշել են արտահայտվել։ Բայց լարվածությունը եղել է, այն միշտ է եղել, պարզապես, որքանով ես հասկանում եմ այս իրավիճակը, զսպվել է այն հույսով, որ մարդիկ, ի վերջո, կսովորեն, մարդիկ կսկսեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է անհրաժեշտ կառուցել արտաքին քաղաքական կողմնորոշիչները։
Տնտեսական կախվածությունը Ռուսաստանից պարզապես հսկայական է, և Ռուսաստանի համար պետք է տարօրինակ լինի, եթե Հայաստանի ղեկավարությունը վարում է արտաքին քաղաքականություն՝ բացարձակապես կտրված երկրի տնտեսական շահերից։ Այսինքն՝ սրանք շարժումներ են բոլորովին տարբեր ուղղություններով. մի կողմից՝ քաղաքական հայտ քաղաքական մերձեցման մասին Եվրոպական միության հետ, մյուս կողմից՝ ԵՄ-ի տեսակարար կշիռը արտաքին առևտրում նվազում է, իսկ Ռուսաստանինն՝ աճում։ Այս տարաուղղվածությունը խոսում է այն մասին, որ մարդիկ պարզապես չեն հասկանում՝ ինչ են անում»,- նշել է նախկին նախագահը։
Նախկին նախագահը հիշեցրել է, որ հենց իր պաշտոնավարման օրոք Երևանը խոսում էր կոմպլեմենտար քաղաքականության մասին, և այդ կոմպլեմենտարությունն ուներ նաև գործնական պարամետրեր։ «Ի դեպ, իմ ժամանակ Եվրոպական միության հետ ապրանքաշրջանառությունը մոտավորապես նույնն էր, ինչ Ռուսաստանի հետ։ Բայց մենք երբեք չենք ասել, որ քաղաքականապես շարժվում ենք դեպի Եվրոպական միություն. մենք հասկանում էինք, որ դա… նախ՝ անիրատեսական է, անիրատեսական։ Երկրորդ՝ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր Եվրոպական միությունը չի էլ պատրաստվում մտնել»,- հավելել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը բացատրել է, թե ինչու ժամանակին չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը
Պատասխանելով այն հարցին, թե նա 10 տարի եղել է Հայաստանի նախագահ, ինքը ծնունդով Ղարաբաղից է, ունեցել է հիանալի հարաբերություններ Պուտինի և Ռուսաստանի հետ, բայց այդպես էլ չի ճանաչել Ղարաբաղը, Քոչարյանը պատասխանել է.
«Հենց նրա համար, որպեսզի casus belli իրավիճակ չստեղծվի, հենց դրա համար: Ընթանում էին արդյունավետ բանակցություններ, բանակցային գործընթացի ուղղությունը մեզ դուր էր գալիս: Բանակցային գործընթացն ընթանում էր մեզ համար բարենպաստ ուղղությամբ. միջազգային հանրությունը, Մինսկի խումբը ճանաչել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քննարկվում էր հանրաքվեի թեման, որը պետք է անցկացվեր հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում… Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և պետք է պարզապես համբերություն և հետևողական աշխատանք: Ընդ որում՝ դա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի (Ֆրանսիան ներկայացնում էր Եվրոպական միությունը) կոնսենսուսային մոտեցումն էր: Բանակցային գործընթացի այդ դրական դինամիկան նման կերպ փչացնելու համար (Փաշինյանը – խմբ.) պարզապես պետք էր «ջանք թափել»։
Այն հարցին, թե արդյոք ճիշտ վարվեց Ղարաբաղի ժողովուրդը՝ թողնելով իր տները և հեռանալով Ղարաբաղից, նախկին նախագահը նկատել է. «Իսկ նրանք ընտրություն ունեի՞ն: Այսինքն՝ նախքան տները թողնելը, եղել է ինն ամիս տևած դաժան շրջափակում: Բացարձակ դաժան շրջափակում: Եվ այդ ինն ամիսների ընթացքում Հայաստանը մատը մատին չխփեց իրավիճակը հանգուցալուծելու համար. ընդհակառակը, կար հայտարարություն, թե՝ «Դա մեզ չի վերաբերում»: Թեև այդ կառավարության բոլոր փաստաթղթերում… ի դեպ, նրանց 2021 թվականի նախընտրական խոստումներում, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ… այնտեղ պարզապես սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այսինքն՝ նրանք խախտեցին բացարձակապես բոլոր փաստաթղթերը, որոնք հենց իրենք էլ ընդունել էին:
Բայց խոսել այն մասին, թե ղարաբաղցիներին վերադարձնել այնտեղ՝ ո՞ւր: Նրանք ընտրություն չունեին. նրանք լքված էին, մնացել էին մենակ: Իսկ խաղաղապահների մանդատը, ի դեպ, թույլ չէր տալիս ռուս խաղաղապահներին ինչ-որ բան անել»։
Անդրադառնալով նախաստորագրված խաղաղության պայմանագրին՝ Քոչարյանն արձանագրել է, որ այն ոչ մի երաշխիք չունի. «Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն է, որ այս փաստաթուղթը պետք է լրացվի դրույթներով՝ անվտանգության երաշխիքների մասին դրույթներով: Մեր մոտեցումն այն է, որ չի կարող լինել մի խաղաղություն, որը կախված է մեկ մարդու տրամադրությունից կամ կամքից: Դա խաղաղություն չէ, հասկանո՞ւմ եք, դա ավելի շուտ աշխարհաքաղաքական ստրկություն է, քանի որ նման կախվածությունը… այլ կերպ դժվար է ձևակերպել… ահա թե ինչի է դա հանգեցնում:
Փաշինյանին, ընդհակառակը, ձեռնտու է հենց նման ձևաչափը, քանի որ այդ դեպքում նա իր անձը կապում է խաղաղության հետ: Դա նույն բանաձևն է՝ «Եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի»: Անվտանգության երաշխիքները (դրանք երաշխավոր երկրներն են, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը) հենց հանգեցնում են նրան, որ խաղաղությունը կդադարի կապված լինել անհատի՝ Փաշինյանի, Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ: Մենք հենց դա ենք ուզում: Այսինքն՝ այն, ինչ հիմա առաջարկվում է, ավելի շուտ աշխարհաքաղաքական ստրկություն է՝ կապված մեկ մարդու կամքի հետ: Եվ առավել ևս այս մրրկայնության աշխարհում հուսալ ու հաշվարկել, որ դա կարող է որևէ երկարաժամկետ նշանակություն ունենալ, հնարավոր չէ. դա ոչ թե միամտություն է, այլ նույնիսկ հիմարություն։
Ուստի մեր բանաձևը հետևյալն է. այն ամենը, ինչ հիմա արվում է, և այն ամենը, ինչ ստորագրվել է ավելի շուտ ընտրական նպատակներով՝ դրանք ինչ-որ բոնուսներ են, որոնք տրվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Փաշինյանին՝ իր ընտրազանգվածի հետ աշխատելու համար, դա խաղաղության համաձայնագիր չէ»։
Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։
Պատասխանելով այն հարցին, թե ըստ ամերիկյան և հայկական սոցիոլոգների տվյալների՝ Փաշինյանից հետո երկրորդ տեղում Սամվել Կարապետյանն է, և արդյոք նա ընդունում է, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է, նախկին նախագահը նշել է. «Տեսեք, թե ինչպիսին է իրավիճակը հիմա։ Ընդդիմադիր դաշտն ավելի մրցակցային է, դա փաստ է։ Սամվել Կարապետյանի թիմը նախընտրական արշավը սկսել է շատ ավելի վաղ՝ գործնականում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից այնտեղ ընթանում է նոր քաղաքական ուժի առաջմղումը. մենք սկսել ենք ընդամենը մեկ ամիս առաջ։ Ուստի ես հիմա չէի տարվի սոցիոլոգիայով. դաշտն իրականում մրցակցային է։ Ցավոք, սոցիոլոգիան մեզ մոտ ավելի շատ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե երկրում, այսպես ասած, քաղաքական ջերմությունը չափելու գործիք։ Կտեսնենք, ընտրությունները ցույց կտան։ Այդ դեպքում ես պարզապես համաձայն եմ այն մտքի հետ, որ միջավայրն ավելի մրցակցային է, այդ առումով ավելի հետաքրքիր՝ գուցե քաղտեխնոլոգների համար, և ավելի լարված՝ մասնակիցների համար… Ուստի «հետաքրքիրը» և «լարվածը» փոքր-ինչ տարբեր հասկացություններ են։ Այսպիսին է իրավիճակը։ Այդ առումով դեռ մտադիր չենք հանձնվել. կտեսնենք, կակտիվանանք»։
Ճշտող հարցին՝ արդյոք նա համարում է, որ այսօր ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ի՞նչ է նշանակում «ընդդիմության առաջնորդ»։ Կան մի քանի բավականին խոշոր ընդդիմադիր ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է հաղթանակի, յուրաքանչյուրը տրամադրված է հաղթանակի, և ընդդիմադիր դաշտը մեկ անձի մեջ ընդհանրացնելն ու նույնացնելը պարզապես քաղաքականապես և քաղտեխնոլոգիապես անգրագիտություն է։ Կարելի է խոսել այն մասին, որ ըստ սոցիոլոգիայի ինչ-որ մեկն առջևում է, ինչ-որ մեկը մի փոքր հետ է մնում, բայց դա չի նշանակում… «Ընդդիմության առաջնորդ» հասկացությունը նշանակում է մարդ, որը միավորում է ամբողջ ընդդիմությունը։ Դա այդպես չէ»։
Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում, նախկին նախագահը նկատել է, որ ընդդիմադիր դաշտը, նախորդ ընտրությունների համեմատ, բավականին ամրապնդվել է. անցյալ անգամ մասնակիցների թիվը մոտ 25 էր։ Այն ձևակերպումը, թե ինքն է եղել ընդդիմության առաջնորդը, Քոչարյանը համարում է ոչ կոռեկտ։ «Ես եղել եմ առաջին դերերում, բայց ես չեմ եղել ընդդիմության ընդհանրացված առաջնորդը, այսինքն՝ դրանք այնուամենայնիվ տարբեր բաներ են։ Դու կարող ես առջևում լինել ըստ սոցիոլոգիայի, ըստ անցկացվող միջոցառումների մասշտաբի (հանրահավաքներ, հանդիպումներ և այլն), բայց դու առաջնորդ չես այլ ընդդիմադիր կուսակցությունների համար. սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այսինքն՝ մենք ունենք տարբեր դաշինքներ, տարբեր շարժումներ՝ տարբեր առաջնորդներով, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ…»։ Ընդ որում, յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն ունի իր նպատակը՝ հաղթել, հավելել է նախկին նախագահը։ «Կա այսպիսի ընդհանուր նպատակ՝ ազատվել այս իշխանությունից։ Սկզբունքորեն, Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, կարծում եմ, այդ նպատակն ընդհանուր է, և բոլորն էլ նման նպատակ են դնում իրենց առջև։ Բայց խոսել ընդդիմության առաջնորդության մասին՝ այդ դեպքում պետք է պարզապես ավելացնել «սոցիոլոգիական առաջնորդություն» բառակապակցությունը»,- պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը։
«Բայց սովորաբար առաջնորդը… Եթե լիներ ընդհանուր ընդդիմության առաջնորդ, ապա նա կմիավորեր այդ ընդդիմությունը մեկ քաղաքական միավորի մեջ և կմասնակցեր այդ քաղաքական միավորով։ Քանի որ նման բան Հայաստանում տեղի չի ունեցել, մենք մինչ օրս չգիտենք մասնակիցների ամբողջական քանակը (ամենայն հավանականությամբ կլինեն նաև ավելի փոքր ուժեր, որոնք նույնպես հանդես են գալիս բավականին ընդդիմադիր դիրքերից)… Դե, կտեսնենք, թե ինչ կլինի»,- եզրափակել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը զղջում է իրեն հաջորդողի համար
Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կիսվել է նրանով, թե ինչի համար է զղջում ամենից շատ։
Ծավալուն հարցազրույցի եզրափակիչ մասում նախկին նախագահին հարց է տրվել. «Հետ նայելով՝ ինչի՞ համար եք ամենից շատ զղջում»։
«Հավանաբար դա ամենաբարդ հարցն է։ Գիտեք, իմ բնավորության մեջ չկա այդքան շատ փորփրելու սովորությունը… Որովհետև դու խրվում ես այնտեղ, երբ հեռանում ես անցյալից… Կան հարցեր, որոնք… Իհարկե, քո փորձով և նոր գիտելիքներով հասկանում ես, որ կարելի էր այլ կերպ անել, նման հարցեր շատ կան»,- պատասխանել է Քոչարյանը։
Խնդրանքին՝ նշել ամենաէականը. «Այնտեղ, որտեղ համարում եք, որ սխալ էր, զղջում եք։ Հաստատ դուք ունեք նման բան, կիսվեք, շատ հետաքրքիր է։ Ինչի՞ համար եք ամենից շատ զղջում», նախկին նախագահն ասել է. «Դե, թերևս, ինձ հաջորդողի հարցը»։


















































